«Ադրբեջանը փորձում է ստանալ հնարավոր ամեն ինչ Հայաստանի բոլոր վայրերից, սա է նրա պետական քաղաքականությունը». Լավրենտի Միրզոյան

Այսօր Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, որ Բրյուսելյան հանդիպման արդյունքներով հայկական կողմը խաղաղության համաձայնագրի և սահմանազատման գործընթացի համար համաձայնություն է տվել։

Նա նշել է, որ խաղաղ բանակցությունները կանցկացվեն Ադրբեջանի 5 կետից բաղկացած առաջարկների հիման վրա։

Անդրադառնալով Տավուշի շրջանի գյուղերին  և Տիգրանաշենի «վերադարձի» հարցին՝ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալն ասել է, որ գործընթացն իրականացվելու է սահմանազատման գործընթացի պահանջներին համապատասխան։

«Այդ տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված հարցը կլուծվի ընթացող բանակցությունների արդյունքում: Հայաստանը երբեք չի կարողանա հայտարարել, որ այդ տարածքները «Ադրբեջանի տարածքը» (չակերտները՝ Tert.am) չեն։ Քանի որ այդ տարածքների «վերադարձն» (չակերտները՝ Tert.am) Ադրբեջանին պահանջում է սահմանազատման գործընթաց, հարցը կդիտարկվի հենց այս շրջանակում։ Կքննարկվի Ադրբեջանին այդ տարածքների «վերադարձը» (չակերտները՝ Tert.am) , և լուծում կգտնվի»,- ասել է Խալաֆովը:

168.am-ի հետ զրույցում «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, լեզվաբան, ակադեմիկոս Լավրենտի Միրզոյանն ադրբեջանական կողմի հերթական հայտարարության վերաբերյալ մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ, ի վերջո, պետք է պատմություն ուսումնասիրեն և հասկանան, որ իրենց նշած 7 գյուղերը պատմականորեն հայկական հողեր են։

«Ժամանակ առ ժամանակ շրջանառության մեջ են դնում այն, որ Տավուշի մարզի մի քանի բնակավայր պետք է հանձնվի Ադրբեջանին։ Իրենց այդ նշած բնակավայրերը պատմական հայկական տարածքներ են։ Հիմա քանի դեռ սահմանազատման գործընթացը չի սկսվել՝ Ադրբեջանը փորձում է ստանալ հնարավոր ամեն ինչ Հայաստանի բոլոր վայրերից, սա է Ադրբեջանի պետական քաղաքականությունը։ Հիմա որևէ մեկն Ադրբեջանին չի պատասխանում՝ այդ տարածքները հանձնո՞ւմ են, թե՞ չեն հանձնում, քանի դեռ չեն ստեղծել սահմանազատման հանձնաժողովը»,- նշեց Լավրենտի Միրզոյանը։

Ինչ վերաբերում է այդ գյուղերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի և իշխանական պատգամավոր Վահե Ղալումյանի այն հայտարարություններին, որ Տավուշում կան ադրբեջանական տարածքներ, Լավրենտի Միրզոյանը հիշեցրեց, որ ժամանակին նրանց այդ հայտարարություններին պատասխանել է։

«Բազմիցս ասել եմ, որ իրենց նշած այս «ադրբեջանական տարածքները» հայկական են, դրանք եղել են Ղազախ-Շամշադինի գավառի մեջ, Ուտյաց ու Գարդմանանց աշխարհի մի մասը։ Ժամանակին ադրբեջանցիները եկել են այդ տարածքներ և ամառներն արածեցրել են իրենց անասուններին։ Ամեն տարի մեկ գոմ, մեկ տուն կառուցելով՝ սկսել են հաստատվել այդ վայրերում։ Հայտարարությունները, թե այդ տարածքներն ադրբեջանական են, պետք է ունենան պատմական հիմք, ինչը չունեն։ Մարզպետարանը և Վահե Ղալումյանն այս հայտարարություններն անում են, որպեսզի հետագայում ասեն, թե՝ տեսեք, մենք որպես պաշտոնատար անձինք՝ այս մասին խոսել ենք»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Միաժամանակ նա ասաց, որ որպես «Տավուշ» հայրենակցական միության նախագահ, այս հայտարարություններով պայմանավորված՝ ունի մտահոգություններ, ավելին՝ բնակիչները վաղուց են ասել, որ այդ տարածքները չպետք է հայտնվեն Ադրբեջանի հսկողության տակ։

«Եթե այդ տարածքները հայտնվեն Ադրբեջանի հսկողության տակ, ապա Նոյեմբերյան, Իջևան ճանապարհը գտնվելու է թշնամու հիմնական հսկողության տակ, ինչը բնակիչների համար լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Ժամանակին հայտարարվեց, որ անվտանգությունից ելնելով՝ Տավուշում Իջևան-Գանձաքար-Իծաքար-Նավուր ճանապարհահատվածը պետք է վերակառուցեն, սակայն այդ աշխատանքները շատ դանդաղ են ընթանում։ Այդ ճանապարհն ունի ռազմավարական նշանակություն, դրա մասին պետք է լուրջ մտածեն»,- եզրափակեց Լավրենտի Միրզոյանը։

Տեսանյութեր

Լրահոս