Ալեն Սիմոնյանը մտածում է Նիկոլ Փաշինյանին փոխարինելու մասին
Ալեն Սիմոնյանն ասում է, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա։ Նա չի ստում, որովհետև ինքը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ սովորական շոումեն, ում համար ճգնաժամ չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ հարկատուների հաշվին Բալի կամ իշխանության հաշվին հարստացողների հաշվին Հունաստան մեկնելու հնարավորություն կա։ Իրականում քաղաքական ճգնաժամ Հայաստանում կա և կա այն ժամանակվանից, երբ քաղաքականության տեղը զբաղեցվել է քաղաքական մեյմունությամբ։
Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ՝ ինչպես իրավիճակային, ընթացիկ, այնպես էլ ու առավել ևս՝ խորքային առումով։ Ընթացիկ հարթությունում ճգնաժամն արտահայտվում է առնվազն նրանով, որ խորհրդարանի երկու խմբակցությունները երկու շաբաթից ավելի փողոցում են և արդեն անցել են այն սահմանագիծը, որ կարող են որևէ պարագայում վերադառնալ Ազգային ժողով։ Այսինքն, եթե անգամ ընդդիմության պայքարը չավարտվի իշխանափոխությամբ, նրանք խորհրդարան չեն վերադառնա, ինչը եթե ոչ՝ ֆորմալ, ապա՝ բովանդակային առումով առաջացնելու է ճգնաժամ, որից իշխանության համար ամենացանկալի ելքը կարող է լինել հերթական արտահերթ ընտրությունը, ինչին, սակայն, ընդդիմությունն ըստ ամենայնի չի համաձայնի։
Իսկ խորքային առումով ճգնաժամն արտահայտվում է նրանով, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է Արցախի ու Հայաստանի հետ անել այն, ինչի համար որևէ մեկը նրան ոչ միայն պողպատյա, այլ անգամ թիթեղյա մանդատ չի տվել։
Ընդ որում, իրավիճակի նրբությունն ու վտանգավորությունն այն է, որ այդ ճգնաժամն ինքնին չի հանգուցալուծվելու, եթե անգամ այսօր փողոց դուրս եկած ընդդիմությունն անսպասելիորեն դադարեցնի պայքարը կամ նույնիսկ վերադառնա խորհրդարան։ ԱԺ վերադառնալու դեպքում այն ամբողջությամբ կհեղինակազրկվի և խաչ կքաշի իր քաղաքական կարիերայի վրա, ինչը պետք է որ այսօր ընդդիմադիր որոշումներ կայացնողները գիտակցեն։
Բայց եթե անգամ դա տեղի ունենա, եթե անգամ նրանք ոչ միայն վերադառնան խորհրդարան, այլ անդամագրվեն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը, միևնույն է՝ երկրում գոյություն ունեցող ճգնաժամը, որը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան քաղաքական է, որքան բարոյահոգեբանական և արժեքային, չի հաղթահարվելու։ Դրա համար անհրաժեշտ են խորքային քաղաքական լուծումներ, որոնք Նիկոլ Փաշինյանն ի վիճակի չէ ներկայացնելու այն պարզ պատճառով, որ իր իշխանությունն է ճգնաժամի աղբյուրը։
Հայաստանը պետք է հնարավորություն ստանա նոր էջ բացելու՝ գործող ընդդիմությամբ կամ առանց նրա։ Եթե դա չկարողանան անել գործող ընդդիմադիր ուժերը, փոխարինելու կգան նորերը։ Բայց սկզբունքային է այն, որ այս իրավիճակում պետությունն ու հասարակությունը չեն կարող շարունակել ապրել։
Պառլամենտական կառավարում ունեցող երկիրը, որի Ազգային ժողովի նախագահը խորհրդարանական երկու խմբակցությունների՝ երկու շաբաթ հրապարակում գտնվելու պայմաններում հայտարարում է քաղաքական ճգնաժամի բացակայության մասին, մեղմ ասած, չի կարող համարժեք ընկալվել ոչ քաղաքացիների, ոչ էլ աշխարհի կողմից։
Պետությունը, որի իբրև թե վերկուսակցական նախագահը որևէ կերպ չի արձագանքում, երբ իր նստավայրի դիմաց երկու օր շարունակ իր նախագահած երկրի ոստիկանությունը ինքնադատաստանի է ենթարկում այդ նույն երկրի քաղաքացիներին, շատ ավելի անհրապույր սուբստանցիայի մեջ է, քան ճգնաժամը։ Հետևաբար՝ պետության ու հասարակության համար ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը նախ քաղաքականությունը միմոսության դաշտից հետ վերադարձնելն է, ապա դրանով զբաղվողներին համապատասխան վայրեր ուղարկելը։ Թեկուզև՝ Բալի։
Հ.Գ. Չար լեզուներն ասում են, որ իրականում Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին հանգստացնելու նպատակով է նման հայտարարություններ անում։ Ստեղծված իրավիճակը նա դիտարկում է որպես հնարավորություն և այս օրերին զբաղված է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում գործող ԱԺ-ի կողմից իր՝ վարչապետ ընտրելու հետ կապված համաձայնություններ ձեռք բերելով։ Սիմոնյանը հույս ունի, որ կարող է ընդունելի դառնալ նաև այսօրվա ընդդիմության համար այն առումով, որ վերջինս գերնպատակ է համարում իշխանությունից Նիկոլ Փաշինյանի հեռացումը։
Հարություն Ավետիսյան