«Պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել բացառապես օրենքներով նախատեսված դեպքերում». Դավիթ Հարությունյան

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում, առիթը բաց չթողնելով, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նախ հիշեցրեց, որ շաբաթվա ընթացքում ոստիկանության և ՊՆ ղեկավար կազմի հետ քննարկել են՝ եռամսյա հավաքներին ընդգրկեն «սպորտային և կադրային այն ներուժը, որը տեսնում են փողոցներում», որոնք իրենց ենթադրությամբ՝ հավանաբար դուրս են մնացել զորակոչային կամ եռամսյա հավաքների պրոցեսներից: Ապա նորից հղում անելով իր ենթադրություններին՝ Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, թե կարծում է՝ Ոստիկանությունն այդ տեղեկատվությունը պետք է փոխանցած լինի պաշտպանական գերատեսչությանը:

Հիշեցնենք, որ դեռ մայիս 4-ին, երբ նոր էին սկսվել անհնազանդության խաղաղ հավաքներն ու ակցիաները, Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել և կոչ արել ՀՀ իրավապահ մարմիններին: Իշխանական թևը ներկայացնող, հանրությանը քաջ հայտնի Անդրանիկ Քոչարյանը նախ՝ որպես իրազեկում հայտնել էր, թե «այս օրերին ՀՀ ոստիկանությունը պարբերաբար փողոցից բերման է ենթարկում հասարակական կարգը խախտած քաղաքացիներին, որոնց մի մասը, ենթադրաբար, եռամսյա վարժական հավաքներից և պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած կոնտինգենտն է», ապա ինքն իր գրածին հղում կատարելով՝ կոչ էր արել ՀՀ ոստիկանությանը և Ազգային անվտանգության ծառայությանը հավաքագրել նշված քաղաքացիների տվյալները և դրանք փոխանցել ՀՀ պաշտպանության նախարարությանը, որն էլ իր հերթին՝ կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով։ Հավելեմ, որ շուտով ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում տեղի կունենա այս թեմայով աշխատանքային քննարկում»։

Փաստորեն, քննարկումը չուշացավ, այսօր հանձնաժողովի նիստում պատգամավոր Քոչարյանը հայտարարեց՝ քանի որ սկսվել են մեր սահմանների պաշտպանության ուսուցման և մեր կարիքների բավարարման խնդիրների ծրագրերը, իր նշած քաղաքացիների տվյալների հանձնման գործընթացը պետք է արագացվի:

«Մենք տեսնում ենք, թե ինչպիսի սպորտային ակումբներից և այլ երկրներից տեղափոխվել են այստեղ և մեր երկրի սահմանների պաշտպանության խնդիրները լուծում են օպերայի հրապարակում, և շատ քաղաքական գործիչներ, որոնց զավակները ենթադրաբար նույնպես պետք է վերադառնան հայրենիք, վերադառնան տուն և մասնակից լինեն մեր կորւստների վերականգնմանը»: Հիշատակելով երեկ հանրահավաքի ժամանակ Հրանտ Բագրատյանի ելույթը, կոչ արեց բոլորի զավակներին, առնվազն Լոնդոնից վերադառնալ:

«Նաև ես գիտեմ, որ շատ քաղաքական գործիչների զավակներ լքել են հայրենիքը անհասկանալի պատճառներով, նաև իրենց պարտականությունները չկատարելով մեր երկրի առջև, օր առաջ թող գան և մեր զավակների հետ մեկտեղ՝ դառնան այդ խնդիրների լուծման մասնակիցը»:

Երկրի անվտանգության և պաշտպանության հարցերով զբաղվող խորհրդարանական հանձնաժողովի ղեկավարի այս հայտարարությունները սպառնալի՞ք են, արդյո՞ք մարդու իրավունքների ոտնահարում չէ: Այս և սահմանադրաիրավական թեմաներին վերաբերող մի շարք հարցերի սպառիչ պատասխանները ստանալու նպատակով 168.am դիմել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Դավիթ Հարությունյանին:

«Խաղաղ հավաքների ազատության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքներն ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ:

ՀՀ Սահմանադրությամբ սահմանվում է, որ անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:

Այսպիսով` պետական մարմինների կողմից անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել բացառապես օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքն ամրագրում է հավաքների հետ կապված ոստիկանության իրավասությունները, սակայն պետք է արձանագրել, որ Ոստիկանությունը խաղաղ հավաքի ընթացքում հավաքի մասնակիցների տվյալները հավաքագրելու և դրանք ՀՀ պաշտպանության նախարարություն փոխանցելու իրավասություն չունի, իսկ Սահմանադրության համաձայն՝ ոստիկանությունը իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Նաև նշեմ, որ հավաքների ազատությանն առնչվող ՀՀ օրենսդրությունը ընդհանրապես չի նախատեսում հավաքների մասնակիցների անձնական տվյալների հավաքագրմանն առնչվող դրույթներ:

Ուստի, ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նշված հայտարարությունը, ինչպես նաև քաղաքացիների անձնական տվյալները հավաքագրելուն ուղղված ոստիկանական գործողությունները ապօրինի են և խախտում են հավաքների ազատության և անձնական տվյալների պաշտպանության սահմանադրորեն երաշխավորված իրավունքները»:

Տեսանյութեր

Լրահոս