Կառավարության նիստում բոլորը լուռ հետևում են, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կեղծ տվյալներ հրապարակում
Կառավարությունն անցած նիստում հավանություն տվեց 2021թ. պետական բյուջեի կատարման հաշվետվությանը։ Ֆինանսների փոխնախարարը հրապարակեց որոշ ցուցանիշներ՝ բյուջեի կատարողականի վերաբերյալ։
Այնուհետև, սովորության համաձայն, իր մեկնաբանություններով հանդես եկավ Նիկոլ Փոշինյանը։
Այլ հարցերի թվում՝ նա անդրադարձավ նաև եկամտային հարկի մուտքերին։ Բերեց որոշ համեմատություններ, որոնք, սակայն, պաշտոնական տվյալների հետ ոչ մի աղերս չունեն։
«2021թ. բյուջեի կատարման համատեքստում ես ուզում եմ անդրադառնալ ևս մի թեմայի։ Մենք 2021 թվականին, 2018 թվականի համեմատ, 97 մլրդ դրամով ավել եկամտային հարկ ենք հավաքել։ Ընդ որում, այստեղ հաշվարկված չէ եկամտային հարկի վերադարձը։ 2021թ. մենք վերադարձրել ենք 31 մլրդ դրամից ավել եկամտային հարկ, 2018թ. վերադարձվել էր 5 մլրդ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Առաջին հայացքից անմեղ թվացող այս հայտարարության մեջ եկամտային հարկի մուտքերի վերաբերյալ վարչապետի հնչեցրած տվյալները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը։ Դրանում դժվար չէ համոզվել՝ թերթելով պաշտոնական վիճակագրությունն ու Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցուցանիշները։
Համաձայն դրանց, 2018թ. պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են 1 տրիլիոն 258 մլրդ դրամ։ Դրանից 356,6 միլիարդը եղել է եկամտային հարկը։ 2021թ. բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը կազմել են շուրջ 1 տրիլիոն 587 մլրդ դրամ, որից եկամտային հարկը եղել է 426,3 մլրդ դրամ։
Այլ կերպ՝ 2018թ. հավաքվել է 356,6 միլիարդի, 2021թ.՝ 426,3 մլրդ դրամի եկամտային հարկ։
Այս երկու թվերի տարբերությունը ոչ թե 97 միլիարդ է, ինչպես կառավարության նիստում մի քանի անգամ կրկնեց Նիկոլ Փաշինյանը, այլ շուրջ 70 մլրդ դրամ։ Այսինքն՝ եկամտային հարկի մուտքերը ոչ թե 97 միլիարդով, այլ 70 միլիարդով են ավելացել՝ 3 տարվա ընթացքում։
Նիկոլ Փաշինյանի հրապարակած ցուցանիշների ու պաշտոնական տվյալների շեղումը կազմում է առնվազն 27 մլրդ դրամ։ Եթե գոնե 1-2 միլիարդ լիներ, գուցե կարելի էր հասկանալ, բայց խոսքը 27 մլրդ դրամի մասին է։
Ու չնայած դրան, այդպես էլ կառավարության նիստում չգտնվեց մեկը, ով կհամարձակվեր կամ փորձ կաներ ուղղել Նիկոլ Փաշինյանին։ Այն էլ՝ մի քանի անգամ նույն կեղծ տվյալը կրկնելուց հետո։ Ձայն չհանեցին նաև Պետեկամուտների կոմիտեի նախագահն ու ֆինանսների փոխնախարարը։ Ու տպավորություն ստեղծվեց, թե գործ ունենք իրական տվյալների հետ։
Պարզ է, որ քչերը կբացեն պաշտոնական վիճակագրությունը՝ համոզվելու համար, թե ինչքանով են կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հրապարակած տվյալները համապատասխանում իրականությանը։ Այդպես էլ դրանք կտպավորվեն շատերի գիտակցության մեջ։ Մարդիկ չեն էլ մտածի, որ հերթական անգամ խաբել են իրենց։
Բայց սա, իհարկե, մեր կառավարության պարագայում նոր բան չէ։ Չորս տարի է՝ երկիրը ղեկավարում են հենց այս տրամաբանության մեջ, փորձում են ամեն կերպ խաբել ու խեղաթյուրել իրականությունը։ Զարմանալի չէ, որ չնայած համատարած թանկացումների ու բարձր գնաճի հետևանքով էապես սրվել են սոցիալական խնդիրները, ամեն անգամ Նիկոլ Փաշինյանն աշխատատեղերի ու աշխատավարձերի «ռեկորդներից» է խոսում։ Նպատակը, բնականաբար, մեկն է՝ համոզել հասարակությանը, որ վիճակը մեր երկրում այնքան էլ վատ չէ, ինչքան ներկայացվում է. ավելանում են աշխատատեղերն ու մարդկանց եկամուտները, նոր «ռեկորդներ» են գրանցվում։
«2022թ. մարտին աշխատատեղերի քանակով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: 2022թ. մարտ ամսվա տվյալները զիջում են միայն 2021թ. դեկտեմբերի տվյալներին: Մարտ ամսին ունեցել ենք 654.784 աշխատատեղ, որը 2021թ. մարտի համեմատ ավել է 32.622 աշխատատեղով կամ 5,3 տոկոսով, 2020թ. որպես ճգնաժամային տարի մենք չենք էլ համեմատում, համարելով, որ ցածր են ցուցանիշները, 2019թ. համեմատ ավելի են 70.714 աշխատատեղով կամ 12,1 տոկոսով: 2018թ. մարտի համեմատ՝ աշխատատեղերի քանակն ավել է 120.660-ով կամ 22,4 տոկոսով: Այսինքն՝ 2018թ. ի վեր մենք ունենեք 120.660 նոր արձանագրված աշխատատեղ:
Շատ կարևոր է նաև միջին աշխատավարձի ցուցանիշը:
2022թ. մարտի տվյալով, միջին ամսական աշխատավարձը կազմել է 243.607 դրամ, որը 2021թ. մարտի համեմատ ավել է 32.202 դրամով կամ 15,2 տոկոսով, 2019թ. համեմատ ավել է 59.730 դրամով կամ 32,4 տոկոսով, իսկ 2018թ. մարտի համեմատ ավել է 69.530 դրամով կամ 39,9 տոկոսով»,- աշխատատեղերի ու աշխատավարձերի «ռեկորդային» աճերի վերաբերյալ գրեթե ամեն ամիս կառավարության նիստերում այսպիսի հայտարարություններ է անում Նիկոլ Փաշինյանը: Դրանից, իհարկե, մարդկանց սոցիալական վիճակում բան չի փոխվում։ Հատկապես որ, հայտարարագրվող աշխատատեղերի ավելացումները շատ քիչ կապ ունեն նոր ստեղծվող աշխատատեղերի հետ։
Աշխատաշուկայի վերաբերյալ քիչ թե շատ իրական պատկերացում են տալիս ոչ թե հայտարարագրված աշխատատեղերը, այլ զբաղվածության ցուցանիշը։ Իսկ այդ ցուցանիշով, անցած տարվա ընթացքում մեր երկրում զբաղվածների քանակն ավելացել է ընդամենը 3-3,5 հազարով։
Ինչ վերաբերում է աշխատավարձերի ավելացմանը, ապա, եթե նույնիսկ այդպես է, միևնույն է՝ դա հարյուր-հազարավոր զբաղվածների հետ բացարձակ կապ չունի։
Մեր երկրում հայտարարագրված աշխատողների գրեթե կեսի եկամուտները ինչպես եղել, այնպես էլ մնացել են 100 հազար դրամի սահմաններում։ Ու երբ այդ պայմաններում համատարած գնաճ է արձանագրվում, իսկ առաջին անհրաժեշտության ապրանքներն ու հատկապես սննդամթերքը երբեմն անգամներով են թանկանում, ոչ մի նշանակություն չունի, որ մի քանի հազար դրամով կարող է և աշխատավարձ է բարձրացել։ Թեև շատերի դեպքում նույնիսկ այդ մի քանի հազարի աճն էլ չի եղել։
Տարվա վերջին կհրապարակվեն աղքատության ցուցանիշները, ու կտեսնենք, թե աշխատատեղերի ու աշխատավարձերի վերաբերյալ պարբերաբար հայտարարվող «ռեկորդներից» հետո, ինչպե՞ս է մեր երկրում փոխվել աղքատությունը։
Մինչ այդ, արդեն կան միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցվող նախնական գնահատականներ, ու դրանք բոլորովին էլ իշխանությունների օգտին չեն. սպասվում է աղքատության էական խորացում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ