«Դուք ձեզ հետ ոչ միայն ոչինչ չեք տանելու, այլև պիղծ անուն եք թողնելու ու Մելիք Ֆրանգուլի ճակատագիր». Գագիկ Գինոսյան
Արցախյան պատերազմի մասնակից, գիտնական, նժդեհական, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը 44-օրյա պատերազմի ժամանակ շատ հարազատ մարդկանց և ուսանողների է կորցրել, ասում է՝ այսօր հենց նրանք են իրեն հրամայում ապրել։
Ապրելու ուժը
Ինձ Հարութն է հրամայում, որովհետև ես իրավունք չունեմ տկար լինելու, որովհետև նա չի զոհվել, որ ես, առավել ևս՝ իր երեխաները, զավակները խոնարհ ապրեն թուրքի, ռուսի առաջ, ում առաջ ուզում է՝ լինի, դավաճանական իշխանության առաջ։ Ես իրավունք չունեմ տկար լինելու, որովհետև Հարութը զոհվել է, որպեսզի իր երեխաները հպարտ ապրեն, իր ազգն արժանապատիվ ապրի։ Այո, Դավիթ Ամալյանի որդին է հրամայում, մեր սկաուտ Գրիգոր Ղազարյանն է հրամայում, Սևակ Մնացականյանը, Մենուա Հովհաննիսյանն է հրամայում, իմ ուսանող Հարությունն է հրամայում, շատ մարդկանց անուններ կարող եմ տալ։
Ինքս ինչպե՞ս հանձնվեմ, որտե՞ղ հանձնվեմ, ո՞ւմ հանձնվեմ։ Երբ նոյեմբերի 9-ի այդ դավաճանական պայմանագիրը հրապարակվեց, Հարութի կինն այդ ժամանակ լացում էր ու ասում՝ այսօր Հարութը մեռավ, ոչ թե զոհվելու օրը, որովհետև հանուն ինչի որ Հարութը զոհվեց՝ դա սպանեցին, սպանեցին այն, հանուն ինչի տղերքը չկան։ Դրա համար մենք իրավունք չունենք հանձնվելու, մենք էլ կարող էինք Եռաբլուրում լինել, դա ավելի արժանապատիվ է, քան թե պարտված, տկարացած ապրելը։
Ես ուղղակի կարող եմ կոչ անել՝ հայի տեղն այստեղ է, վերադարձեք և թիկունք թիկունքի ազատվենք ապիկար իշխանությունից, պարտադրենք ազգային մտածելակերպ։
Ինքս անձնական մեծ ողբերգություն եմ ապրել, պատերազմի օրերին մայրս մահացավ, և ես նույնիսկ չկարողացա ներկա գտնվել նրա հուղարկավորությանը։ Նրան ամփոփեցին իմ ծննդավայր Ախալցխայում, որտեղից ես հիմա վտարված եմ։ Վրաց «բարեկամական» ղեկավարությունն ինձ հայտարարել է անցանկալի անձ և թույլ չեն տալիս գնալ իմ ծննդավայր։ Իրենք իմ մանկությունն են խլել և պետք է պատասխան տան, որովհետև դա հենց այնպես չի լինում։
Կեղծ խաղաղության քարոզիչը
Ով խոսում է թուրքի հետ խաղաղությունից, նա ավելի թուրք է, որովհետև ինքը վերացնում, տկարացնում է մեր ինքնապաշտպանական բնազդը, արդեն ոչ թե մեր կռվելու կամքը, այլ ինքնապաշտպանական բնազդը։ Վտանգավոր եզր չունեցող մտքեր, անվտանգություն, այստեղ է, որ պետք է Նժդեհ կարդալ, որ անգամ Հայ եկեղեցու կրոնը պետք է ինքնապաշտպանությունը լինի, և ինքնապաշտպանությունից պետք է ծնվի անվտանգությունը և ոչ թե՝ աղերսանքից, թուրքին քծնանքից, որ խաղաղություն լինի։ Խաղաղություն քարոզում է նա, ով Եռաբլուրում որևէ սուրբ շիրիմ չունի։ Խաղաղություն հիմա քարոզում է նա, ով թաքուն ինչ-որ օրերի անվտանգության ծառայության հովանու ներքո, լուսադեմին, որպեսզի մարդ չտեսնի, թաքուն մտնում է Եռաբլուր, ձևական՝ նկարվելու համար ծաղիկներ է դնում և փախնում։ Հայը չի կարող խաղաղություն քարոզել թուրքի հետ, անիմաստ է բարեկամություն քարոզել նրա հետ, ով եկել է քեզ սպանելու մտադրությամբ, ով եկել է քո հայրենիքը զավթելու մտադրությամբ։ Ով հորջորջում է այդ խաղաղությունը, նրան ասում եմ, որ եթե իր տան 10/9-ը խլեին, կշարունակեի՞ն քարոզել բարեկամություն, կասեր՝ արի խաղաղ ապրե՞նք։
Մարդը չի կարող իր որդուն սպանածի հետ բարեկամություն քարոզել։
Դուք ձեզ հետ ոչ միայն ոչինչ չեք տանելու, այլև պիղծ անուն եք թողնելու ու Մելիք Ֆրանգուլի ճակատագիր, մեր երեխաները ձեր գերեզմանին կեղտոտելու են, ինչպես մինչև հիմա՝ 300 տարի անց, կեղտոտում են Մելիք Ֆրանգուլի գերեզմանին։ Հանձնելու փորձերից առաջ մեկ-մեկ գնացեք Սյունիք, տեսեք Մելիք Ֆրանգուլի գերեզմանը և կողքը ձեզ տեղ պահեք, ձեր տեղն այնտեղ է, իսկ կեղտոտողներ հաստատ կգտնվեն։
Այսօրվա արժեհամակարգի մասին
Մեր ազգային արժեհամակարգը ո՛չ երբեք փոխվել է, ո՛չ էլ հեղհեղուկ է եղել, մենք այդ արժեհամակարգն անգամ Մաշտոցից առաջ ունեինք, և դա ես չեմ որոշել, Մաշտոցը չի որոշել, նա ընդամենը այբուբենն է տվել, բանաձևել է այդ արժեհամակարգին, և գոնե Մաշոտից սկսած՝ այդ արժեհամակարգը չի փոխվել։
Արժեհամակարգը երերուն է երերուն հոգեկերտվածք ունեցող մարդկանց համար, ազգային ինքնաճանաչ չեղած մարդկանց համար։ Ես այսպիսի աֆորիզմ ունեմ և պետք է խնդրեմ, որ հակաքրիստոնեություն չընկալել դա, այլ վեր քրիստոնեական գաղափար. «Դեպի Աստված տանող ճանապարհներից շատ ավելի բարդ է դեպի քեզ տանող ճանապարհը, և եթե դեպի Աստված տանող ճանապարհի վերջում ծնվում է հերթական հավատացյալը, ապա դեպի քեզ տանող ճանապարհը բարեհաջող եզրելուց ծնվում է Աստվածամարդը»։
Այդ Աստվածամարդիկ Մաշտոցի, Նարեկացու, Տաթևացու, Շիրակացու, Նժդեհի, Կոմիտասի, իրենք ավելի քան կերտել են ու հավերժական կոթողներ են, որոնք հնարավոր չէ քանդել։ Որտե՞ղ եք ուզում գտնել, այնտեղ, որ պետական պաշտոնյան հայտարարում է, որ Նժդեհը ֆաշիստական ուսմո՞ւնք է։ Ծիծաղելի է, ես ասում եմ, որ Նժդեհին ֆաշիստ կոչել, դա կարելի է կա՛մ տգիտությունից, կա՛մ տականք լինելուց։ 1919 թվականի Սյունիքի ինքնապաշտպանության ժամանակ հերթական հարձակման հրամանն արձակելուց ասում է, որ հարձակումից առաջ չպետք է մոռանա, թե թշնամին ինչպես վարվեց Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած 2 հազարից ավելի կանանց և երեխաների հետ։ Ասում է՝ չմոռանանք դա, և ավելի քան անխնա եղեք թշնամու նկատմամբ, բայց ավելի քան մարդ ու ասպետ մնացեք թշնամու կանանց, երեխաների և ծերունիների նկատմամբ։ Դուք երբևէ՝ Նժդեհին ֆաշիստ կոչողներդ, երբևէ թշնամու երեխաների, ծերունիների մասին մտածած կա՞ք։ Պարոնայք ֆաշիստ իշխանություն՝ սեփական ազգի նկատմամբ ֆաշիզմով բուրող, Նժդեհին ֆաշիստ կոչելուց առաջ հասկացեք, կարդացեք, եթե չեք ըմբռնի, գուցե օգնենք, բայց ամենամարդասեր մարդուն չի կարելի ֆաշիստ կոչել, որովհետև փորձում եք նրան ֆաշիստ կոչելով՝ սեփական տեսակը կոծկել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում