Դատավոր Բիշարյանը հեռացավ խոհրդակցական սենյակ ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու. զոհված զինծառայողների ծնողները պահանջներ ներկայացրեցին

Վերաքննիչ քրեական դատարանում այս պահին քննում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանի ու փաստաբան, նախկին դատախազ Հակոբ Մարտիրոսյանի բողոքը։

Նիստը դռնբաց է, ներկա են մամուլի ներկայացուցիչներ ու զոհված զինծառայողների ծնողներ։

Հակոբ Մարտիրոսյանը դատավոր Կարեն Բիշարյանին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում։ Ինքնաբացարկի հիմքը ոչ օրինական հիմքով ձևավորված դատարանին է վերաբերում և այն հանգամանքին, որ դատավոր Բիշարյանը հայտնի է՝ որպես իշխանությունների կամքը կատարող դատավոր:

Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի գործերի մակագրման ավտոմատ համակարգը չէր գործում: Երկար քաշքշուկից հետո այն, ի վերջո, մայիսի 5-ից վերագործարկվեց, սակայն փաստացի գործերը շարունակվում են ձեռքով մակագրվել:

«Դուք պարտավոր էիք երաշխիքներ ներկայացնել, որ անկողմնակալ եք, ու սա Եվրոպական դատարանի պահանջն է, ինչը չի արվել»,- դիմելով դատախազ Բիշարյանին՝ ասաց Հակոբ Մարտիրոսյանը:

Դատախազներն առարկեցին միջնորդության դեմ:

Արծվիկ Մինասյանը նկատեց, որ նախորդ դատական նիստին դատախազները չէին եկել՝ պատճառաբանելով, որ ծանուցում չեն ստացել, իսկ այսօր եկել ու առարկում են դատավորին ինքնաբացարկ հայտնելու դեմ՝ առանց ներկա գտնվելու նախորդ նիստին:

Դատախազները նշեցին, որ իրենք ծանուցված չեն եղել, իսկ թե ինչու, կպարզի ծառայողական քննությունը:

Դատարանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ դիմող կողմը միջնորդությանը կցել էր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին ուղղված իրենց հարցումը:

Ընդմիջումից հետո իր ներկայացմամբ բոլոր ծնողների անունից զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատ Արսեն Ղուկասյանը հայտարարեց, որ պահանջում են, որ դատավորն ինքնաբացարկ հայտնի:

Դատավորը լսեց և այնուամենայնիվ, վերսկսեց դատական նիստը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի նախագահին ուղղված ծնողների հարցմանը: Կարդաց դատարանի աշխատակազմի պատասխանը: Դիմող կողմը հաստատեց՝ նույն պատասխանն է, սակայն նշեց, որ իրենք կցանկանան նաև հրապարակել իրենց հարցերը: Դատավորը թույլ տվեց:

Հարցման էությունն այն էր, որ դիմող կողմին թույլ տրվի հավաստիանալ, որ քրեական գործը դատավոր Կարեն Բիշարյանին մակագրվել է այբբենական հերթականության կարգով:

Արծվիկ Մինասյանը հավելեց՝ դատարանի նախագահի աշխատակազմի կողմից լիարժեք և պատշաճ պատասխան չեն ստացել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր՝ 17:00-ին:

Դատավորն արդեն դուրս էր եկել դատարանի դահլիճից, երբ նրան դիմեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը, ասաց՝ խոսք ունի դատավորին ասելու: Կարգադրիչները փորձեցին արգելել նրան, սակայն դատավոր Բիշարյանը լսել էր որդեկորույս մորը ու հետ եկավ ու ասաց՝ կլսի նրան:

Բավականին էմոցիոնալ խոսքը դատավորը լսեց մինչև վերջ, պատրաստակամորեն՝ չընդհատելով Լիդա Առուշանյանին, թեպետ կնոջ խոսքի հասցեատերն այնքան էլ ինքը չէր ըստ էության:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, Կարեն Բիշարյան, խոնարհվում եմ մեր նահատակների շիրիմների առաջ, որպես դատավոր՝ պարտավոր եմ իրականացնել արդարադատություն»,- ասաց դատավոր Բիշարյանը, թեպետ նրան ոչ ոք չէր լսում: Ծնողները միացան Լիդա Առուշանյանին: Տևական ժամանակ դատավորը չէր կարողանում հեռանալ խորհրդակցական սենյակ:

Նկատենք, որ մայիսի 17-ի նիստի հերթական հետաձգումից հետո որդեկորույս ծնողները փակել էին Վերաքննիչ դատարանի հարակից փողոցը` օբյեկտիվ քննություն ու պատշաճ ընթացակարգ պահանջելով իրենց բողոքի վերաբերյալ։ Նրանք պնդում էին՝ դատական նիստը պետք է ընթանա այնքան ժամանակ, քանի դեռ չի սպառվել առնվազն աշխատանքային օրը, մինչդեռ նիստը տևում էր 1-1.5 ժամ ու ավարտվում՝ կապված դատավորի՝ տվյալ ժամին մեկ այլ դատական նիստ ունենալու հանգամանքի հետ:

Հիշեցնենք, որ 2021 թ. հունիսին Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիրոսյանը Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել` պահանջելով քրեական գործ հարուցել նրա կողմից կատարված առերևույթ պետական դավաճանության փաստով` ՀՀ-ի թշնամի պետության օգտին գործողություններ կատարելու առերևույթ հանգամանքներով։

Ներկայացված հաղորդումը քննության առարկա չէր դարձել։ Դատախազությունը դրանից մի մասը` Շուշիի անկման և Արցախի հարավային ուղղությամբ կատարված իրադարձություններին վերաբերող հատվածը, առանձնացրել էր և ուղարկել ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ քրեական գործ հարուցելու, իսկ մյուս մասը ներկայացվել էր ՀՔԾ, հետագայում` Հակակոռուպցիոն կոմիտե գեներալ Մովսես Հակոբյանի կողմից ասուլիսում արված հայտարարությունների հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակում քննելու համար։

Դատախազության կողմից հաղորդմանը պատշաճ կարգով ընթացք չտալու հանգամանքը դիմումի դիմումատուները դիտարկել էին որպես անգործություն ու այդ հիմքով նոր բողոք ներկայացրել դատարան։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժել էր բողոքը, որից հետո դիմող կողմը Վերաքննիչ բողոք է ներկայացրել։

Տեսանյութեր

Լրահոս