ՀԱՊԿ-ը մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին. Ստանիսլավ Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից մայիսի 12-ին ՀՀ պետական տարածք ներթափանցմանը: Զասը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի հարավում սահմանային իրավիճակի սրումը չի մտնում ՀԱՊԿ կանոնադրության դրույթների տակ:

«Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ի ներուժը գործադրվում է միայն ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ էլ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան։ Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, և մենք կողմ ենք, որ այն լուծվի խաղաղ ճանապարհով», – ասել է նա:

Զասի գնահատմամբ` հակամարտության սրացում չի նկատվում և ներկայումս պետք չէ խոսել իրավիճակի սրման մասին:

«Առջևում դեռ շատ աշխատանք կա հենց սահմանային հարցերի, վիճելի պահերի լուծման ուղղությամբ, բայց դրանք պետք է լուծել բանակցությունների սեղանի շուրջ», – նշել է Զասը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ դիմումից հետո կազմակերպությունը խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ:

«Նման խորհրդակցություններ անցկացվել են պաշտպանության նախարարների, անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով, և ես շփվել եմ եւ Հայաստանի արտգործնախարարի, եւ պաշտպանության նախարարի հետ: Քննարկում էինք այդ իրավիճակը։ Բացի այդ, մեզ մոտ արդեն ընդհանուր քննարկում է տեղի ունեցել Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի ընթացքում», – հավելել է Զասը:

Նա վստահեցրել է, որ ՀԱՊԿ-ն մշտապես կհետևի Հայաստանի հարավում տիրող իրավիճակին:

«Մոնիթորինգային խմբի ձևավորման մասին որոշում չի ընդունվել, թեև, իհարկե, իրավիճակին հետևում ենք», – նշել է գլխավոր քարտուղարը:

Զասը նաև հավելել է, որ կազմակերպությունը անհրաժեշտ տեղեկատվություն է ստանում բազմաթիվ աղբյուրներից, այդ թվում` հայկական կողմից և ռուս խաղաղապահներից:

Տեսանյութեր

Լրահոս