«Որպես ՀՀ քաղաքացի՝ 2020 թվականից ի վեր ուզում եմ երկրի առաջին դեմքը փոխվի, բայց ժողովուրդն այլ բան ընտրեց». Գևորգ Գորգիսյան

168.amը Հայաստանում իշխանության հրաժարականի պահանջով տեղի ունեցող բողոքի ակցիաների վերաբերյալ զրուցել է ՀՀ ԱԺ 6-րդ և 7-րդ գումարման պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին քարտուղար Գևորգ Գորգիսյանի հետ։

 – Պարոն Գորգիսյան, արդեն տևական ժամանակ է՝ Երևանում, ՀՀ տարբեր մարզերում տեղի են ունենում բողոքի ակցիաներ՝ իշխանության հրաժարականի պահանջով, ի՞նչ կարծիք ունեք ընթացող բողոքի ակցիաների վերաբերյալ, և հնարավո՞ր է՝ ԼՀԿ-ն ևս դուրս գա փողոց, միանա ակցիային, ինչպես դա արեցին 2018 թվականին։

– Այս ճանապարհով  չեմ կարծում, որ հնարավոր կլինի հասնել իշխանափոխության։ Եթե համեմատենք 2018 թվականի հետ, ապա այն ժամանակ կար պրոցես, երբ Սերժ Սարգսյանը պետք է դառնար վարչապետ, և հեղափոխության պրոցեսը՝ փողոց փակելն ու ամեն ինչը, միտված էին թույլ չտալու, որ նա կրկին դառնար վարչապետ։ Հիմա ընտրությունները եղել են անցած տարի, մենք պահանջում էինք Փաշինյանի հրաժարականը՝ հիմնավորելով, թե ինչու պետք է նա հրաժարական տա։ Փաշինյանը հրաժարական տվեց, և եղան ընտրություններ, ընտրվեց ԱԺ-ն՝ իր ընդդիմությամբ և իշխանությամբ, վերջ։ Հիմա այս իրավիճակում, ես չեմ տեսնում, որ հնարավոր է ինչ-որ կերպ՝ փողոց փակելով, հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, առավել ևս՝ ԱԺ-ով նոր վարչապետի ընտրության։ Գուցե նոր ընտրություննե՞ր, դա հասկանալի պահանջ կլիներ, բայց իրենց այսօրվա պահանջը նույնիսկ անհասկանալի է, այդ ամենի մեջ տրամաբանություն չկա։

– Պարոն Գորգիսյան, բողոքի ակցիաների հիմքում ընկած է այն, որ Նիկոլ Փաշինյանի օրոք կորսվել է Արցախի 75 տոկոսը, շուրջ 5 հազար զոհ է եղել, բազմաթիվ հաշմանդամներ, գերիներ, անհետ կորածներ, այստեղ տրամաբանություն չկա՞ նրա հրաժարականը պահանջելու համար։

– Այս ամենի մեղավորներին գտնելու  համար մենք առաջարկել էինք ստեղծել պարիտետային հանձնաժողով, բոլորը դեմ են եղել, այդ թվում՝ Հանրապետական կուսակցությունը, նաև Նիկոլ Փաշինյանը։ Հետո Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ստեղծել քննիչ հանձնաժողով, որտեղ կարող էին պարզել, թե ովքեր էին մեղավորները, սակայն այսօրվա ընդդիմությունը հրաժարվել է դրան մասնակցել։ Վստահ եմ՝ այդ ամենի մեջ իրենց մեղքի բաժինն էլ կա, դրա համար չէին ուզում մասնակցել։

– Ընդդիմությունը մատնանշում է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը, որտեղ տեղի ունեցավ որոշակի պրոցես, և հանրությունն այդպես էլ չիմացավ, թե հանձնաժողովն ինչ արդյունքներ է արձանագրել։

– Այստեղ ստում են, որովհետև մինչև զեկույցը ներկայացնելը կարևոր մի քանի  հայտարարություններ արվեցին, որոնք հիմնաքարային էին։ Իշխանությունը, որն այն ժամանակ ընդդիմություն էր և շատ էր քննադատում Սերժ Սարգսյանին ապրիլյան պատերազմում կորցրած տարածքների համար, և այլն, հստակ արձանագրեց, որ այն խնդիրները, որոնք շրջանառության մեջ էին դրվել, այդ թվում՝ բանակին հեղինակազրկելու, որ զենք չկար՝ միֆեր են եղել։ Բանակում եղել է այն ամենը, ինչ պետք էր, ինչ հնարավոր էր, որ այդ պահին լիներ, և մարդիկ հերոսաբար կռվել են։ Այսինքն՝ սա հստակ արձանագրվեց, սա հստակ բան էր, որը տրվեց հասարակությանը։ Շատ բաներ կար, որ գաղտնի էին, և չպետք է տային։ Ապրիլյան պատերազմից հետո և Պաշտպանության նախարարությունը, և Արցախի ՊԲ-ն համապատասխան զեկույցներ էին կազմել թերությունների մասին, բայց դրանք չեն հրապարակվել։ Հետևաբար՝ ինչ, այդ զեկույցները պիտի չկազմվեի՞ն։ Այստեղ գալիս է պետության ու պետականամետության պայքարը, մարդիկ ուզում են, որ եթե ինչ-որ բան գիտեն, անպայման դրա մասին գոռան, և այդ մարդիկ թքած ունեն՝ պետությանը դա օգո՞ւտ է, թե՞ վնաս։ Այստեղ գալիս է ֆունդամենտալ հարց՝ արմատական խնդիրներ, մարդիկ ուզում են իմանալ ու գոռա՞լ, թե՞ խնդիր լուծել։ Իրենք ուզում են գոռան, փողոցում գոռում են, թե իրենց ինչքան քաղաքացի է աջակցում՝ չգիտեմ։ Այո, այսօր քաղաքացիները կարիք ունեն ինչ-որ բանի, նրանք համաձայն չեն իշխանություների վարած քաղաքականության հետ, վախենում են կորցնել Արցախը, և նրանք ուզում են ինչ-որ կերպ իրենց բողոքն արտահայտեն։ Ցավոք, այսօր փողոցում առաջնորդող ուժերը մարդկանց նուրբ զգացմունքներն ի չարս են օգտագործում, ինչը ես չեմ կարող ոչ մի կերպ ընդունել։

– Պատերազմից հետո, երբ ԼՀԿ-ն խորհրդարանում էր, հայտարարում էր, որ Նիկոլ Փաշինյանն այլև չի կարող Արցախի հարցով բանակցել, հիմա…

– Իսկ Դուք գիտե՞ք ժողովրդավարությունը որն է, ժողովրդավարությունն այն է, երբ ժողովուրդն ընտրում է։ Այո, մենք դա ասում էինք, դա մեր կարծիքն էր, մոտեցումը։ Հետո գնացինք, դիմեցինք ՀՀ-ում իշխանության միակ աղբյուրին՝ ժողովրդին, ասացինք՝ ժողովուրդ ջան, մեր բոլոր փաստարկները, ծրագրերը լսել եք, հիմա ասեք։ Եվ այս ժողովուրդն ընտրեց, այսպես ասած՝ չարյաց փոքրագույնը, որովհետև տեսավ, թե ինչպես նույն Քոչարյանի, շատ կներեք բառիս համար՝ «տասովչիկները» իրենց պահում են ամենաթողության շորշոփի ներքո, ինչպես պահում էին նախկին իշխանության ժամանակ։ Մարդիկ վախեցան, ասացին՝  հազիվ ենք պրծել սրանցից, թողեք մեր Նիկոլը մնա, մի կերպ Արցախի հարցը կլուծի։ Այդ մարդն էլ պարզ ասել է, որ գալու է խաղաղության օրակարգով՝ պատերազմելու ռեսուրս այլևս չկա, բանակցություններով պետք է հասնել հնարավոր խաղաղության։ Ուղղակի այսօրվա ընդդիմությունը, որը փողոցում է՝ չգիտի, թե ինչ է ժողովրդավարությունը, որովհետև իրենք միշտ իշխանությունը խլել են ժողովրդից։ 1996 թվականից սկսած մենք երբեք չենք ունեցել ազատ ու արդար ընտրություններ։ Երևի միակ արդար ընտրությունը եղել է հեղափոխությունից հետո։ 2017 թվականին մենք որքան էլ ընդունեցինք ընտրության արդյունքները, ասացինք, որ ընտրատեղամասերում խախտումներ չի եղել, բայց տոտալ կաշառք է բաժանվել։ Այդ համակարգն էր ամբողջ խնդիրների արդյունքը, որն իրենք ստեղծել էին, բերել  ամբողջ խնդիրները, որոնք այսօր ունենք։ Իշխան Սաղաթելյանը թալանը Ռոբերտ Քոչարյանի՞ց է հետ բերելու, թե՞ Դաշնակցականներից։ Աբսուրդի կոմեդիայում ենք։

– Հավատո՞ւմ եք խաղաղության օրակարգին և իրատեսակա՞ն եք համարում, որ այդ օրակարգն իսկապես խաղաղություն է բերելու Հայաստանին ու Արցախին։

– Խաղաղության այլընտրանքը պատերազմն է, կա՛մ հայտարարում ենք, որ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երբեք չենք կարող ապրել խաղաղ, կա՛մ գնում ենք պատերազմի։ Եթե մենք ասում ենք, որ գնում ենք Արցախը հետ բերելու, պետք է հասկանանք, որ այսօր նման դիրքերում Հայաստանը չի կարող դա հետ բերել։ Եթե ասում ենք, որ բանակը պիտի ուժեղացնենք ու հետ բերենք, դա նշանակում է՝ բանակն ուժեղացնենք ու պատերազմով հետ բերենք, այսինքն՝ տրամաբանական շղթան այդպես է գնում։ Սա ասում է ընդդիմությունը, ճիշտ է, բառացի չի ասում, բայց ասում է՝ մենք Շուշին, Հադրութը պետք է հետ բերենք, այսինքն՝ բանակն ուժեղացնում ենք, պատերազմով հետ բերենք, ե՞րբ, անհասկանալի է, քանի որ նրանք 30 տարի ունեին բանակն ուժեղացնելու համար։

– Ասում եք՝ արդար ընտրություններ են եղել հեղափոխությունից հետո։ ԼՀԿ-ն  2021 թվականի արտահերթ ընտրություններում  ինչո՞ւ չանցավ խորհրդարան՝ ո՛չ նախկին էիք, ո՛չ ժողովուրդը Ձեզ համարում էր թալանչի։

– Ի վերջո, ընտրությունները վերածվեցին հետևյալ հարցի, մենք ասում էինք, որ եթե ուզում եք Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, ապա ի դեմս որոշ մարդկանց՝ չպետք է մտնեն ընտրապայքարի մեջ՝ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան։ Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը լիներ վարչապետ, չէր լինի այսպես մենիշխան, եթե իրենք չմասնակցեին, պայքարը երկբևեռ չէր դառնա։ Քոչարյան-Հանրապետական թևը մասնակցում էր հետևյալ կերպ, որ հեղափոխությունը սխալ է, մենք պետք է հետ գանք, որ ժողովուրդը լավ ապրի, իրենք մինչև հիմա չգիտեն՝ ինչ է ժողովրդավարությունը և պետական շահը։ Դրանով ինչ տեղի ունեցավ՝ ուժեղացվեց Նիկոլ Փաշինյանը, որովհետև մարդիկ մտածեցին՝ լավ է Նիկոլը, քան նրանք։ Այսինքն՝ պայքարը չեղավ դասական ընտրապայքար, այլ եղավ՝ կա՛մ հեղափոխությունը ճիշտ էր, կա՛մ հները հետ են գալիս։

– Մի պահ, եթե մոռանաք որ քաղաքական գործիչ եք, նախկին պատգամավոր, որպես ՀՀ շարքային քաղաքացի՝ ներկայիս իշխանությունը Ձեզ համար ընդունելի՞ է։

– Ինքս՝ որպես ՀՀ քաղաքացի, 2020 թվականից ի վեր ուզում եմ, որ մեր երկրի առաջին դեմքը փոխվի, բայց ժողովուրդն այլ բան ընտրեց։ Ես որպես ՀՀ քաղաքացի՝ կարող եմ համաձայն չլինել նրանց հետ, բայց եթե ես ուզում եմ նա փոխվի, չեմ ուզում հները գան, մեզ նոր բան է պետք։ Այսօրվա խնդիրները պետք է լուծենք նորովի, նոր մարդկանցով, նոր դեմքերով։

Տեսանյութեր

Լրահոս