Ադրբեջանը լավ շահարկում է գերտերությունների հակասական շահերը, ու փորձում է վերջին հարվածը հասցնել հայկական պետականությանը. Մհեր Հարությունյան
Մայիսի 13-ին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Դուշանբեում Անկախ Պետությունների Համագործակցության ԱԳ նախարարների խորհրդի նիստում ելույթ է ունեցել և ասել, որ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ ստորագրել խաղաղության պայմանագիր և սկսել սահմանազատման գործընթացը։
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները ժամանակ առ ժամանակ խոսում են խաղաղության պայմանագրից, մինչդեռ ադրբեջանական կողմից սադրանքներ են իրականացվում սահմանին, Բաքվում դեռ պահվում են հայ ռազմագերիները, իսկ Ալիևն ու երկրի անպաշտոն դիվանագետները հայտարարում են, կարծես որպես նախազգուշացում, թե «Երևանն էլ է ադրբեջանական, Սևանն էլ»։
Առհասարակ «խաղաղության պայմանագիր» ստորագրելուց առաջ, արդյո՞ք Հայաստանի իշխանությունները չպետք է առաջ քաշեն նաև Արցախի խնդրի կարգավորման և Արցախի օկուպացրած տարածքների դեօկուպացիայի հարցերը։
168.am-ի հետ զրույցում Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դոցենտ, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար, պատմաբան Մհեր Հարությունյանն անդրադառնալով այս հարցերին՝ նախ նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ խաղաղության պայմանագրի մասին խոսում է ագրեսոր Ադրբեջանը, որը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ նվաճողական պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ և բռնագրավել Արցախի ինքնիշխան տարածքի ավելի քան 75 տոկոսը։
«Այդ պատերազմի հետևանքները մեզ համար միանշանակ ընդունելի չեն, և պետք է հասկանանք, որ ադրբեջանական կողմի այս շտապողականությունը կամ շահագրգռվածությունը հետապնդում է այն նպատակը, որ տարածքային նվաճումներն օրինականացնեն, որոնք ձեռք են բերել միջազգային իրավունքի կոպիտ խախտմամբ, սկսած ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ սկզբունքի ոտնահարումից, վերջացրած ռազմական հանցագործություններով և ցեղասպանության տարրեր պարունակող այլ գործողություններով։ Հետևաբար, այսօր հայկական օրակարգում պետք է լինի հանցագործ ադրբեջանական իշխանություններին միջազգային դատարաններում պատասխանատվության կանչելը և բոլոր հանցագործությունների համար իրավական պատասխանատվության ենթարկելը»,- նշեց Մհեր Հարությունյանը։
Ըստ պատմաբանի՝ քանի որ Ադրբեջանը հանցագործությունների, զավթողական քաղաքականության ճանապարհով նվաճել է Արցախի տարածքների մեծ մասը, հիմա փորձում է դրանք ամրագրել, նաև օգտվելով իր ռազմական ժամանակավոր գերազանցությունից։
«Խաղաղության պայմանագիրը համարում եմ այդ նույն ագրեսիայի շարունակությունը, կարծում եմ՝ այստեղ շատ լուրջ ասելիք պետք է ունենան Հայաստանի Հանրապետության ու Արցախի իշխանությունները, իրավապաշտպան կազմակերպությունները, այլ կերպ ասած՝ բոլոր հնարավոր լծակները պետք է գործի դնել, որպեսզի օրակարգ բերվի Ադրբեջանին իրավական պատասխանատվության կանչելու հարցը։ Ի դեպ, Ադրբեջանի այդ հանցագործությունները նորություն չեն, սկսած 1991 թվականից առ այսօր ադրբեջանական կողմը, արհամարհելով բոլոր միջազգային նորմերը, ոտնահարում է բոլոր պայմանավորվածությունները, սակայն կարողանում է քարոզչական, տեղեկատվական միջոցներով թողնել հակառակ տպավորություն։ Իհարկե, Ադրբեջանը նաև լավ շահարկում է գերտերությունների հակասական շահերը, նրանց նավթային, տնտեսական և այլ շահագրգռությունները, ու այս ամենի համադրմամբ փորձում է վերջին հարվածը հասցնել հայկական պետականությանը»,- հավելեց Մհեր Հարությունյանը։
Միաժամանակ Մհեր Հարությունյանն ընդգծեց, որ այսօր էլ կան մեծ հնարավորություններ Արցախի կարգավիճակի հարցը տարբեր ատյաններում բարձրացնելու, տարբեր խողովակներով հայկական կողմերի դիրքորոշումը տեղ հասցնելու համար։ Սակայն, ցավոք, աշխատանքներն անբավարար են կատարվում և գոհացուցիչ չեն։
«Ոչ միայն պատկան մարմիններն են իրենց գործառույթներում թերանում, այլև առանձին պաշտոնյաներ ու քաղաքական գործիչներ. գուցե ադրբեջանական քարոզչությամբ պայմանավորված՝ նրանք անում են այնպիսի անպատասխանատու հայտարարություններ, որոնք ավելի են թուլացնում մեր դիրքերը թե՛ բանակցային, թե՛ արտաքաղաքական գործընթացներում, իսկ ապագայում մեզ համար դրանք հերքելու լրացուցիչ խնդիրներ են հարուցելու: Այսօր մեր երկու հայկական պետություններին էլ անհրաժեշտ են համապատասխան ուղեղային կենտրոններ, որոնք բոլոր հարցերի շուրջ համապատասխան ուսումնասիրություններ կատարելով, համապատախան առաջարկներ պետք է ներկայացնեն, որպեսզի իշխանությունները դրանք հիմք ընդունելով՝ ձևավորեն իրենց քաղաքական հայտարարությունների բովանդակային մասը։ Մեզանում այսօր բովանդակային ու կարևոր հարցերը, կարծես թե, մղված են երկրորդ պլան, տեսնում ենք, թե ինչպիսի կեղծ օրակարգեր են շրջանառվում հանրային խոսույթում և հասարակական-քաղաքական քննարկումներում»,- եզրափակեց Մհեր Հարությունյանը։