«Իշխանություններն Ադրբեջանի իրավական պարտավորությունների խախտումների մասին ոչ թե աղմուկ են բարձրացնում, այլ գովաբանում են հայ-ադրբեջանական երկխոսությունը և լեգտիմացնում են այն քաղաքական բանակցությունները, որտեղ գերիների խնդիրը չի հանգուցալուծվում». Սիրանուշ Սահակյան
168.am-ի զրուցակիցն է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
– Տիկին Սահակյան, դեռևս փետրվարի վերջին, մարտի սկզբին 44-օրյա պատերազմի հետևանքով բռնի անհետացած շուրջ 20 անձանց գործով դիմել էիք Եվրադատարան։ Այդ գործի վերաբերյալ որևէ նորություն, տեղաշարժ կա՞։
– Նախ՝ դրանից հետո ևս գործեր են ներկայացվել անհետ կորածների առնչությամբ։ Այս պահին թվաքանակը 41-ն է, բոլոր գործերը գրանցված են դատարանում, ծանուցումն ուղարկվել է կողմերին և հերթագրվել է քննության առարկա դառնալու նպատակով։ Եվ մենք, բնականաբար, պետք է որոշակի ժամանակ սպասենք՝ մինչև կոմունիկացիա կիրականացվի պատասխանող կառավարության՝ Ադրբեջանի իշխանությունների հետ։
– Վերջին շրջանում հանրության մոտ կարծիք է ձևավորվել, որ Հայաստանի իշխանություններն առհասարակ մոռացել են գերիների խնդրի մասին։ Պաշտոնական հանդիպումների ժամանակ հայկական կողմից այդ խնդիրը կա՛մ մասամբ բարձրացվում է, կա՛մ ոչ։ Իշխանության այս գործելաոճը որքանո՞վ է ձեզ՝ խնդրով զբաղվող իրավապաշտպաններիդ, խանգարում միջազգային ատյաններում խնդիրը բարձրաձայնել։ Կառավարության հետ համակցված աշխատանքն արդյո՞ք ավելի լավ արդյունք չէր տա։
– Նշեմ, որ գերիների հետ կապված երկու գործընթացներ իրականացրեց Կառավարությունը։ Մեկը՝ քաղաքական, ընդ որում՝ այդ խնդիրն իր արտացոլումը ստացավ նաև քաղաքական-իրավական փաստաթղթում, այդ եռակողմ հայտարարության մեջ։ Մյուս կողմից՝ Հայաստանը միջպետական գանգատներ ներկայացրեց Ադրբեջանի դեմ տարբեր հարթակներում՝ ՄԻԵԴ-ում և ՄԱԿ-ի միջազգային դատարանում, որտեղ բարձրաձայնեց նաև գերիների խնդիրը։ Այսպիսով՝ Եվրոպական դատարանում մինչ Կառավարության կողմից հարցի բարձրաձայնումը, մենք ունեցանք շատ դրական տեղաշարժ, երբ Եվրոպական դատարանն անհատական գանգատի հիման վրա առաջին անգամ կիրառեց անհապաղ միջոց և պահանջեց Ադրբեջանից անվտանգային միջոցառումներ կիրառել նրանց կյանքը, առողջությունն ապահովագրելու համար։ Եվ դատարանը, ըստ էության, ընդունեց, որ կյանքին սպառնացող վտանգներ են առկա հայ ռազմագերիների, գերիների համար՝ Ադրբեջանի հսկողության ներքո։
Հետագայում բարձրաձայնվեց նրանց անհապաղ ազատ արձակելու խնդիրը, որը Եվրոպական դատարանի կողմից չբավարարվեց այն հիմնավորմամբ, որ դատարանի իրավասության շրջանակից դուրս է։ Դատարանն ընդունեց, որ վերջնական դատական ակտով այդ հարցերին իրավասու է պատասխան տալ և ապօրինի ազատությունից զրկելու կամ ապօրինի դատապարտումների հետևանքով կարող է արձանագրել իրավունքների խախտում և անհապաղ ազատելու պահանջ ներկայացնել։ Բայց անհապաղ միջոցների կիրառման շրջանակներում հրաժարվեց կիրառել ազատ արձակումը։ Սակայն, միևնույն ժամանակ, դատարանը շատ իրարամերժ մոտեցումներ դրսևորեց քաղաքականապես զգայուն այլ խնդրով։ Օրինակ, Նավալնիի պարագայում նույն հիմնավորումներով չմերժեց նրան ազատ արձակելու պահանջը և բավարարեց։
Այս պարագայում Հայաստանի իշխանությունները ոչ թե փորձեցին բարձրաձայնել կրկնակի ստանդարտները մարդու իրավունքների պաշտպանության հարցում և սուր դիրքերից հանդես գալ Եվրոպայի խորհրդի կառույցների հետ հարաբերություններում, այլ դա որպես իրողություն ընդունելով՝ շարունակեցին գործընթացները։ Նաև միջպետական հայցի շրջանակներում այդ հարցը բարձրաձայնեցին ՄԱԿ-ի դատարանում։ Դա բարձրաձայնեցին ռասայական խտրականության բոլոր ձևերի կանխարգելման կոնվենցիայի համատեքստում և գերիների չհայրենադարձելը կապեցին դարձյալ ռասայական քաղաքականության հետ։ Կառավարության այս պահանջը մերժվեց և մերժվեց ՄԱԿ-ի դատարանի կողմից, որն ունի ավելի բարձր հեղինակություն, քան Եվրոպական դատարանը։
ՄԱԿ-ի դատարանի կողմից այս պահանջի մերժումն ի ցույց դրեց, որ գերիների կարճաժամկետ ժամանակահատվածում վերադարձը հնարավոր չէ իրավական ճանապարհով։ Վերջնական դատական ակտերով, բնականաբար, այս խնդիրը լուծվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, բայց Ադրբեջանի կառավարությունը տեղյակ է գործերի քննության ժամկետներին, ավելին՝ կբանեցնի իր ողջ գործիքակազմը՝ ժամկետների ձգձգումներ թույլ տալու նպատակով։
Այսպիսով՝ հարցը մնաց բացարձակ քաղաքական տիրույթում։ Եվ այս դիրքավորմամբ, Ադրբեջանը, քանի որ փակված է իրավական ճանապարհով խնդրի լուծման հեռանկարը կարճ ժամանակահատվածում, ավելի ազդեցիկ դիրքերից է հարաբերվում Հայաստանի իշխանությունների հետ, և ակամա գերիների վերադարձի հարցը մնաց քաղաքական տիրույթում, որտեղ Հայաստանին ներկայացվում են քաղաքական պահանջներ։ Եվ քանի դեռ այդ պահանջների բավարարումը չի տրվում կամ մասնակի է տրվում, այդ քաղաքական համատեքստում նրանք չեն հայրենադարձում հայ գերիներին։
Մյուս կողմից՝ գերիների խնդիրն ադրբեջանական կողմն օգտագործում է, որպեսզի իր հարաբերությունները լավացնի միջազգային կառույցների հետ և ստանա նրանցից որոշակի բավարարում, քանի որ այդ կառույցները կամ երկրները, որոնք միջամտում են գերիների հայրենադարձության խնդրին, և նրանց հեղինակությամբ կամ միջնորդությամբ տեղաշարժ է լինում, ապա այդ վերադարձի դիմաց Ադրբեջանը ստանում է որոշակի բավարարումներ նաև միջազգային կառույցներից։ Ուժեղացնում է իր տնտեսական, ֆինանսական կամ այլ համագործակցությունն այդ կառույցների հետ՝ բարձրացնելով նրանց հեղինակությունը։ Այս կոնտեքստում, կարծում եմ՝ կար տակտիկական նշանակություն՝ արդյո՞ք ՄԱԿ-ի դատարանում այդ հարցը պետք է բարձրաձայնվեր այս փուլում, եթե դրա բավարարման շանսերը բարձր չէին գնահատվելու։ Եվ դրա քաղաքական բացասական հետևանքներն ինչպե՞ս պետք է կոմպենսացվեր քաղաքական իշխանության կողմից։ Ստացվում է, որ ձեռնարկված քայլերի արդյունքում մենք այժմ գտնվում ենք ավելի վատթար իրավիճակում։
Եվ մյուս կողմից՝ երբ Հայաստանի իշխանությունները տեսնում են Ադրբեջանի կողմից իրենց առջև ստանձնած իրավական պարտավորությունների խախտումներ, որոնք նաև արտացոլված են քաղաքական փաստաթղթերում, ոչ թե աղմուկ են բարձրացնում և միջազգային հարթակում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու պահանջարկ ձևավորում, այլ փոխարենը՝ գովաբանում են հայ-ադրբեջանական երկխոսությունը և լեգտիմացնում են այն քաղաքական բանակցությունները, որտեղ գերիների խնդիրը չի հանգուցալուծվում։
Մեծ հաշվով, միջպետական գանգատների և անհատական գանգատների շրջանակում չեմ կարող ասել, որ կա սերտ համագործակցություն։ Համագործակցությունն այն մակարդակում է, որպեսզի բացառվեն կոնֆլիկտները կամ գործերի կրկնողությունները, բայց ես այդ համագործակցությունը կառուցողական չեմ գնահատում։ Բայց անգամ այդ պայմաններում նրանց գործողությունները չեն կարող վնասել մեր անհատական գործերի քննությանը, որովհետև մենք ինքնուրույն ենք փաստահավաքություն իրականացնում, ֆիքսում ենք ապացույցները և մենք անհատական գործերը բավականին ապահով ձևով ենք վարում։ Սակայն մեծ գործընթացի տեսանկյունից ցանկացած ձախողում, որ ունենում է կառավարությունը, ազդում է այս խնդրի լուծման վրա։
– Այս պահին գերեվարված անձանց թիվը որքա՞ն է։
– Գերեվարված անձանց մասով շրջանառվում են երկու թվեր։ Մեկն այն թիվն է, որը պաշտոնականացվել է նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ դա 38-ն է, և գերեվարվածների իրական, փաստացի թիվ, որը չի ընդունվում ադրբեջանցիների կողմից՝ 80-ն է։ Այս 80-ը չի ներառում հաստատված գերիներին։
Այսինքն՝ մենք ունենք 38 գերիներ, որոնց հաստատում է Ադրբեջանը, բայց ի հավելումն դրա՝ կան 80 գերեվարված անձինք, որոնց համար պատասխանատվություն չի ստանձնում Ադրբեջանի իշխանությունը։ Նրանք իրավական տեսանկյունից համարվում են բռնի անհետացած, քանի որ ապացույցները վկայում են այն մասին, որ նրանք ողջ, զենքը վայր դրած՝ հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո։ Սակայն նրանց ճակատագրի վերաբերյալ Ադրբեջանը հրաժարվում է որևէ տեղեկատվություն տրամադրել։ Եվ սրա հիման վրա մենք կարող ենք ասել, որ գերիների թիվը, բնականաբար, կեղծված են և չեն արտացոլում իրական պատկերը։
– Անհետ կորածների, գերիների ծնողները, հարազատներն առաջինը ձեզ են դիմում, երբեմն ծնողները, որոնք այս կամ այն տեսանյութում ճանաչում են իրենց որդուն, անմիջապես կապ են հաստատում ձեզ հետ։ Արդյո՞ք մինչև օրս շարունակում եք նրանցից դիմումներ ստանալ։
– Այո, մենք ծնողներից դեռևս դիմումներ ունենք, օրինակ, վերջին ամսվա ընթացքում նոր գործեր ենք ներկայացրել։ Եթե սկզբնական փուլում ապացույցները բավարար չեն եղել անհետ կորած կամ գերի համարելու տեսանկյունից, սակայն տևական ժամանակ անց, եթե որևէ ԴՆԹ համընկնում չկա, և որոնողական աշխատանքների արդյունքում չի հայտնաբերվում նաև դին վերջին հայտնի վայրում, ապա սա մեզ համար ձեռք է բերում նոր ապացուցողական նշանակություն, և մենք կարողանում ենք անհետ կորածների իրավունքների պաշտպանությամբ ևս գանգատներ ներկայացնել Եվրոպական դատարանին։