«Արցախի միջազգային ճանաչումն Արցախի իշխանության համար մնում է ուղենիշ, և Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ մեզ համար ընդունելի չէ». Արցախի նախագահի խոսնակ

«Արցախի ապագայի վերաբերյալ Արցախի իշխանությունը թե՛ ԱԺ մակարդակով, թե՛ նախագահի մակարդակով մի քանի անգամ անդրադարձել է՝ տարբեր քննարկումներում ու բանակցություններում տվյալ խնդրի շոշափման շրջանակներում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապաետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Ստեփանակերտը Բրյուսելում Շառլ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման վերաբերյալ և այդ հանդիպումից հետո Շ. Միշելի պաշտոնական հայտարարարությանը, որտեղ նա մասնավորապես ընդգծել է, որ երկու ղեկավարներին ասել է. «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:

Լուսինե Ավանեսյանը հիշեցրեց և մի քանի դրույթներ վկայակոչեց Արցախի նախագահի դեկտեմբերյան հայտարարությունից, ըստ որի՝ արցախահայության ինքնորոշման իրավունքը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ, և տվյալ հարցի հասցեատերն Արցախի ժողովուրդն է։

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը մնում է ուղենիշ Արցախի իշխանության համար, և Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ մեզ համար ընդունելի չէ։ Արցախի Հանրապետությունն այսօր ունի տարածքային ամբողջականության վերականգնման խնդիր։ Այդ հանդիպումներից ու քննարկումներից անկախ՝ Արցախի Հանրապետության իշխանությունն ունի իրավական հիմք, որով առաջնորդվում է՝ Արցախի անկախության հռչակագիրը և Մայր օրենքը։ Իհարկե, մենք այս հարցերի լուծմանը  հասնելու համար պետք է համագործակցենք մեր տեսակետները կիսող գործընկերների հետ»,- եզրափակեց Լուսինե Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Բրյուսելում տեղի է ունեցել Եվոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո Շառլ Միշելը հանդես է եկել հայտարարությամբ։

«Այսօր ընդունեցի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Սա այս ձևաչափով մեր երրորդ հանդիպումն էր։ Մենք կենտրոնացանք Հարավային Կովկասի իրավիճակի և երկու երկրների, ինչպես նաև ավելի լայն տարածաշրջանի հետ ԵՄ-ի հարաբերությունները զարգացնելու վրա։ Քննարկումն անկեղծ և արդյունավետ էր։ Մենք դիտարկեցինք հարցերի ողջ փաթեթը։ Մանրամասն քննարկել ենք հումանիտար հարցերը, այդ թվում՝ ականազերծման, պահվող անձանց ազատ արձակելու և անհետ կորած անձանց ճակատագիրը պարզելուն ուղղված ջանքերը»,- ասված է Միշելի հայտարարության մեջ։

ԵԽ նախագահը նաև ներկայացրել է արդյունքները, որոնց հասել են քննարկումների ժամանակ՝ ընդգծելով սահմանային հարցերը, հաղորդակցությունների բացման ոլորտները, ինչպես նաև խաղաղության պայմանագիրը, որտեղ նշել է, որ երկու ղեկավարներին ասել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»:

Տեսանյութեր

Լրահոս