Մենք չենք տերը մեր երկրի
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը այսօր հայտարարել է, որ ադրբեջանական ոստիկանության գործողությունները միտված են իրանական կողմին: «Եթե շատ խորը նայենք, դա կարող է կապված լինել Նախիջևանից Իրան գնացող բեռների ինչ-որ բարդույթների հետ: Բայց ես չեմ ուզում քննարկել. իրենք կանգնեցնում են իրենց տնօրինման տակ գտնվող ճանապարհահատվածում իրանական բեռնատար մեքենաները, գումար են պահանջում, շատ դեպքերում՝ գումարը վերցնում են, կամ գումարի մասին պայմանավորվածություն են ձեռք բերում, որ հաջորդ անգամ կվերցնեն: Դրանք ապօրինի գործողություններ են ըստ իս, որևէ ձևով մինչև հիմա չեն առնչվել հայկական տրանսպորտային միջոցներին և մարդատար փոխադրամիջոցներին»,- ասել է նա:
Սա Գորիս-Կապան ավտոճանապարհն ադրբեջանցիների կողմից փաստացի զավթելու հետ կապված՝ իշխանությունների կողմից հնչող միակ նույնաբովանդակ հայտարարությունը չէ։ Մոտավորապես նույն բանը նախօրեին ասել էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ Ազգային ժողովում հայտարարելով․ «2020-ի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների և բեռների տարանցման համար: Ենթադրում եմ՝ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաև օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը, թերևս, ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ»։
Իսկ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ՝ անդրադառնալով ադրբեջանական ոստիկանության կողմից իրանցի վարորդներին ձերբակալելու մասին հարցին, ընդհանրապես ասել էր, որ դա ՀՀ իշխանությունների իրավասությունից դուրս հարց է։ Այս և նույնիմաստ մի շարք այլ հայտարարությունները բավական վտանգավոր ենթատեքստեր ու տողատակեր են պարունակում։
Նախ՝ Հայաստանի իշխանությունը՝ ամենաբարձր մակարդակից մինչև իշխանական ամենատարբեր դեմքեր, բանավոր կերպով ՀՀ ինքնիշխան տարածքի այդ հատվածը հռչակում է որպես ադրբեջանական՝ ի սկզբանե բացառելով, որ իրադարձությունների զարգացման որևէ սցենարի դեպքում ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի այդ հատվածը կվերադառնա ՀՀ ինքնիշխանության ներքո։
Այսինքն՝ բանավոր կերպով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները հայկական այդ տարածքները նվիրաբերում են Ադրբեջանին՝ հղումներ անելով ամենաանհեթեթ քարտեզների ու փաստաթղթերի։ Այս հայտարարությունների մյուս վտանգավոր ուղերձն այն է, որ Հայաստանի իշխանությունները հերթական կարևորագույն ու ռազմավարական խնդրի վերաբերյալ ցուցաբերելով իրենց ամենաբնորոշ հատկությունը՝ մանր «շուստրիությունը», փորձում են հակադրել Ադրբեջանին ու Իրանին՝ այդպիսով վտանգելով Հայաստանի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող ու վերջին տարիներին խիստ վատթարացած հայ-իրանական հարաբերությունները։
Ընդ որում, ամենևին բացառված չէ, որ այս լատենտ հակաիրանականությունը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան իրավիճակային մոտեցում է, որքան շատ ավելի մեծ աշխարհաքաղաքական գործընթացի մաս։
Ավելի պարզ ասած, ՀՀ իշխանությունները, հնարավոր է՝ իրենց մասնակցությունն են ունենում հակաիրանական գործընթացի, որ շահառուների ցանկը շատ երկար կարող է լինել՝ սկսած նույն Ադրբեջանից, վերջացրած Թուրքիայով ու արևմտյան կենտրոններով։
Անկախ նրանից՝ ինչ իրական մոտիվացիաներ են ընկած նման հայտարարությունների հիմքում, դրանց բովանդակությունն ուղղակի նողկալի է պետական արժանապատվության ու ինքնիշխանության տեսանկյունից․ ՀՀ իշխանությունն ուղիղ տեքստով Իրանին ասում է՝ դուք, ձեր վարորդները և Ադրբեջանը, ձեր հարցերը լուծեք Ադրբեջանի հետ, մենք մեր ճանապարհը կառուցողականորեն տրամադրել ենք Ադրբեջանին և որևէ իրավասություն ու անելիք չունենք այդ հարցում։
Այսինքն՝ Հայաստանի իշխանությունն իր հարևան ու դաշնակից երկրին ասում է՝ առնվազն Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում Հայաստանի պետություն այլևս չկա։
Պետության վերացման գործընթացը շարունակվում է։
Հարություն Ավետիսյան