Բաժիններ՝

ESO-ն հրապարակել է Երկրից 31 միլիոն լուսատարի հեռավորության վրա գտնվող գալակտիկայի նկար

Հետաքրքրաշարժ պարույր՝ իոնացված գազով. Հարավային կիսագնդի աստղագիտական ​​հետազոտությունների եվրոպական կազմակերպությունը հրապարակել է NGC 3627 գալակտիկայի տպավորիչ պատկերը Առյուծ համաստեղությունում, որը նաև հայտնի է՝ որպես Messier 66: Այն գտնվում է Երկրից մոտ 31 միլիոն լուսատարի հեռավորության վրա:

Պատկերն արվել է Multi-Unit Spectroscopic Explorer (MUSE) սպեկտրոսկոպիկ ընդունիչի միջոցով Չիլիում գտնվող ESO-ի Շատ մեծ աստղադիտակում:

Այս գալակտիկան պատկանում է պարուրաձև գալակտիկաների տեսակին. այն ունի պտտվող ճյուղեր, հստակ երևում են փոշու կառուցվածքները, և նկատելի է կենտրոնական խտացում։

ESO պատկերը լույսի տարբեր ալիքների երկարությունների վրա կատարված դիտարկումների արդյունք է։ Գալակտիկայի աստղերի փոխարեն, որոնք սովորաբար ցուցադրվում են նման լուսանկարներում, այս նկարը ցույց է տալիս նորածին աստղերի կողմից իոնացված գազը, որտեղ համապատասխանաբար կարմիր, կապույտ և նարնջագույն գույներով ընդգծված են ջրածինը, թթվածինը և ծծումբը:

Նկարն արվել է «Բարձր անկյունային լուծաչափի ֆիզիկան հարևան գալակտիկաներում» (PHANGS) նախագծի շրջանակներում: Նախագծի նպատակն է՝ ավելի լավ հասկանալ, թե ինչն է հրահրում, արագացնում կամ դանդաղեցնում նոր աստղերի ձևավորումը տարբեր միջավայրերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս