Դավիթ Սանասարյանը՝ իր դեմ հարուցված քրեական գործի, վարչապետի հետ հանդիպումների և Արսեն Թորոսյանի ցուցմունքի մասին

«Նոր Հայաստանում որոշ տեղերից կազմակերպվեց նման շինծու մեղադրանքով քրեական գործը, որն աղերս չունի իրավական և օրինական լինելու հետ»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իր դեմ հարուցված քրեական գործին:

Ըստ նրա՝ մինչ քրեական գործ հարուցելը, ամիսներ շարունակ վարչապետին իր մասին սխալ ինֆորմացիա է զեկուցվել: Լրագրողների հարցին, թե ո՞ւմ կողմից՝ Սանասարյանը պատասխանեց. «Արդեն թոշակի գնացած մի պաշտոնյայի կողմից»:

«Ավելի քան 11 տարի ես կռիվ տամ հանցագործությունների դեմ՝ հանցավոր իշխանության դեմ, և այդ հանցավոր իշխանության սիմվոլները՝ Սերժ Սարգսյանից սկսած մինչև «ապերներ» ու «արշակներ», այսօր ազատության մեջ «թրև» են գալիս։ Բայց մարդ, ով իր ողջ գիտակցական կյանքում կռիվ է տվել այդ մարդկանց դեմ, այսօր այդ մարդու վերաբերյալ գործը դատախազության կողմից, ես կասեմ՝ հանցակցությամբ, հաստատվեց և ուղարկվեց դատարան»,- նշեց Սանասարյանը՝ հավելելով, որ մյուս կողմից՝ ուրախ է այդ որոշման համար, որովհետև կասեին՝ կոծկեցին կոռուպցիոների գործը:

Իսկ այժմ, ըստ նրա՝ կլինի բաց դատական գործընթաց, և նա հույս ունի, որ ՔԿ-ում քննվող հեմոդիալիզի պարագաների վերաբերյալ Վերահսկողության ծառայության կողմից տրված տեղեկանքի արդյունքում իրավական ընթացքը կհասնի իր տրամաբանական ավարտին:

168.amի հարցին, թե ինչո՞ւ են հենց իր դեմ տրվել սխալ ինֆոմացիաներ, նա պատասխանեց. «Ես տարբեր ենթադրություններ կարող եմ անել. ինձ մեկուսացնելու շարժառիթ են ունեցել»:

Հարցին էլ, թե ովքե՞ր են նման շարժառիթներ ունեցել, նա այսպես արձագանքեց. «Ակնհայտ է՝ ում եմ խանգարել. տարբեր մարդկանց կարող էի խանգարել, նաև պարոն Թորոսյանին, որովհետև ԱՆ-ում գնումների մասով մեծաթիվ ուսումնասիրություններ էինք նախաձեռնում»:

Ի դեպ, Դ. Սանասարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը տեղեկացրեց, որ Սանասարյանի դեմ եղել է նաև Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ցուցմունքը.

«Առողջապահության նախարար Թորոսյանն ասում է, որ 2018 թ. վերջերին ունեցել եմ  հեռախոսազրույց Դ. Սանասարյանի հետ, որի ընթացքում պարոն Սանասարյանին հայտնել եմ, որ տենդերի մասնակցել է մի ընկերություն, որը կապված է ՊՎԾ-ի աշխատակիցների հետ, այդ ընկերությունը շատ լավ գնային առաջարկ է ներկայացրել և օրենքի տառին համապատասխան հաղթել է, բայց փաստաթղթերի հետ ոնց որ խնդիր կա, և իբր պարոն Սանասարյանը ճշտումներ անելուց հետո ասել է, որ որևէ խնդիր փաստաթղթերի հետ չկա»:

Դավիթ Սանասարյանը համոզմունք հայտնեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գործողություններում հանցակազմ կա, և ըստ նրա՝ դա կեղծ ցուցմունքն տալն է.

«Ես իրեն կառավարական կապով հստակ ասել եմ, որ իմ աշխատողն իրավունք չունի մասնակցելու տենդերին»:

Արդյո՞ք վարչապետի հետ նոր հանդիպում ունեցել է Դավիթ Սանասարյանը, և  արդյո՞ք հայտնել է Արսեն Թորոսյանի ցուցմունքների մասին՝ մեր հարցին ի պատասխան՝ նա նշեց, որ չի հանդիպել, բայց մի քանի անդրադարձ կատարեց մինչ այդ եղած հանդիպումներին.

«4 անգամից ավել վարչապետին կոնկրետ գրավոր գրել եմ, որ, եթե կա անվստահություն, առանց որևէ վայրկյան մտածելու՝ ես ինքս կհրաժարվեմ, դուրս կգամ: Պարոն վարչապետը նշել է, որ նման խնդիր չկա, կա ցուցմունք, քո դեմ քրգործ է հարուցված, գործի ավարտից հետո կհասկանանք»:

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք կվերականգնվի պաշտոնին՝ նա նշեց, որ նման որոշում կայացնելը դատարանի լիազորությունն է:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ և չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս