«ՀՀ իշխանությունները շատ մեծ ցանկություն ունեն, որ թուրքերը գան, սահմանները գրավեն, ինչը, ցավոք, հասկացել են նաև ՀԱՊԿ-ում». Արտակ Զաքարյան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 12-ից ՀՀ պետական տարածք ներթափանցմանը և ՀԱՊԿ անելիքներին՝ նկատելով. «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ: Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ը մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին:
ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը 168.am-ի հետ զրույցում ՀԱՊԿ քարտուղարի դիտարկումների առնչությամբ մասնավորապես նկատեց, որ Հայաստանը դիմել էր խորհրդակցելու համար, ու այդպիսով խորհրդակցելու պատասխանն է արտահայտվել:
Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանություններին այս իրավիճակը ձեռնտու է.
«ՀՀ իշխանությունները շատ մեծ ցանկություն ունեն, որ թուրքերը գան, սահմանները գրավեն, ինչը, ցավոք, հասկացել են նաև ՀԱՊԿ-ում: Եվ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում ՀՀ իշխանություններին հակառակ՝ գալ ադրբեջանցիներին մաքրել ՀՀ սահմաններից:
ՀԱՊԿ-ում էլ են հասկացել՝ որպեսզի Հայաստանն անվտանգ լինի, առաջին հերթին պետք է պաշտոնական Երևանի սահմանները մաքրել թուրք-ադրբեջանական դրածոներից, իսկ եթե հայ ժողովուրդը չի ուզում իր իշխանությունը մաքուր պահել թուրքերից, իշխանություններն էլ չեն ուզում, որ սահմանները մաքուր լինեն թուրքերից, հետևաբար և բնականաբար` ՀԱՊԿ-ը չի կարող հայ ժողովրդի փոխարեն որոշել, որովհետև եթե հայ ժողովուրդը չուզեր, որ թուրքն իր սահմանում լիներ, թուրքի առաջ դռները բացողին երբեք քվե չէր տա. եթե սրանք թեկուզ երեք տոկոս քվե էլ ստացած լինեին, միևնույն է` իմ պատասխանը նույնը կլիներ:
ՀՀ իշխանություններին կոմֆորտ է, որ թուրքն է սահմաններից ներս մտել, և իրենց վրա էլ ճնշում է, որ վաղը-մյուս օրն էլ նաև, այսպես կոչված, միջանցքի հարց լուծեն»:
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ի նման արձագանքում իր դերակատարումն է ունեցել նաև կազմակերպությանը դիմելու հոդվածի ընտրությունը, Արտակ Զաքարյանն արձագանքեց.
«Իհարկե, դրա մասին մի քանի առիթներ ունեցել եմ նշելու. այն ժամանակ, երբ անակնկալ ձևով ադրբեջանական ստորաբաժանումները Սև լճի տարածքում՝ Իշխանասարում, արդեն ներխուժել էին 3 կմ, պետք էր բարձրացնել կանոնադրության 4-րդ, ոչ թե 2-րդ հոդվածի պահանջները, քանի որ ակնհայտորեն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի է ունեցել ագրեսիա, ներխուժում, բռնազավթում»:
Հիշեցնենք՝ ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին: Տարբեր շրջանակներ, սակայն, շեշտեցին, որ դիմումը եղել է ոչ թե Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվել է ագրեսիայի, այլ՝ 2-րդ հոդվածի հիման վրա, որը վերաբերում է այն դեպքերին, երբ Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունը ենթարկվում է անվտանգության, կայունության կամ տարածքային ամբողջականության հետ կապված սպառնալիքի: