Չարչյանի գործով մեղադրական բնույթի ցուցմունք, պաշտպանության կողմի գնահատմամբ, առկա չէ. փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ, ավարտվեց «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու վերաբերյալ Չարչյանի փաստաբանների բողոքի քննությունը: Նիստի ավարտից հետո Արմեն Չարչյանի շահերի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ բողոքի քննության շրջանակներում բավական արյդունավետ քննարկում է տեղի ունեցել: Փաստաբանը նաև փոխանցեց լրագրողներին, որ Արմեն Չարչյանը մի քանի օր առաջ հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
«Ներկա պահին պարոն Չարչյանը գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ում: Տեղափոխել են, եթե չեմ սխալվում, շաբաթ օրը: Նրա առողջական վիճակն այնպես չի, որ լավ վիճակում է: Ինչպես բոլորդ գիտեք՝ նա ունի շաքարային դիաբետ, և ներկա պահին շատ բարձր է»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը:
Անդրադառնալով դատարանում մեղադրող կողմի ներկայացրած հիմնավորումներին՝ Ալեքսանյանը նշեց, թե, ըստ էության, բերվել են ավելի վաղ առաջին ատյանի դատարանում ներկայացրած նույն հիմնավորումները:
«Դատախազը պնդում է, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ պարոն Չարչյանն առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքի հետ, և փաստացի նույն այն հիմնավորումներն են, ինչ ներկայացվել է առաջին ատյանի դատարանում: Մենք ներկայացրել ենք մեր հակափաստարկները դրա վերաբերյալ և, մասնավորապես, այդ հիմնավոր կասկածի տեսանկյունից խնդրել ենք դատարանին, որ նաև պատշաճ գնահատականի արժանացնի մեր կողմից տրամադրված տեսաձայնագրությունը, ինչը պատշաճ գնահատականի չէր արժանացրել հենց առաջին ատյանի դատարանը:
Հիմքերի տեսանկյունից դատախազը շարունակում է պնդել, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ է, և առկա պայմաններում պարոն Չարչյանը եթե մնա ազատության մեջ, ապա վկաների վրա ազդեցություն կգործադրի: Մենք այդ հիմքի համատեքստում նույնպես ներկայացրել ենք մեր հակափաստարկները, մասնավորապես, այն տեսանկյունից, որ պետք է հասկանալ, որ ի վերջո բոլոր քրեական գործերով կան վկաներ, հարցաքննությունն էլ ամենատարածված քննչական գործողություններից է, և պարզ տրամաբանությունը հուշում է, որ միայն վկայի զուտ ֆիզիկական գոյությունը քրեական գործով՝ նշված վկայի վրա ազդեցություն գործադրելու անվերապահ հանգամանք չէ: Այսինքն՝ պետք է լինեն փաստական տվյալներ, որոնք վարույթն իրականացնող մարմնի մոտ կարող են այդ ողջամիտ ենթադրությունները ստեղծել, որ պարտադիր մեղադրյալը, մնալով ազատության մեջ, այս կամ այն վկայի վրա կազդի»,- ասաց Ալեքսանյանը:
Փաստաբանի խոսքով՝ նման փաստական տվյալներ քննիչն ու դատախազը դատարանում չեն ներկայացրել: Փաստաբանի փոխանցմամբ՝ այս գործով խոսք է գնում մոտավորապես 280 վկայի մասին, բայց իրենց ներկայացված նյութերում տեսել են, որ հարցաքննվել են մոտավորապես 60-70 վկաներ:
«Մի քանի ցուցմունքի եմ հասցրել ծանոթանալ: Որևէ անձ չկա, որը կարող է ասել, որ պարոն Չարչյանը, այսպես ասած, հարկադրել է նրան մասնակցել կամ չմասնակցել ընտրություններին և առհասարակ, որ պարոն Չարչյանի այդ խոսքերը ընկալել է՝ որպես, այսպես ասած, հարկադրանք: Հակառակը, բոլորը նշել են, որ ընկալել են՝ որպես խնդրանք, հորդոր և բացառապես քաղաքացիական պարտքի դրսևորման հարցի տեսանկյունից…
Մեղադրական բնույթի ցուցմունք, պաշտպանության կողմի գնահատմամբ, առկա չէ: Միայն այն հանգամանքը, որ վկաներն ասում են, որ պարոն Չարչյանի խոսքերը որպես հարկադրանք չեն դիտել, այլ դիտել են՝ որպես հորդոր և խնդրանք, գտնում ենք, որ վերագրվող հանցակազմի օբյեկտիվ կողմի տեսանկյունից, այո, դրանք ավելի շատ մեր համար պաշտպանողական բնույթ են կրում, այլ ոչ թե մեղադրական»,- հավելեց Արմեն Չարչյանի փաստաբանը:
Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ Արմեն Չարչյանին կալանավորելու առաջին ատյանի որոշման վերաբերյալ, կհրապարակվի հուլիսի 8-ին՝ ժամը 11:00-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Չարչյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը հուլիսի 2-ին ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան: