«Արդյո՞ք ես ընդունում եմ այս քննադատությունը՝ ո՛չ, որովհետև դա անցնում է կարմիր գիծը». դեսպան Վիկտորինի ակնարկները

Այսօր Երևանի «Մարիոթ» հյուրանոցում ընթացող Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը խոսեց ատելության խոսքի մասին:

Դեսպանն ասաց, որ այն, ինչ իրեն անհանգստացնում է հիմա Հայաստանում, ատելության խոսքն է, երբ լսում է որոշակի մեկնաբանություններ, տեսնում է հրապարակումներ, ցնցվում է այն լեզվից, որն օգտագործվում է:

Ըստ նրա, այն նույնիսկ օգտագործվում է ինստիտուտներում, հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ՝ ԱԺ-ը:

«Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն և ես տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդ, ում կարող եք թիրախավորել, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը, և այնուհետև դա բարձրանում է մի մակարդակի, որտեղ ես ասում եմ՝ «լավ, արդյո՞ք ես ընդունում եմ այս քննադատությունը»․ ո՛չ, որովհետև դա անցնում է կարմիր գիծը: Երբ ինչ-որ մեկը մոտենում է ինձ ու ասում է, որ պետք է ինչ-որ բան անեք գենդերային հավասարության վերաբերյալ, պետք է աշխատեք կարիքավոր կանանց ուղղությամբ, ես ընդունում եմ դա և չեմ կրկնի այն, ինչ ինձ ասվում է, բայց ես ասում եմ՝ շատ լավ, ես ազատ եմ պատասխանելու, որովհետև ես չեմ տեսնում այնպիսի բան, որը պետք է համարեմ քննադատություն, և դա մի բան է, որը հիմնարար կարևորություն ունի: Միայն, եթե մենք բոլորս կարողանանք թե՛ միջազգային կազմակերպություններից, թե՛ կառավարության մարմիններից, թե՛ քաղհասարակության կողմից գտնել պատշաճ միջոց մեր փաստարկները և մեր հղումները ներկայացնելու, շատ ավելի հեշտ կլինի ասել, թե մենք ինչ չենք ուզում կամ ումից ենք ուզում ազատվել: Առանց որևէ փաստարկների՝ դա մնում է դատարկ խոսք:

Այն պահին, երբ ունեք առաջարկ, թե ինչպես բարելավել իրավիճակը, ինչպես բարելավել Կառավարության աշխատանքը, ինչպես քննարկել ԱԺ փոխխոսնակների հետ, դուք պետք է ձևակերպեք, թե ինչ եք դուք ուզում, այնուհետև պետք է ստուգեք իրականությունը և հնարավորությունները: Դրա համար, կարծում եմ, շատ կարևոր է, որպեսզի մենք լսենք միմյանց, երբեմն դա շատ դժվար է։ Գոռալը շատ հեշտ է, բայց մենք պետք է լսենք միմյանց և այնուհետև պետք է զարգանանք՝ որպես միջազգային հանրություն, որպես ՄԱԿ-ի ընտանիք, որպես ինստիտուտներ Հայաստանում, և տեսնել, թե ինչպես կարող ենք առաջընթաց գրանցել»,- ասաց դեսպանը՝ նշելով, որ ԵՄ-ն պատրաստակամ է:

Վիկտորինն ասաց, որ իրենք շատ ակտիվ են տարբեր բարեփոխումների ոլորտում: «Մենք այն մարմինն ենք, որը միշտ պաշտպանում է մարդու իրավունքները, որովհետև մենք ամեն տարի ունենում ենք մարդու իրավունքների երկխոսություն, և կրկին այս գործընթացն առանց քաղհասարակություն երբեք չի արվում»,- ասաց Անդրեա Վիկտորինը:

Տեսանյութեր

Լրահոս