«Տեսե՞լ եք այդ խայտառակությունը». Էդուարդ Շարմազանով

«Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով անձը ձեռքերը վաղուց լվացել է Արցախից, առհասարակ Արցախի հայկականությունից, կարգավիճակից, ինքնորոշման իրավունքից, անվտանգությունից, իր քայլերով սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգ: Դա և՛ դեմարկացիան է, և՛ դելիմիտացիան է, և՛ խաղաղասիրության քարոզն է, և՛ թուրքի՝ 41 կմ  Հայաստան մտնելն է ու դրա մասին ծպտուն չհանելն է, և՛ Սյունիքի հայկական բնակավայրերն ադրբեջանական անվանումով անվանելն է, և՛ նույնիսկ այս պահին որևէ գնահատական չտալն է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանն ասել էր, թե Արցախում իրադրության լարում կա, բայց գնահատական տալուց զերծ կմնա:

Շարմազանովի խոսքով՝ ՀՀ իշխանություններն Ադրբեջանի և Թուրքիայի լուռ օժանդակությամբ հարձակում են գործում ՀՀ-ում ազգային ուժերի վրա.

«Մոռացե՞լ եք՝ Գլխավոր շտաբը որ սրա հրաժարականը պահանջում էր, ովքե՞ր էին Նիկոլ Փաշինյանին պաշտպանում, ո՞ւմ հույսին էր մնացել՝ Թուրքիայի և Ադրբեջանի: Թուրքիան և Ադրբեջանն էին ասում, որ դա պետական հեղաշրջման փորձ է, մեկ էլ՝ նիկոլականները: Հիմա էլ, ինքը ձեռքերը լվացել է, թող ժողովուրդը տեսնի, դա իմ համար նոր չէ: Մի մարդ, որը ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», 1.5 տարի Արցախ չի գնացել, Արցախի ժողովուրդն այսօր հումանիտար աղետի առջև է կանգնած՝ 4-5 օր է՝ գազ չկա, ադրբեջանցիները կրակում են, բայց ինքը ձեռքերը լվացել է Արցախի անվտանգությունից: Ինքն ինչո՞ւ է փող ստանում, ես չեմ հասկանում, ինչո՞ւ է ինքը Հայաստանի վարչապետ, ինքը Էրմենիստանի վարչապետն է, ինքը Հայաստանը տանում է Էրմենիստանի: Ինքը անկեղծ է, չէ՞, ասել. Արցախը թողել է Ռուսաստանին, ինչ կլինի՝ կլինի, ասում է՝ դե, կրակում են, թող ռուս խաղաղապահները զբաղվեն:

Հասարակությանը ներարկում է, թե այնտեղ էլ ռուսներն են մեղավոր, ինքն ի՞նչ կապ ունի, թող ռուսները հարցերը լուծեն, Հայոց ցեղասպանությունն  ու Հայ դատը Սփյուռքի խնդիրն է, ինքն էլ գնում է, Մակրոնի հետ աննպատակ ջան-ջիգյար է անում»:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին Նիկոլ Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները կարևորել են Փարիզում «Հավակնություններ՝ Հայաստան-Ֆրանսիա» համաժողովի անցկացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

Էդուարդ Շարմազանովը նկատեց. «Տեսե՞լ եք այդ խայտառակությունը. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի նախագահի հետ ելույթ է ունենում, Արցախի մասին խոսում է, ասում է՝ խաղաղության դարաշրջան, տնտեսական ներդրումներ և ապաշրջափակում: Արա, բա որտե՞ղ են հիմնարար սկզբունքները, բա որտե՞ղ է ինքնորոշման իրավունքի իրացումը: Պարտությունն էլ է մարդու համար, բայց սա այս ազգին սարքել է իր նպատակը, երազանքը ուրացող ազգ: Կիպրոսում 1974թ. այս կողմ 44 տոկոսը թուրքերը գրավել են, բայց դուք կիպրացի չեք գտնի, որ ասի՝ դա Թուրքիա է, և ձեռքերը լվանա:

Այս մարդը մեզ մեր նպատակից հեռացրել է, մեկ անգամ պարտվել ես, պետք է խեղճ ապրես, վերջ, ինքը այդպես է անում: Տեսնենք՝ Անթալիայում ի՞նչ է խոսելու: Բա ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրի նախագահի հետ հանդիպմանը ո՛չ Արցախի կարգավիճակից ես խոսում, ո՛չ ինքնորոշման իրավունքից, ո՛չ թուրքական ժխտողականությունից, ո՛չ Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարից, ո՛չ Արցախի ժողովրդի անվտանգությունից, բա դու ինչացո՞ւ ես: Նույնն էլ՝ հիմա, ասում է՝ դե, ես չեմ շտապում գնահատականներ տալ: Իյա՜, էդ բոլորիս թալանչի-մալանչի, ինչ գնահատական ասես՝ տվեցիր, առանց որևէ դատական ակտի՝ ալամ-աշխարհին գնահատական տվեցիր, մատ էիր թափ տալիս, բա հիմա ինչո՞ւ գնահատական չես տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս