Սպառողական ապրանքների շուկայում գնաճը շարունակել է խորանալ
Այլևս անիմաստ է ակնկալել, որ իշխանությունները որևէ լուրջ քայլ կանեն քաղաքացիների վրա թանկացումների ազդեցությունը մեղմելու և երկրում սոցիալական լարվածությունը թուլացնելու համար։ Սա պիտի նախկինում լիներ, որ Նիկոլ Փաշինյանը՝ կոկորդ պատռելով, իշխանություններին «սրի քաշեր»։
Երկու տարի է՝ Հայաստանը գտնվում է թանկացումների աննախադեպ բարձր ալիքի տակ, մարդիկ չեն կարողանում նվազագույն սոցիալական կարիքները բավարարել, ամեն օրվա հետ աղքատանում են, իսկ իշխանությունների պետքը չէ։ Չեն ուզում ընդունել, որ թանկացումները, որքան օբյեկտիվ, նույնքան իրենց սուբյեկտիվ գործողություններով են պայմանավորված։ Դրան նպաստել է իշխանությունների իրականացրած տնտեսական ու ոչ տնտեսական քաղաքականությունը։
Իբր գյուղատնտեսություն են զարգացնում, ծրագրեր են իրականացնում, գյուղատնտեսական վարկեր են սուբսիդավորում, որպեսզի արտադրության ծավալներն ավելացնեն, գյուղմթերքի ներքին պահանջարկը բավարարեն, շուկան ապահովեն մատչելի ապրանքներով։ Բայց արի ու տես, որ ամենաշատը թանկացել է գյումթերքը, մասնավորապես՝ բանջարեղենը։
Վերջին տվյալներով՝ բանջարեղենի գնաճը մեկ տարվա կտրվածքով հասնում է գրեթե 50 տոկոսի։
Ու դրա պատճառը ոչ թե դրսում է, այլ ներսում՝ իշխանությունների իրականացրած քաղաքականության մեջ։
Այդ քաղաքականությունը բերել է նրան, որ գյուղատնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ։ Արտադրության ծավալներն անընդհատ նվազում են։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա սկզբին գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 5,4 տոկոս։ Բայց դա չէ ամբողջական պատկերը։ Ամբողջական պատկերը, որն իր ազդեցությունն է ունեցել գների վրա, երևում է բուսաբուծության ցուցանիշների մեջ։
Այդքան ծրագրեր իրականացնելուց ու ֆինանսական միջոցներ ծախսելուց հետո, բուսաբուծության ոլորտում արտադրության ծավալները գրեթե 25 տոկոսով կրճատվել են։ Այսինքն՝ եթե անցած տարի 100 միավոր արտադրանք էր թողարկվել, այս տարի թողարկվել է 75 միավոր։
Այստեղ չկա ո՛չ երաշտի, և ո՛չ էլ սակավաջրության հետ կապված խնդիր. կամ ցանքատարածություններն են կրճատվել, կամ բերքատվությունն է ընկել։ Իսկ որ առավել հավանական է, եղել է թե՛ մեկը, և թե՛ մյուսը։
Բնական չէ, որ արտադրության ծավալների կրճատումը պիտի հանգեցնի նաև գների բարձրացման։ Առևտրի պարզագույն կանոն է՝ որքան առաջարկը կրճատվում է, այնքան գները բարձրանում են։ Այն, ինչ տեսնում ենք գյուղմթերքի, մասնավորապես՝ բուսաբուծության ոլորտում։
Թեև խնդիրը միայն բուսաբուծության ճյուղում չէ։ Անկումային է նաև անասնապահությունը։
Այս դեպքում անկման տեմպն ավելի փոքր է՝ 3,1 տոկոս, բայց նշանակություն չունի՝ անասնապահության ոլորտում ևս ունենք գների ոչ պակաս կտրուկ բարձրացումներ։
Տավարի միսը մեկ տարվա ընթացքում թանկացել է՝ ավելի քան 10, խոզինը՝ 20 տոկոսով։ Ձկան գինի բարձրացումն էլ հասնում է գրեթե 35-40 տոկոսի։
Եվ այսպես, բազմաթիվ ապրանքներ, որոնց թանկացումները թելադրված են իշխանությունների իրականացրած տնտեսական քաղաքականությունից։
Պահանջարկը չէ, որ հանգեցրել է դրանց գների բարձրացման։ Պահանջարկը մի բան էլ նվազել է, որովհետև կրճատվել է այն քաղաքացիների շրջանակը, ովքեր կարող են իրենց թույլ տալ ամիսը մեկ-երկու անգամ միս գնել։
Պահանջարկի կրճատումն էլ ունի իր պատճառները։ Մարդկանց եկամուտները չեն հասցնում գների հետևից։
Բացառապես պաշտոնական ցուցանիշների վրա հիմնված միայն մեկ օրինակ բերենք՝ համոզվելու համար։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, պետական հատվածում աշխատավարձերն ավելացել են 4,1 տոկոսով։ Նույն ժամանակահատվածում գները բարձրացել են 7 տոկոսով։
Գները 3,1 տոկոսային կետով ավելի արագ են աճել, քան այս մարդկանց աշխատավարձերը։
Եվ սա դեռ միջին գնաճն է։ Հայտնի է, որ գնաճը շատ ավելի ակտիվ է լայն սպառման ապրանքների շուկաներում։
Պարզ է, որ այս մարդկանց կամ նրանց մեծ մասի սոցիալական վիճակը վատացել է։ Խոսքը պետական հատվածում զբաղված գրեթե 210 հազար մարդու մասին է։ Իհարկե, նրանց մեջ կան նաև այնպիսիք, ովքեր միայն աշխատավարձի հույսին չեն, բայց հիմնական մասը հենց այդպիսին է։
Սա դեռ աշխատող քաղաքացիներն են, որոնք տուժել են աշխատավարձերի դիմաց գների ավելի արագ աճի պատճառով։ Իսկ որքան քաղաքացիներ կան, որոնք ընդհանրապես չեն աշխատում կամ եկամուտների որևէ աճ չունեն՝ նման բարձր գնաճի ու համատարած թանկացումների պայմաններում։
Ապրիլի տվյալներով, 12-ամսյա գնաճը Հայաստանում հասել է 8,4 տոկոսի։ Չնայած Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերին ու դրամավարկային քաղաքականության պայմանների կտրուկ խստացմանը, միայն վերջին մեկ ամսում գնաճի տեմպը ևս 1 տոկոսային կետով արագացել է։ Ու դա տեղի է ունեցել ազգային արժույթի ամրապնդման պայմաններում։
Հայտնի է, թե փոխարժեքներն ինչպիսի էական ազդեցություն ունեն գների վրա։
Բայց հերթական անգամ համոզվում ենք, որ այդ ազդեցությունն ավելի շատ արտահայտվում է, երբ տարադրամների նկատմամբ տեղի է ունենում ազգային արժույթի թուլացումը։ Դա անմիջապես արտահայտվում է բազմաթիվ ապրանքների գների բարձրացման տեսքով։ Սակայն, երբ ազգային արժույթն է արժեզրկվում, գներն այլևս նախկին արագությամբ չեն իջնում։ Այն, ինչ տեսանք դրամի վերջին շրջանի ամրապնդման ժամանակ։ Մի պահ դոլարի գինը հասել էր վերջին 7-8 տարիների պատմական մինիմումին՝ հավասարվելով ընդհուպ 440-445 դրամի։
Թվում էր, թե դա պիտի բերեր նաև ներմուծվող բազմաթիվ ապրանքների գների նվազման։
Սակայն այդ նվազումն այդպես էլ չերևաց։ Ընդհակառակը՝ ինչպես ցույց են տալիս պաշտոնական վիճակագրական ցուցանիշները, այդ պայմաններում սպառողական ապրանքների շուկայում գնաճը շարունակել է նույնիսկ խորանալ՝ հավելյալ սոցիալական խնդիրներ ստեղծելով հասարակության մեծ մասի համար։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ