Ո՞ւր է անհետացել Երասխում ամենաբարձր տեղադրված Հայաստանի եռագույնը

2021 թվականի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության 30-րդ ամյակի կապակցությամբ, Արարատի մարզի Երասխ համայնքում բարձրացվեց ամենամեծ դրոշը (դրոշի չափսերը` 6մ × 12մ, դրոշակաձողի բարձրությունը՝ 35մ):

Նախաձեռնության հեղինակ,Նիկոլ Փաշինյանի կուսակից և սանիկ, Վեդի խոշորացված համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո համայնքապետ ընտրված Գարիկ Սարգսյանը, որը ժողովրդին առավել հայտնի է «կոկորդիլոսագետ» մականվամբ, այդ մասին ժամանակին մեծ ոգևորությամբ հայտնեց նաև ֆեյսբուքյան իր էջում:

«Սեպտեմբերի 21-ին` ժ. 12։00-ին, Արարատի մարզի Երասխ համայնքում տեղի կունենա Հայաստանի Հանրապետությունում այս պահին եղած ամենամեծ եռագույնի բարձրացման հանդիսավոր արարողությունը։

(Դրոշի չափսերը` 6մ×12մ, դրոշակաձողի բարձրությունը՝ 35մ)

Նախաձեռնությունն իմն է, և այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին, ինչպես նաև նրա ազատության և ինքնիշխանության համար իրենց կյանքը զոհած բոլոր հերոս հայորդիների Սուրբ հիշատակին։

Խորին շնորհակալությունս եմ հայտնում այս նախաձեռնությանը միացած իմ բոլոր ընկերներին։

Կեցցե՛ Ազատությունը

Կեցցե՛ Անկախությունը

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը

Փա՛ռք կենդանի և ննջեցյալ մեր բոլոր հերոսներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Գարիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ վերջերս՝ մարտի 27-ին, Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով երկրորդ անգամ անցկացվեցին ավագանու արտահերթ ընտրություններ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր քվեների մեծամասնությունը, և կուսակցության առաջին համարը զբաղեցնող Գարիկ Սարգսյանը երկրորդ փորձից հետո նորընտիր ավագանու կողմից ընտրվեց Վեդի համայնքի ղեկավար։ Ինչո՞ւ «երկրորդ փորձից» հետո, որովհետև 2021թ. դեկտեմբերի 5-ին Վեդի խոշորացված համայնքում տեղի էին ունեցել ավագանու ընտրություններ, Գարիկ Սարգսյանը դարձյալգլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, սակայն այդ ժամանակ ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» ընդդիմադիր կուսակցությունը՝ 43,06%, «Քաղաքացիական պայմանագիրը» 38,21% էր ստացել: Քանի որ որևէ քաղաքական ուժ մեծամասնություն չուներ, իսկ կոալիցիա կազմել չստացվեց, որոշեցին գնալ նոր ընտրությունների:

Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց վաղաժամկետ դադարեցնել Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ, հունվարի 5-ին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նրա սանիկ Գարիկ Սարգսյանը նշանակվեց Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, որպեսզի իրագործեն իրենց նպատակը (ի դեպ, Վեդի համայնքապետարանի կայքում դեռ նա պաշտոնակատար է նշված):

Այսինքն՝ 2021թ. սեպտեմբերի 21-ին Երասխում դրոշի տեղադրման ակցիան Գարիկ Սարգսյանը զուտ քարոզչական նպատակով արեց, ապա ընտրություններից հետո այն հեռացրեց:

Գարիկ Սարգսյանին այլևս չի հետաքրքրում իր սեփական նախաձեռնությամբ բարձրացված ՀՀ դրոշը:

168.am-ն այսօր Երասխում ֆիքսել է դրոշակաձողն առանց Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշի:

Ո՞վ, ինչո՞ւ և ո՞ւմ հրահանգով է դրոշը հանվել Երասխից, բնականաբար՝ իշխանությունների:

Թերևս հիշում եք, այս տարվա մարտի 24-ի կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը Արցախի շուրջ տեղի ունեցող դեպքերին և Ադրբեջանի հետ պայմանավորվածություններին անդրադառնալով՝ ասել էր.

«Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»:

Այնպես որ, չի բացառվում, որ հենց այդ պայմանավորվածությունների շրջանակում հենց Փաշինյանը հրահանգած լինի՝ հեռացնել իր սանիկի կողմից տեղադրված ամենաբարձր դրոշը:

Ակնհայտ է, որ ՀՀ գործող իշխանությունը, անհասկանալի պատճառներով, լրջագույն վախ ունի ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի դրոշի նկատմամբ:

Նշենք, որ 2019 թվականին մաքսատուն այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանրության համար շոու ապահովելու համար նախ ուղիղ եթերում գոռգոռաց մաքսային ծառայողի վրա, հրահանգեց՝ նրան ազատել աշխատանքից, այն բանի համար, որ իբրև թե եռագույն դրոշը՝ ազգային խորհրդանիշը, փայտե ձողի վրա ամրացված հենած էր պատին:

Տեսանյութեր

Լրահոս