Դրամի գինը. ինչու է լռում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը

Վերջին մեկ-մեկուկես ամսում դրամը մտել է արժևորման փուլ։ Այդ ընթացքում ազգային արժույթը հասցրել է ուժեղանալ մեր արժութային շուկայում պահանջարկ ունեցող բոլոր հիմնական արժույթների նկատմամբ։ Խոսքը ինչպես դոլարի, այնպես էլ եվրոյի ու ռուսական ռուբլու մասին է։

Եթե այս տարվա հունիսի մինչև կեսերը ամերիկյան արժույթի փոխարժեքը տատանվում էր 520 դրամի սահմաններում, ապա հիմա վաճառքի գինը 480 դրամ է, երբեմն ավելի ցածր։ Առքը՝ չի գերազանցում 486 դրամը։

Վերջին 1-1,5 ամսվա ընթացքում ամերիկյան արժույթի գինը իջել է գրեթե 40 նիշով։ Դոլարի նկատմամբ դրամի արժևորումը հասնում է 7-8 տոկոսի։

Եվրոն այս ընթացքում էժանացել է 55-60 կետով։ Վերջին օրերին եվրոպական արժույթի փոխարժեքը տատանվում է 560-570 դրամի միջակայքում։
Նվազել է նաև ռուբլու գինը։

Մինչև արժութային շուկայի վերջին զարգացումները ռուսական արժույթի փոխարժեքը հասնում էր 7,1 դրամի։ Հիմա 6,5-6,6 դրամի սահմաններում է։ Սա, իհարկե, նաև ռուսական շուկայում ռուբլու էժանացման հետևանք է։ Չնայած հիմնական գործոնը դրամի ուժեղացումն է։

Թե ինչո՞ւ մի քանի ամիս շարունակվող թուլացումից հետո դրամը վերստին ուժեղացավ բոլոր հիմնական արժույթների նկատմամբ, պատճառները բազմազան են։ Նախ դրան նպաստել է տարադրամային միջոցների ներհոսքի ակտիվացումը։

Ավելացել են, մասնավորապես, ֆիզիկական անձանց փոխանցումները։ Նախորդ տարվա դատարկությունից հետո՝ որոշակի շարժ կա զբոսաշրջության ոլորտում։ Արտաքին առևտրաշրջանառությունը ևս դրական ազդեցություն է ունեցել արժութային շուկայի վրա։

Մյուս կողմից՝ դրամի ուժեղացմանը նպաստել է նաև իրականացվող դրամավարկային քաղաքականությունը։

Գնաճը զսպելու համար Կենտրոնական բանկը վերջին ամիսներին պարբերաբար բարձրացնում է քաղաքականության տոկոսադրույքը՝ թանկացնելով փողը։ Թեև դրանից գնաճի տեմպը մեր երկրում չի թուլանում։

Դրամավարկային քաղաքականության գործիքներն առայժմ այնքան էլ չեն կարողանում զսպել գնաճը։ Նույնիսկ տոկոսադրույքի բարձրացումից ամիսներ հետո գնաճը մեր երկրում ոչ միայն շարունակում է բարձր մնալ, այլև դեռ բարձրանում է։

Չի բացառվում, որ մոտ օրերս Կենտրոնական բանկի խորհուրդը ստիպված լինի վերստին ավելացնել քաղաքականության տոկոսադրույքը։

Հիշեցնենք, որ հիմա այն 6,5 տոկոս է, ինչն ամենաբարձրն է՝ սկսած 2016թ.։

Անցած տարվա վերջից մինչև այժմ ԿԲ-ն տոկոսադրույքի վերանայման արդյունքում փողի գինը բարձրացրել է 2,25 տոկոսային կետով։ Դա հավանաբար որոշակի ազդեցություն թողել է գնաճի տեմպի վրա, բայց ակնհայտ է, որ այդ ազդեցությունն այնպիսին չէ, որպեսզի գնաճը տեղավորի նպատակային ցուցանիշի տիրույթում։ Հրապարակված վերջին տվյալներով, այն առնվազն 1 տոկոսային կետով բարձր է թիրախի վերին սահմանից։

Գնաճի բարձր մակարդակը ստիպում է Կենտրոնական բանկին կիրառել դրամավարկային քաղաքականության իր գործիքները։ Բայց դրանք առայժմ բավարար չեն այն զսպելու համար։

Թերևս, նաև դրանով է պայմանավորված, որ Կենտրոնական բանկը մի տեսակ ակտիվություն չի ցուցաբերում արժութային շուկայում։ Չնայած արդեն բավական ժամանակ դրամն ամրապնդվում է, նույնիսկ ավելի ցածր դիրքում է գտնվում, քան անցած տարվա այս շրջանում, բայց ԿԲ-ն այնքան էլ հակված չէ միջամտել և կանխել դրամի հետագա ուժեղացումը։ Հատկապես որ, դա լավ հնարավորություն է՝ ներքաշել տարադրամ և համալրել պահուստային այն պաշարները, որոնք վերջին շրջանում բավականաչափ ծախսվել են՝ դրամի արժեզրկումը կանխելու համար։

Նշենք, որ միայն այս տարվա առաջին 5 ամիսներին, շուկայի կտրուկ տատանումները մեղմելու նպատակով, Կենտրոնական բանկը վաճառել է ավելի քան 156 մլն դոլար և ոչ մի անգամ առք չի կատարել։

Ամենամեծ ներարկումն իրականացվել է ապրիլին։ Այդ ամսին իրացվել է 74,7 մլն դոլար։ Եվս 81,6 միլիոն շուկա է ներարկվել հունվարին և մարտին։

Հիմա, երբ շուկայում նկատելի է տարադրամային հոսքերի ավելացում, թվում է, թե իսկական ժամանակն է դոլար գնելու համար։ Բայց Կենտրոնական բանկը կարծես չի շտապում։

Պատճառը բարձր գնաճն է, որի վրա ազդելու կարճաժամկետ և ամենաարդյունավետ գործիքներից մեկը միշտ էլ եղել է փոխարժեքը։ Դրամը ուժեղանում է, ինչը թուլացնում է գնաճի ազդեցությունը ներմուծվող ապրանքների վրա։

Չնայած տպավորություն է, որ վերջին շրջանում այդ գործիքը ևս դադարել է աշխատել։ Դրամն ամրապնդվում է, իսկ գները չեն իջնում, երբեմն նույնիսկ բարձրանում են։

Այստեղ պարտավոր է միջամտել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը։ Ճիշտ է, գների կայունության ապահովման պատասխանատուն Կենտրոնական բանկն է, բայց շատ անելիքներ ունի նաև կառավարությունը, և հատկապես՝ Հանձնաժողովը։ Չնայած Հանձնաժողովի աշխատանքից դա չի երևում։ Այն ինչպես կար, այնպես էլ մնացել է նույն անարդյունավետ ու շուկայի վրա գրեթե ազդեցություն չունեցող կառույցը, չնայած լիազորությունների անընդհատ ավելացմանը։

Բարձր գնաճային միջավայրում Հանձնաժողովի հիմնական գործառույթը դարձել էր թանկացումներն արդարացնելը, այդ թվում՝ ազգային արժույթի արժեզրկման պատճառաբանությամբ։ Որքան էլ տարօրինակ է, վերջին 1-1,5 ամսում ազգային արժույթը բավականաչափ ամրապնդվել է, թուլացել է այդ գործոնի ազդեցությունը հատկապես ներմուծվող ապրանքների գների վրա, սակայն դրանք չեն իջնում, Հանձնաժողովն էլ ձայն չի հանում։

Արդյունքում՝ գնաճը շարունակում է գրոհել մարդկանց գրպանները։ Այն գործիքները, որոնք Կենտրոնական բանկը կիրառում է թանկացումները զսպելու համար, առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս։

Դա ենթադրում է, որ առաջիկայում ԿԲ-ն կպահպանի դրամավարկային զսպող քաղաքականությունը, ինչպես նաև հնարավորինս ձեռնպահ կմնա դրամի արժևորումը կանխելու գայթակղությունից։ Այլ բան, թե այդ քաղաքականությունը որքանով կնպաստի գնաճի թուլացմանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս