Վերջին մի քանի ամիսներին շատ դժվար է լինում և՛ վանքից իջնելը, և՛ վանք բարձրանալը. Դադիվանքի հոգևորականը՝ ադրբեջանական խոչընդոտների մասին

«…Մենք միայնակ ենք մնացել Քեզ հետ, Տեր». մի քանի ամիս շարունակ Դադիվանքում իր հոգևոր ծառայությունն իրականացնող Ներսես աբեղա Հարությունյանն այսպես է սկսել իր օրը վանքում։

Հոգևորականը հենց այս տողերն է հիշատակում նաև իր հեղինակած Դադիվանուց ժամագրքում:

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին ադրբեջանցիներն ամենատարբեր պատճառաբանություններով՝ համավարակից մինչև Թարթառի վարարման մասին կեղծ պնդումներ, արգելում են հայ ուխտավորներին մտնել վանական համալիր, իսկ եկեղեցու հայ սպասավորներն ամեն օր են սպասում ուխտավորների:

Հայր Ներսեսը Դադիվանքում ծառայող վեց հոգևորականներից մեկն է։ Նա մեկ ամիս առաջ կարճատև այցով վանքից դուրս է եկել, սակայն մինչ օրս չի կարողանում վերադառնալ. ադրբեջանցիները հայ հոգևորականին թույլ չեն տալիս մտնել հայ եկեղեցի:

«Այսօր պետք է գնայի, բայց նորից հետաձգվեց մեր գնալը։ Ադրբեջանական կողմն ամեն կերպ արգելքներ է ուզում դնել, որպեսզի չկարողանանք բարձրանալ վանք,- 168.am-ի հետ զրույցում պատմեց այս պահին Գանձասարում իր հոգևոր ծառայությունն իրականացնող հոգևորականը, ապա մանրամասնեց,- Մենք այնտեղ նշանակված ենք վեց հոգով։ Ժամանակ առ ժամանակ երկու-երկու, կամ մենակ իջնում ենք առողջական կամ կենցաղային հարցեր լուծելու համար, որովհետև վանքում նման հնարավորություն չկա, բայց վերջին մի քանի ամիսներին շատ դժվար է լինում և՛ վանքից իջնելը, և՛ վանք բարձրանալը։ Երկու դեպքում էլ անընդհատ խոչընդոտներ են ստեղծվում իրենց կողմից»:

Հայ հոգևորականը թեև շեշտում է ռուս խաղաղապահների առաքելության կարևորության մասին, բայց ցավով նկատում է. «Հասկանալի է, որ սա խաղաղապահների լուծելիք հարցը չէ, որովհետև չեզոք տարածք չէ, կամ Արցախի այսօրվա սահմանների մեջ չէ Դադիվանքը։ Սա ավելի քաղաքական խնդիր է, քան կրոնական»:

Ներսես աբեղա Հարությունյանը նաև ասաց, որ վանքի տարածքում մի քանի տասնյակ ռուս խաղաղապահներ են ծառայում, իսկ վանքում՝ հայ հոգևորականները. «Մենք ժամերգություններով, աղոթքով և մեր ներկայությամբ փորձում ենք հային պահել վանքը: Ուզում եմ միայն հավատալ, որ անմիաստ չեն անցնի մեր բոլորիս և Վեհափառի ջանքերը, որ ամեն գնով պայքարեց, որպեսզի հայ հոգևորականները կարողանան գնալ Դադիվանք: Հույս ունեմ, որ, ի վերջո, վանքը որոշակի կարգավիճակ ձեռք բերի, ու կվերջանան այս քաշքշուկները»:

«Դժվար է, երբ փորձում ես գոնե մասունքի պես այդ վանքը պահել, և այս ամենի ֆոնին տեսնում ես, թե ինչ է կատարվում Հայաստանում՝ ներքին անտարբերությունից մինչև ատելություն, ատելությունից մինչև անհայրենիք գործողություններ: Թեև հոգևորականն իրավունք չունի հուսահատվելու, բայց այդ ամենն ընկճող է: Մեր՝ հոգևորականներիս, կամ ուղղակի պարզ քաղաքացիներիս երազանքն ու աղոթքն այն է, որ Հայաստանում խաղաղություն ու հանդարտություն տիրի, որովհետև միայն այդ ժամանակ մենք կարող ենք մեր ազգային ու պետական  շահերի օգտին լուծումներ ստանալ»,- եզրափակեց հոգևորականը:

Հիշեցնենք, որ մի քանի անգամ Ադրբեջանի ակնհայտ ուղղորդամամբ Դադիվանքի վանական համալիր էին գնացել ուդիները՝ Ադրբեջանում ապրող քրիստոնյա փոքրամասնությունները, որոնք նաև «աղոթել էին» Դադիվանքում: Ադրբեջանն անգամ նշել էր, թե հայկական Դադիվանքի քարոզիչ է նշանակել ազգությամբ ուդի Ռաֆիկ Դանաքարիին:

Տեսանյութեր

Լրահոս