«Պետք է զինվենք, բոլորս ավտոմատ օգտագործել սովորենք, հասկանանք, որ հայրենիքից այն կողմ բան չկա»․ արցախցի կին

Շուրջ 1 շաբաթ է՝ Արցախի Հանրապետությունը զրկված է գազամատակարարումից։ Ինչպես տեղեկացրել էր Արցախի տարածքային կառավարման նախարարությունը, Հայաստան-Արցախ գազատարը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և հենց ադրբեջանական կողմը խոչընդոտում է վերանորոգման աշխատանքներ իրականացնել, նրանց հետ բանակցություններ են վարում ռուս խաղաղապահները։

168.am-ն այսօր զրուցել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիի նախկին բնակիչ, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի տնօրեն, այժմ Ստեփանակերտի լքված մի հյուրատանը ժամանակավոր ապաստան գտած Լաուրա Հովսեփյանի հետ։ Հյուրատանը ժամանակավոր կեցություն է հաստատել շուշեցի 6 ընտանիք: Վերջերս Ստեփանակերտ կատարած մեր այցի ժամանակ ծանոթացել էինք հյուրատան պայմանների առկա դժվարությունների հետ, բնական էր, որ գազամատակարարման խափանումը նոր դժվարություններ պետք է ստեղծած լիներ, ուստի տիկին Լաուրային հարցրեցինք, թե գազի անջատումից հետո լրացուցիչ դժվարություններ առաջացե՞լ են․

«Հեռախոսի կապը, ինտերնետը ժամանակ առ ժամանակ անջատվում է, հեռուստացույցի ալիքները անջատվում են, հիմա էլ գազը կտրեցին․․․ Բայց գազի վեաբերյալ սոցցանցերում քննարկումները որ կարդում եմ, ինձ համար մի քիչ չափազանցությունը շատ է, գուցե նրանից է, որ մենք այստեղ էլեկտրաէներգիա ենք օգտագործում։ Չնայած վերջերս լսեցի, որ բոլոր տեղերում ասել են՝ մի քիչ էլեկտրաէներգիայի էկոնոմիա անեն, մի քանի հիմնարկների ասել են, որ գրասենյակներում էլ աշխատանքն այդպես կազմակերպեն։

Այստեղի ժողովուրդը պինդ են, գիտե՞ք ոնց, որ Ֆեյսբուքում գրառումներն ընթերցում եմ, կողքից նայում եմ, քաոսային վիճակ եմ տեսնում, մտածում եմ, թե մարդիկ կարծում են՝ այստեղի ժողովուրդը թուլացած են։ Եթե ես Երևանում լինեի, ինձ կթվար, թե այստեղ թուլացած, սովից մեռնում են, չեն կարողանում, բայց էլի եմ ասում, մենք պի՛նդ ենք։ Հորեղբորս աղջիկը Թաղավարդ գյուղում է ապրում, որի մի մասը թշնամին օկուպացրել է, երեկ խոսեցի հետը, ասաց՝ պի՛նդ ենք, ոչ մի տեղ դուրս չենք գալու։ Քանի որ գյուղի ուղղությամբ կրակոցներ կան, ասացի՝ երեխեքին բերեք այստեղ, ասաց՝ չէ՛, մենք այստեղ ենք մնալու, թող թուրքերը դուրս գան, այդպես է վիճակը։ Ու նաև, որ միշտ ասում են՝ ղարաբաղցիք փախել են, ղարաբաղցիք չեն փախել, է, մեքենաները բերել են տների մոտ, ասել են՝ դուրս եկե՛ք, դուրս եկե՛ք, հենց սեպտեմբերի 27-ից սկսած, լինում էին դեպքեր, որ ստիպում էին, երևի մտածել էին՝ սաղին հանեին, որ երկիրը հանգիստ տային թուրքերին, հիմա այդ կարծիքին եմ»։

Տիկին Լաուրան պատմեց, որ 2-3 օր առաջ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում համերգ էին կազմակերպել, ասաց, որ միջոցառմանը զուգահեռ՝ թշնամու կրակոցի ձայներն էին լսվում․

«Մինչև համերգը սկսվելը գնացի Թաղավարդում գտնվող մատուռ, պատերազմի ավարտից հետո թուրքերը խփել էին նաև մատուռին, ավերակների մեջ մոմ վառեցի, էլի մոմեր էին վառվում, մարդիկ գնում են․ հետո սկսվեց կրակոցները․․․ 2 ժամ միջոցառումն արեցինք, դրան զուգահեռ՝ թշնամին կրակում էր։ Թուրքն այնքան մոտ էր, որ մեր երաժշտության ձայնը լսում էր․․․»։

Չնայած թշնամին գրեթե ամենօրյա ռեժիմով կրակ է բացում Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ, թիրախավորում է խաղաղ բնակչությանը, Նիկոլ Փաշինյանը որևէ գնահատական չի տալիս այդ ամենին, ավելին՝ խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, տիկին Լաուրան մեր այս դիտարկմանն այսպես արձագանքեց․

«Ընդհանրապես քաղաքական գործիչները մի բան ասում են, մեկ այլ բան՝ անում։ Նիկոլը եկել էր Արցախ ու ասել՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ, մի ուրիշ անգամ ասաց, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է։ Այսինքն՝ դրա ասելուն չպետք է նայենք։ Ափսո՛ս, շատ եմ ցավում, որ մեր իշխանությունն ու ժողովուրդը մի գծի վրա չեն, մի ուղղությամբ չեն նայում, համախմբված չեն։ Քոչարյանի, Սերժի ժամանակ մենք վստահում էինք ղեկավարությանը, վստահ էինք, որ ոչ մեկը չի կարող մտնել մեր հողը, ուժեղ բանակ ունենք, ուժեղ ենք, դե, եթե թույլ էինք, թող այն ժամանակ մտնեին, 2016 թվականի պատերազմը 4 օր չէր լինի, երկար կտևեր, ու սաղ հողերը կհանձնվեր, այնպես չէր, որ թուրքը մեզ խղճաց ու չուզեց գա վերցնի հողերը։ Վիճակն այսպես է, պետք է սաղ ժողովրդով, ազգով հասկանանք, զինվենք, բոլորս ավտոմատ օգտագործել սովորենք, հասկանանք, որ հայրենիքից այն կողմ բան չկա․․․»։

Իսկ զրույցի վերջում, կարծես նաև մեզ գոտեպնդելու համար, տիկին Լաուրան մեկ անգամ ևս շեշտեց, որ արցախցին ամուր կանգնած է իր հողի վրա, իսկ ստեղծված ծանր իրավիճակից միակ ելքը գաղափարի շուրջ համախմբվելն է․

«Այստեղ մարդիկ ձգտում են պինդ լինել, բայց էն, որ պետք է համախմբվենք, չտրվենք «Հաղթելու ենք»-ներին, այլ ուշադիր լինենք ու հաղթենք, խաբեության չտրվենք․․․»։

Տեսանյութեր

Լրահոս