«Ի տարբերություն Սանասարյանի, ես իրեն չեմ կարեկցում՝ պետք է հետևություններ անի վերջին կես տարվա գործողություններից». Արսեն Թորոսյան

«Այս ամենի մասին բազմիցս խոսել եմ փետրվար ամսին, երբ գործընթացները նոր էին սկսվում և հայտնել եմ այն, ինչը կարող եմ ասել հիմա: Ինձ հայտնի տեղեկատվությունը ներկայացրել եմ համապատասխան մարմնին, որպեսզի նրանք տան իրավական գնահատական: Նման գնահատական տալու լիազորություն և ցանկություն ես չունեմ, այսինքն, եթե գործում կա որևէ հիմք ինչ-որ մեկին մեղադրանք առաջադրելու կամ մեղադրանքը հանելու, ապա դրանով զբաղվում են համապատասխան մարմինները: Ես չեմ ուզում մտնել այդ քրեադատավարական գործընթացների մեջ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Դավիթ Սանասարյանի այն հայտարարությանը, որ իր դեմ կեղծ ցուցմունք է տվել:

Նրա կարծիքով, եթե Սանասարյանն ասում է որ իր դեմ կեղծ ցուցմունք է տվել, ապա կարելի է այդ ցուցմունքները ստուգել և եթե պարզվի, որ կեղծ է, դրանց տան իրավական գնահատական:

Ինչ վերաբերում է Սանասարյանի այն հայտարարությանը, որ այնպիսի տպավորություն ունի, որ Ադյանի և Թորոսյանի ցուցմունքը գրվել է նույն սենյակում, Արսեն Թորոսյանն ասաց, որ անձամբ Ադյանին չի ճանաչում, նրան երբևէ չի տեսել և տեղյակ չէ, թե ինչ ցուցմունք է տվել:

«Որքանով տեղյակ եմ նախաքննության ընթացքում արգելված է ցուցմունքների մասին տարբեր անձանց  տեղեկացնել, այդ կերպ նաև այս դեպքում: Չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը: Եթե ես տեղեկատվությունը ներկայացրել եմ համապատասխան մարմնին, ապա դրանք ապացուցելու բեռն իրավապահ մարմինների վրա է, այլ ոչ թե իմ: Նորմալ գործընթաց է, երբ իրավական պրոցեսի ընթացքում տեղեկատվությունը բազմակողմանի ստուգվի»,-շեշտեց նա:

Նա նաև տեղեկացրեց, որ իր և Սանասարյանի միջև առերեսում եղել է:

Խոսելով Սանասարյանի մեկ այլ բնորոշման մասին, որ իրեն կարեկցում է և իր գործողությւոններում հանցակազմ կա, Արսեն Թորոսյանը նկատեց՝ եթե մարդը կարծում է, որ որևէ մեկի գործողություններում հանցակազմ կա, ապա կարող է դիմել համապատասխան մարմիններին՝ տվյալ անձի արարքին գնահատական տալու համար:

«Իսկ անձնական դաշտ չէի ցանկանա մտնել, քանի որ ի տարբերություն Սանասարյանի, ես իրեն չեմ կարեկցում, հակառակը՝ կարծում եմ, որ նա պետք հետևություններ անի վերջին առնվազն կես տարվա գործողություններից՝ իր ապագան պլանավորելու գործում»,- ընդգծեց Արսեն Թորոսյանը:

Թե ինչ հետևությունների մասին է խոսքը, նա չմանրամասնեց, նշելով, որ երբեմն խորհրդավոր հայտարարություններն էլ են օգնում:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս