«Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ մահախոսական կարդալ». Դավիթ Սանասարյանը հրաժարական չի տա
«Այս երկու օրը որոշները հասցրեցին ինձ մահախոսական կարդալ, բայց ես ասեմ հետևյալը՝ գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու՝ Հայաստանի ազատության, անկախության ու զարգացման համար կռիվ եմ տալու, թող անգամ երազում չպատկերացնեն»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով ՊՎԾ աշխատակիցների ձերբակալմանը։
Հարցին՝ դուք տեղյա՞կ եք եղել կոռուպցիոն գործարքի մասին, Սանասարյանը հարցով պատասխանեց. «Դուք հիմա ուզում եք, որ հաղորդում տամ հանցագործության մասին իմ վերաբերյա՞լ։ Նման բան չի կարող լինել»։
Ըստ նրա՝ ձերբակալված Սամվել Այդյանն ու Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են, իսկ նրանց մեղքը պետք է ապացուցվի. «Ես ԱԱԾ իմ գործընկերներին կոչ եմ անում, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը, և որևիցե մուտիլովկաների դեմքով, մուտիլովկաներով հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաները»:
Դ.Սանասարյանը հայտարարեց, որ շարունակելու են ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան, իսկ թե ինչպե՞ս են փոխկապակցված «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ ՊՎԾ ձերբակալված աշխատակիցները, հորդորեց հարցը տալ իրավապահներին:
Վանաձորի ԲԿ-ի ղեկավարին Սանասարյանը մեղադրեց սուտ խոսելու մեջ։
168.am-ի հարցին՝ շահերի բախում չկա՞ նրանում, որ 2 եղբայրներ՝ Սամվել և Դավիթ Ադյանները, աշխատում են նույն կառույցում, ՊՎԾ վարչությունների պետեր են, Դ.Սանասարյանը պատասխանեց, որ նրանք հորեղբոր տղաներ են, օրենքի խախտում չկա, խնդիր կարող էր լինել, եթե մեկը մյուսի ենթական լիներ, սակայն այս պարագայում նրանց գործառույթները որևէ ձևով չեն խաչվում։
ՊՎԾ պետը չի պատրաստվում հրաժարական տալ, եթե իր աշխատակիցների մեղքն ապացուցվի։ Ըստ Սանասարյանի՝ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Առաջադրված մեղադրանքը լուրջ ինչ-որ կոռուպցիոն սկանդալի մասին չի, ես ինքս կարծում եմ, որ կարգապահական վարույթի խնդիր կարող է լինել»։
Մանրամասները՝ տեսանյութում