Գրիգի «Հիսուսի կատուն» ընդգրկվել է HOTLIST մրցույթի տարվա տասը ընտրված գրքերի շարքում
Արձակագիր Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուի գերմաներեն թարգմանությունը ներառվել է գերմանական HOTLIST անկախ հրատարակիչների մրցույթի տարվա տասը ընտրված գրքերի շարքում:
Գրողն իր «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում գրել է, որ սկզբում 179 գրքից HOTLIST-ի հոգաբարձուների խորհուրդն ընտրել է 30 գիրք, որից հետո քվեարկության և ժյուրիի որոշմամբ ձևավորվել է տարվա գրքերի տասնյակը:
Գրիգը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր քվեարկել են, ժյուրիի անդամներին և կազմակերպիչներին, գրքի թարգմանիչներ Վիեբկէ Զոլմանին և Անահիտ Ավագյանին՝ ընտիր թարգմանության և սրտացավ վերաբերմունքի համար:
«Շնորհակալ եմ «Գյոթե» կենտրոնին, որովհետև ժողովածուի առաջին պատմվածքն առաջին անգամ գերմաներեն է թարգմանվել կենտրոնի գրական թարգմանչական ծրագրերից մեկի շրջանակում, և ընդհանրապես, «Գյոթե» կենտրոնն ինձ համար լավ ծանոթությունների և նոր ընկերներ գտնելու հնարավորություն ընձեռեց: Շնորհակալ եմ Նազարեթ Սեֆերյանին «Հիսուսի կատուն» գրքի անգլերեն հիասքանչ թարգմանության համար. այն իր ուրույն դերն ունեցավ գիրքը գերմաներեն թարգմանելու որոշման վրա: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Amalia և Werner van Gent-ներին և շվեյցարական Kolchis հրատարակչությանը: Շնորհակալ եմ իմ հրատարակիչ «Անտարեսի» ամբողջ թիմին` Արքմենիկ Նիկողոսյանի և Արմեն Մարտիրոսյանի գլխավորությամբ: Եվ, իհարկե, շնորհակալ եմ Գուրգեն Խանջյանին, ես միշտ շնորհակալ եմ Գուրգեն Խանջյանին, և կապ չունի կա առիթ, թե չէ»,- նշել է գրողը՝ լավ օր մաղթելով բոլորին: