«Ничего личного, просто бизнес»… ինչպե՞ս «մեկուսացված» Սանասարյանը դարձավ «մոլորեցված» պաշտոնյա

Հոկտեմբերի 6-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր)՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի քրեական գործով հարցաքննվեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը: Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործի կամ, ինչպես հանրությանն է հայտնի, հեմոդիալիզի սարքավորումների քրեական գործի դատաքննության փուլում վկա Արսեն Թորոսյանի հարցաքննությունը, թերևս, ամենասպասված իրադարձությունն էր այս գործի շրջանակներում: Դավիթ Սանասարյանն անգամ ավելի քան մեկ տարի առաջ «անակնկալ հարցեր» էր խոստացել Արսեն Թորոսյանին: Բայց զուր էին և՛ հանրության սպասումները, և՛, գուցե ոգևորության պահին, ամբաստանյալ Սանասարյանի խոստումները:

Մոտ 4 ժամ տևած հարցաքննությունն անցավ ոչ թե անակնկալ հարցերի ու պատասխանների, այլ սիրո ու համերաշխության մթնոլորտում: Ամբաստանյալ Դավիթ Սանասարյանը ոչ մի անակնկալ հարց չտվեց վկա Թորոսյանին, ու թեև մեկ տարի առաջ Սանասարյանը հրապարակավ մեղադրել էր Թորոսյանին կեղծ ցուցմունք տալու համար, դատական նիստում դրա մասին ակնարկ անգամ չեղավ: Թորոսյանն էլ դատարանում տված ցուցմունքում պաշտպանեց Դավիթ Սանասարյանին, ասաց, թե Սանասարյանի աշխատակիցները իրեն մինչև վերջ մոլորեցրել են:

Ի պատասխան դատարանի հարցին՝ Թորոսյանը նշեց նաև, որ Սանասարյանի հետ այժմ շփում չունի, իսկ նախկինում ունեցել են ոչ միայն աշխատանքային հարաբերություններ:

«Այս պահին շփում չունենք, այդ գործի նախաքննությունից հետո վերջին անգամ հանդիպել ենք առերեսման ժամանակ: Մինչև դա ունեցել ենք ակտիվ աշխատանքային ու ոչ միայն, նաև անձնական շփում, նաև մինչև պաշտոն զբաղեցնելը»,- ասել էր Արսեն Թորոսյանը:

Նիստի ավարտից հետո էլ լրագրողի հետ զրույցում Սանասարյանը նշեց, թե Թորոսյանը դատարանում փոխել է իր նախաքննական ցուցմունքը, ապա շնորհակալություն հայտնեց Թորոսյանին, որ իրականությանը մոտ ցուցմունք է տվել դատարանում:

Հարց է ծագում, եթե վկա Թորոսյանը դատարանում փոխել է ցուցմունքը, և դատելով ամբաստանյալ Սանասարյանի լրագրողին տված պատասխանից՝ առերևույթ առկա են հակասություններ նախաքննական և դատաքննական ցուցմունքների միջև, այդ դեպքում ինչո՞ւ դատարանում ամբողջությամբ չհրապարակվեց նախաքննական ցուցմունքը: Այդուհանդերձ, կողմերը դժգոհություն չեն հայտնել:

Ու, թերևս, դա էր պատճառը, որ ամբաստանյալ Սանասարյանը դատական նիստի ընթացքում չհիշեց նախկինում տված խոստումը վկային անակնկալ հարցեր ուղղելու մասին:

Կողմերի փոխադարձ փոփոխության պատճառը, թերևս, կարելի է ենթադրել, հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո Դավիթ Սանասարյանի ընդգծված պրոիշխանական ակտիվությունն է: Ասվածը հիմնավորելու համար պարզապես վերհիշենք նախորդ երկու տարվա ընթացքում այս գործի շրջանակներում կատարված իրադարձությունները, Արսեն Թորոսյանի և Դավիթ Սանասարյանի միմյանց վերաբերյալ հնչեցրած հրապարակային հայտարարություններն ու հարցազրույցներում միմյանց տված գնահատականները:

Ամեն ինչ սկսվեց 2019թ. սկիզբին: Այդ ժամանակահատվածը հանրության համար նշանավորվեց «թավշյա» և «ոչ կոռուպցիոն» իշխանության անդամի՝ ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի՝ հնարավոր կոռուպցիոն գործարքում ներգրավված լինելու մասին ԱԱԾ հայտարարությամբ: Նախ 2019թ. փետրվարի 25-ին հայտնի դարձավ, որ ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք ձերբակալվել են: 3-օրյա լռությունից հետո ԱԱԾ-ն տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ ՊՎԾ պաշտոնյաները ձերբակալվել են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և կեղծիքներ կատարելու համար հարուցված գործի շրջանակներում: Բայց մինչ այդ, երբ դեռ չէր տարածվել ԱԱԾ հաղորդագրությունը, այսինքն՝ փետրվարի 28-ին, այն ժամանակ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում իր ղեկավարած կառույցի ձերբակալված աշխատակիցներին բնորոշեց՝ որպես «օրինակելի», և ԱԱԾ-ին կոչ արեց նախաքննության փուլում պահել գաղտնիությունը:

Նույն գործի շրջանակներում, արդեն 2019թ. ապրիլի 18-ին, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք առաջադրվեց, «թավշյա հեղափոխության» առանցքային դեմքերից մեկին՝ հենց այդ ժամանակ դեռևս ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին: Սանասարյանն ըստ էության մեղադրվում էր, որ լինելով ՊՎԾ ղեկավար, խմբային շահերից ելնելով՝ իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ի շահ իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության:

Սանասարյանն իրեն առաջադրված մեղադրանքը շինծու էր որակում, նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանն էլ վստահեցնում էր, թե Սանասարյանի վրա գործ է կարվում:

Քրեական գործի հարուցմանը հաջորդեցին մամուլում հրապարակումները, որ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձանցից մեկն այդ օրերին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է: 2019թ. մայիսի 3-ին լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանը նշել էր, թե ինքը ոչ մեկի դեմ ցուցմունք չի տվել:

«Երբ ես ասացի, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, այդտեղ ամենաառանցքային բառը «դեմ»-ն էր, այսինքն՝ «դեմ»: Գործով ընթացող իրավական պրոցեսներում ես ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն՝ ինձ տրվող հարցերին ի պատասխան, տվել եմ, և դա չի նշանակում, որ ինչ-որ մեկի դեմ է, ինչ-որ մեկի կողմ է, կամ ինչ-որ մեկի համար է: Ես գործի մանրամասներին ամբողջությամբ չեմ տիրապետում և չպետք է տիրապետեմ: Ավելին՝ կա նախաքննական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի…

Ես ենթադրություններով չեմ առաջնորդվում, ես առաջնորդվում եմ «Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով, որպես ՀՀ առողջապահության նախարար՝ չունեմ որևէ ընկեր, բարեկամ, հարազատ»,- ասել էր Արսեն Թորոսյանը:

2019թ. օգոստոսի 25-ին հայտնի դարձավ, որ ԱԱԾ-ն ավարտել է գործով նախաքննությունը:

Դրան հաջորդեց Դավիթ Սանասարյանի և իր պաշտպանների՝ հարուցված քրեական գործի վերաբերյալ հրավիրված ծավալուն մամուլի ասուլիսը (2019թ. հոկտեմբերի 2), որի ընթացքում Դավիթ Սանասարյանն ու իր պաշտպանները պնդում էին, թե «Նոր Հայաստանում որոշ տեղերից կազմակերպվեց շինծու մեղադրանքով քրեական գործ, որն աղերս չունի իրավական և օրինական լինելու հետ»:

Սանասարյանն այդ ասուլիսի ընթացքում հայտարարեց՝ «ինձ մեկուսացնելու շարժառիթներ են ունեցել»: Հարցին, թե ովքե՞ր են նման շարժառիթներ ունեցել, նա կտրուկ հակադարձեց. «Ակնհայտ է՝ ում եմ խանգարել. տարբեր մարդկանց կարող էի խանգարել, նաև պարոն Թորոսյանին, որովհետև ԱՆ-ում գնումների մասով մեծաթիվ ուսումնասիրություններ էինք նախաձեռնում»:

Հենց այս ասուլիսի ընթացքում Սանասարյանը համոզմունք հայտնեց, թե Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա, ու դա կեղծ ցուցմունք տալն է:

Նույն օրը լրագրողների հարցերին պատասխանելիս Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հակադարձեց Սանասարյանի հայտարարություններին, հայտարարելով, որ, եթե Սանասարյանն ասում է՝ իր դեմ կեղծ ցուցմունք է տվել, ապա կարելի է այդ ցուցմունքները ստուգել, և եթե պարզվի, որ կեղծ է, դրանց տան իրավական գնահատական:

«Իսկ անձնական դաշտ չէի ցանկանա մտնել, քանի որ, ի տարբերություն Սանասարյանի, ես իրեն չեմ կարեկցում, հակառակը՝ կարծում եմ, որ նա պետք է հետևություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»,- 2019թ. հոկտեմբերի 2-ին ասել էր Արսեն Թորոսյանը:

Քրեական գործը դատաքննության փուլ մտնելու սկզբնական օրերից սկսած Դավիթ Սանասարյանը տարբեր հարցազրույցներում նախ հայտնել էր, թե առերեսման ժամանակ Արսեն Թորոսյանը չի կարողացել նայել իր աչքերի մեջ (2020թ. փետրվարի 14), ապա խոստացել, որ երբ Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով հրավիրվի դատարան, անակնկալ հարցեր ունի նրան տալու (2020թ. օգոստոսի 10):

Մեկը մյուսին մեղադրող այս հայտարարություններից հետո նման շրջադարձի սերմերը կարծես թե տնկվեցին 44-օրյա պատերազմի ավարտից ամիսներ անց, երբ հայտարարվեց Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Տպավորություն է, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր Դավիթ Սանասարյանը, իրեն «մեկուսացնելու շարժառիթները» վերացել են, ու հիմա գործող իշխանությունն ունի Սանասարյանի կարիքը ու ամեն կերպ ցանկանում է օգտագործել նրա պոտենցիալը:

Դավիթ Սանասարյանը, որ նախկինում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ էր, իսկ 2018 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարել է, որ դուրս է գալիս կուսակցությունից ու միանում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, 2021-ի գարնան վերջին հիմնադրեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը և հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերաբերյալ հայտարարություն տարածեց: ԿԸՀ տրվյալների համաձայն՝ Սանասարյանի ղեկավարած կուսակցությունը ստացավ ընտրությանը մասնակցած քաղաքացիների 0.31 տոկոս վստահության քվեն:

Ընտրություններից հետո Սանասարյանի կյանքում սկսվեց նոր փուլ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խորհրդարան չանցած քաղաքական ուժերի հետ հանդիպումներ սկսելու մասին: Առաջին հանդիպումը կայացավ 2021թ. հուլիսի 9-ին, երկրորդը՝ 2021թ. հուլիսի 24-ին: Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումներին մշտապես մասնակցում էր Դավիթ Սանասարյանը, որի միտումը՝ ակտիվ դերակատարում ունենալ նաև Հայաստանի քաղաքական կյանքում, հստակ նկատվում էր:

Հաջորդ շեշտադրման արժանի հայտարարությունը լսվեց Արսեն Թորոսյանի՝ Սանասարյանի գործով որպես վկա դատարանում հարցաքննության օրվանից մի քանի օր առաջ: 2021թ. հոկտեմբերի 1-ին լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Սանասարյանը հայտնել էր, թե ինքը ներգրավված է լինելու 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմում:

«Ես ինքս ընդգրկվելու եմ 44-օրյա պատերազմը ուսումնասիրող, քննող հանձնաժողովի մեջ: Ես ինքս մասնակցելու եմ՝ որպես արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ: Այդպիսի որոշում կա կայացված, քաղաքական: Ես, Սամվել Բաբայանը և Նորայր Նորիկյանը, արտախորհրդարանական ուժերից մենք ենք ներկա լինելու և, մանրամասնորեն, չկա մեկը, որ կարա իմ առաջ դուռ փակի, որպեսզի չտամ հարցեր, որոնք որ պետք է տամ, ու պետք է իմանանք, թե ինչ է տեղի ունեցել: Իմ համար չկա որևիցե անձ, ով ավելի կարևոր է, քան պետությունը, պետության անվտանգությունը և այն երիտասարդները, որոնք իրենց կյանքը տվեցին պետության համար»,- ասել էր Դավիթ Սանասարյանը:

Ու այս դեպքերից հետո հոկտեմբերի 6-ին Արսեն Թորոսյանը վկայի կարգավիճակով եկավ դատարան ու Դավիթ Սանասարյանին իր ցուցմունքով ներկայացրեց՝ որպես մոլորյալ:

Ինչպես ասվում է «Կնքահայրը» ֆիլմում՝ «Ничего личного, просто бизнес»…

Տեսանյութեր

Լրահոս