Ինչու ընտրություններից առաջ ԿԲ-ն որոշեց վերանայել տնտեսական աճի կանխատեսումը և բարձրացնել 3,3 անգամով

Ընտրությունների նախօրյակին Կենտրոնական բանկը վերանայեց Հայաստանի տնտեսության աճի նախորդ կանխատեսումը։ Վերանայեց ու կտրուկ բարձրացրեց։

Թե սա ինչքանո՞վ էր կապված ընտրություններից առաջ իշխանություններին բարոյական աջակցություն ցույց տալու հետ, թողնենք մի կողմ։ Սակայն այն, որ նախորդ կանխատեսումից կարճ ժամանակ անց Կենտրոնական բանկը կտրուկ փոխեց իր գնահատականը, մտորելու տեղիք է տալիս։ Հատկապես այն բանից հետո, երբ նախորդ անգամ նվազեցրել էր տնտեսական աճի կանխատեսումը։

Ընդամենը 3 ամիս առաջ ԿԲ-ն բոլորովին այլ գնահատականներ էր ներկայացնում տնտեսության զարգացումների վերաբերյալ։ Կարծում էր, որ տնտեսության զարգացումներն ավելի վատ են, քան նախկինում կանխատեսվում էր։ Ըստ այդմ էլ, վերանայեց և տնտեսական աճի իր սպասումները նվազեցրեց։ Սակայն ընտրություններից առաջ որոշեց այն փոխել, այս անգամ՝ հակառակ ուղղությամբ։

Տարվա սկզբին նախ 2-ից իջեցրեց 1,4 տոկոսի։ Այսինքն՝ նվազեցրեց 0,6 տոկոսային կետով։ Հետո 1,4-ը դարձրեց 4,6 տոկոս կամ բարձրացրեց 3,2 տոկոսային կետով։

Այն, որ Կենտրոնական բանկի կանխատեսումները կարող են փոփոխություն կրել, նորմալ է։ Նույնիսկ միջազգային հայտնի ֆինանսական կառույցները հաճախ վերանայում են իրենց կանխատեսումները։ Սակայն նորմալ չէ, որ կարճ ժամանակահատվածի կտրվածքով դրանք կարող են այսպիսի կտրուկ վայրիվերումների ենթարկվել։ Սա խոսում է կանխատեսման որակի մասին, և դա նշանակում է, որ ԿԲ–ն չի կարողացել պատշաճ գնահատել տեղի ունեցող արտաքին ու ներքին տնտեսական պրոցեսները։

Այս ամենը գուցե ինչ-որ տեղ ընկալելի կլիներ, եթե մինչ այդ ԿԲ-ն նվազեցրած չլիներ տնտեսական աճի կանխատեսումը։ Բայց համարել էր, որ տնտեսական իրավիճակը վատանում է։ Այնինչ հետո պարզել է, որ հակառակն է։

Սա անվստահության խնդիր է առաջացնում, ինչը չի բխում այդ կառույցի շահերից։ Որպես արդարացում՝ կարող է համարվել ճգնաժամային իրավիճակը, բայց անգամ ճգնաժամի պայմաններում կարճ ժամանակահատվածների կտրվածքով այդպիսի մեծ շեղումներ կանխատեսումներում սովորաբար չեն լինում։

Տնտեսական աճի սպասումները 1,4 տոկոսից ընդհուպ 4,6 տոկոսի բարձրացնելը Կենտրոնական բանկը փորձել է հիմնավորել 2 հիմնական գործոնով՝ հանքահումքային ապրանքների թանկացմամբ և զբոսաշրջության ոլորտում նկատվող տեղաշարժերով։

«2021թ. համար կանխատեսում ենք 4,6 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով, այն 1,2-ից վերանայվել է 6,1 տոկոս, արդյունաբերության աճը 0,7 տոկոսից վերանայվել է 4,5 տոկոս»,- ասում է ԿԲ նախագահը։
Ըստ նրա, արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է հանքահումքային ապրանքների գների բարձր մակարդակով, նաև արտահանման և արդյունահանման ծավալների ավելացմամբ: Ծառայությունների ցուցանիշի վերանայումը զբոսաշրջության ոլորտում նկատվող ակտիվացման արդյունք է։

«Արտաքին հատվածից էլ որոշակի ազդակներ ենք ստանում, որ տարին ավելի դրական է, քան նախկինում կանխատեսում էինք: Մասնավոր սպառման դրական փոփոխություն ենք ակնկալում տարվա մեջ, մինչդեռ մասնավոր ներդրումները շարունակում են թույլ մնալ»,- կարծում է ԿԲ նախագահը:

Այն, որ հանքահումքային ապրանքների թանկացումը, ինչպես նաև արդյունահանման ծավալների ավելացումն էական դեր ունեն արդյունաբերության ոլորտի ցուցանիշների վրա, այդպես է։ Այդ դերը միշտ էլ եղել է, բայց այս տարի ավելի է մեծացել։ Զարմանալի չէ, որ դա արդյունաբերության այն հատվածն է, որտեղ, ի տարբերություն մշակող ճյուղի, աճ ունենք։ Այդ աճի գործում մեծ է հատկապես պղնձի գների բարձրացումը։ Մի պահ այն հասել էր տոննայի հաշվով ընդհուպ 10,6 հազար դոլարի՝ կապված զարգացող երկրների տնտեսությունների ակտիվացման և պահանջարկի բարձրացման հետ։

Սակայն վերջին շրջանում պղնձի գինը նվազման միտում է դրսևորում։ Հիմա այն տատանվում է 9,3-9,4 հազար դոլարի սահմաններում։

Մեկ ամսում պղինձն էժանացել է գրեթե 13 տոկոսով։ Իհարկե, սա ևս լավ գին է մեր տնտեսության համար։ Բայց դժվար է ասել, թե այն ինչքան կպահպանվի այդպիսի բարձր մակարդակում։

Ընդերքի շահագործման ծավալների ավելացման և պղնձի գների բարձրացման հաշվին տարեսկզբի 4 ամիսներին ունեցել ենք արդյունաբերության 1 տոկոսից ցածր աճ։ Եթե այդ գործոնները չլինեին, աճ բացարձակ չէինք ունենա։

Ինչ մնում է զբոսաշրջությանը, ապա, անշուշտ, այստեղ որոշակի դրական սպասումներ կան՝ կապված համավարակի նահանջելու հետ։  Թեև առաջին կիսամյակի արդյունքներով, դեռևս չենք հասնի նախորդ տարվա մակարդակին։

Այս 2 գործոնի հիման վրա էլ Կենտրոնական բանկը որոշել է շրջադարձային վերանայում կատարել իր նախորդ կանխատեսման մեջ և տնտեսական աճի սպասումը բարձրացնել 3,3 անգամով։ Այդպիսի մեծ շեղում սովորաբար միշտ չէ, որ հանդիպում է, բայց ԿԲ-ն որոշել է գնալ դրան։ Հուսանք, որ ոչ քաղաքական նպատակներով։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակի արդյունքներով, Հայաստանում արձանագրվել է 3,3 տոկոս տնտեսական անկում։

Չորս ամիսների տվյալներով՝ ունենք ակտիվության 2,6 տոկոսանոց աճ, բայց այն դեռ տնտեսական աճ չէ։ Նախորդ տարվա ապրիլ-մայիսի համատարած սահմանափակումներից հետո, բնականաբար, այս տարվա այդ ամիսներին ցուցանիշների որոշակի բարելավում կլինի։ Սակայն դա չի նշանակում, որ նույնը տեղի կունենա նաև հետագայում։ Չնայած համաշխարհային տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս ճգնաժամից, այնուհանդերձ մեր տնտեսության խնդիրները կապված չեն միայն համավարակի հետ։ Համավարակից բացի՝ դրանք կրում են բազմաթիվ այլ ազդեցություններ, որոնց բախվել ենք ճգնաժամից առաջ ու հետո։

Պատահական չէ, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները, մասնավորապես՝ Համաշխարհային բանկն ավելի զգուշավոր կանխատեսում ունի Հայաստանի այս տարվա տնտեսական աճի նկատմամբ։ Վերջին անգամ թեև ՀԲ-ն բարձրացրեց աճի ակնկալիքը, բայց բավարարվեց այն թարմացնել ընդամենը 0,3 տոկոսային կետով։

Ի տարբերություն մեր Կենտրոնական բանկի, Համաշխարհային բանկն այս տարվա համար սպասում է 3,4 տոկոս տնտեսական աճ։ Այն 2,2 տոկոսով զիջում է կանխատեսվող համաշխարհային տնտեսական աճին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս