«Չի կարելի այսքան սրի քաշվել ադրբեջանցու, թուրքի ձեռքով, հետո նորից հավատալ նրանց». Ներսես Շադունց
Ապրիլի 17-ից Երևանում ու Հայաստանի տարբեր մարզերում մեկնարկել են իշխանության և, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները։ Իսկ հետո, ինչպես հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները՝ մայիսի 1-ից փողոցային պայքարը մտավ էլ ավելի վճռական փուլ, ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակում տեղադրեցին վրաններ և սկսեցին հերթապահությամբ գիշերել այնտեղ, մինչև ուշ երեկո տարբեր միջոցառումներ, բաց քննարկումներ անցկացնել, դրանց զուգահեռ՝ Երևանի տարբեր հատվածներում, ինչպես նաև մարզերում իրականացնում են տարբեր բողոքի ակցիաներ, ավտոերթեր և հանրահավաքներ։
168.am-ի հետ զրույցում Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցն անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, նախ՝ որպես սյունեցի և սյունեցու ժառանգ, իրենց յուրահատուկ պարզաբանումը տվեց, թե դարեր շարունակ իրենք միշտ սիրել են ունենալ լավ զորավարներ, հմուտ սպարապետներ։
«Մենք Նժդեհի սերունդն ենք, ուզում ենք ունենալ ամուր, հզոր, ուժեղ ղեկավար։ Ես կողմնակից եմ ճիշտ քաղաքականությանը, ռազմավարությանը, կողմնակից եմ ամեն ինչ անել՝ հանուն ուժեղ Սյունիքի։ Եթե այսօր սյունեցիները, ժողովուրդը դուրս են եկել և պահանջում են, որ մենք հանուն Սյունիքի անվտանգության լինենք միասնական՝ իհարկե, ես սյունեցու կողքին եմ, միանում եմ այդ պայքարին»,- նշեց Ներսես Շադունցը։
Ըստ նրա, եթե այսօր հայությունը չհամախմբվի և չզսպի Ադրբեջանի ախորժակը, վաղը-մյուս օրը հայտարարելու է, որ Արարատյան դաշտավայրը, Երևանը ադրբեջանական են։
«Լինելով հայ՝ մեզանից յուրաքանչյուրը պետք է դասեր քաղի պատմությունից, չի կարելի այսքան սրի քաշվել ադրբեջանցու, թուրքի ձեռքով, հետո նորից հավատալ նրանց՝ սա արդեն միամտություն կլինի։ Ես երբեք չեմ հավատացել ու չեմ էլ հավատալու որևէ թուրքի՝ բացառվում է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հարցին՝ իրատեսակա՞ն է համարում, որ Հայաստանի ղեկավարի փոփոխության դեպքում հնարավոր կլինի Արցախում ու Հայաստանում ստեղծված իրավիճակի մեջ փոփոխություններ մտցնել, Ներսես Շադունցը հիշեցրեց 90-ականներից հետո Ադրբեջանում ստեղծված իրավիճակը։
«25-30 տարի առաջ Ադրբեջանը հայտնվել էր նույն մեր կարգավիճակում, մշտապես Այազ Մութալիբով, Էլչիբեյ, ղեկավարներին իրար հետևից փոխեցին այնքան, մինչև իրենք իրենց դաշտ բերեցին սովետական քաղաքականության դարբնոցում կոփված Հեյդար Ալիևին, որն այդ պարտությունը կրելով հանդերձ՝ աստիճանաբար ամեն ինչ հարթեցրեց, և վերջնական հաշվարկում եկան այն եզրակացության, որ իրենց այդ դպրոցը տարավ հաղթանակի։ Իհարկե, սա կրկին կախված էր մեզանից, մեր թուլությունից, մեր ոչ ճիշտ քաղաքականությունից։ Մեզանից յուրաքանչյուրն այստեղ ունի իր մեղքի բաժինը, մենք չպետք է թույլ տայինք, որ հասներ սրան։ Կարծում եմ՝ անփոխարինելի որևէ մարդ չկա, ինքս թողնելով Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ասել եմ, որ կարող են գտնվել մարդիկ, որոնք ինձանից լավ կաշխատեն։ Չգիտեմ, սա որքանով կհաջողվի իրենց, բայց չի բացառվում, չէ՞, որ կլինեն մարդիկ, որոնք ինձանից լավ կղեկավարեն, սա ո՛չ իմ հարցն է, ո՛չ իմ բարեկամի, մենք խոսում ենք հայրենիքի մասին։ Ես կոնկրետ Սյունիքի մասին եմ խոսում, իմ աչքով եմ տեսել, թե ինչ է կատարվում, ու ես երբեք չեմ ցանկանա որևէ ազգի, բացի մեր «հարևաններից», որ հայտնվեն մեր այս կարգավիճակում։ Մենք շատ ուժեղ, հզոր էինք, բայց մենք այդ ամենը չպահեցինք։ Այստեղ պետք է գնալ մեղքերի ակունքները, սովորել ու դասեր քաղել սխալներից»,- եզրափակեց Ներսես Շադունցը։