
Եվրոպական ընկերությունները ՌԴ-ի գազի դիմաց պետք վճարեն բացառապես եվրոյով. Եվրահանձնաժողով

Եվրոպական ընկերությունները ռուսաստանյան բնական գազի դիմաց պետք վճարեն բացառապես եվրոյով: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Ֆրանս Թիմերմանսը:
Մեկնաբանելով ԶԼՄ-ների այն հաղորդագրությունները, որ եվրոպական մի շարք խոշոր գազային ընկերություններ հաշիվներ են բացել «Գազպրոմբանկ»-ում, որոնց միջոցով եվրոյով կատարվող վճարումները փոխարկվում են ռուսական ռուբլու, նա մայիսի 20-ին Էստոնիայի ERR հեռուստառադիոհեռարձակող ընկերությանն ասել է, որ «դա նորմալ չէ»: «Պայմանագրերը շատ հստակ են, պայմանագրերում խոսվում է եվրոյի եւ դոլարի մասին:
Դա նորմալ է, բայց ոչ ռուբլու: Այդ հնարքով, որը Պուտինը փորձում է օգտագործել, նա ջանում է արտարժույթով գործուն վիճակում պահել իր կենտրոնական բանկը, ինչը թույլատրված չէ պատժամիջոցներով»,-նշել է ԵՀ-ի փոխնախագահը: «Կենտրոնական բանկը (ՌԴ-ի) գտնվում է պատժամիջոցների ներքո, եւ ընկերությունները, պայմանագրերի համաձայն, պետք է վճարեն միայն եվրոյով: Դա ամրագրված է պայմանագրերում: Պուտինը պահանջում է պայմանագրերի խախտում»,-ասել է Թիմերմանսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: