Ամոթ է, բայց կասեմ, որ դեռևս աշխատում ենք Սովետական Միությունից մնացած նյութերով և սարքավորումներով. քիմիկոս

Քիմիան հրաշքների տարածք է, դրանում թաքնված է մարդկության երջանկությունը,- ասում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի օրգանական քիմիայի ամբիոնի բարձրամոլեկուլային միացությունների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, օրգանական քիմիայի ամբիոնի ուսումնական լաբորատորիայի վարիչ Նաղաշ Միրաքյանը, ում հետ զրուցել ենք մասնագիտության, ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման տարբերակների մասին:

– Պարոն Միրաքյան, քիմիան, ընդհանրապես դպրոցում շատ քչերն են հասկանում. կապ ունի՞ դասավանդումը, սարքավորումների բացակայությունը: Ձեր դեպքում ինչպե՞ս սեր առաջացավ դեպի քիմիա առարկան:

– Ինչպես բոլոր, այնպես էլ մեր դպրոցում քիմիայի հանդեպ սերն այնքան էլ մեծ չէր, քանի որ ունեինք ոչ այնքան հագեցած նյութատեխնիկական բազա, սակայն շնորհիվ իմ մայրիկի, ով կենսաքիմիայի մասնագետ է, ես սիրեցի այդ առարկան: Հասկացա, որ քիմիայի շնորհիվ կարելի է նոր, հետաքրքիր և զարգացող աշխարհ բացահայտել: Քիմիան ամբողջ երկրում զարգանում է մեծ տեմպերով, քանի որ մեր կյանքը, ամեն ինչ կախված է քիմիայից: Այն ամենը, ինչ տեսնում ենք, ուտում ու շնչում ենք, քիմիայի արդյունք է:

– Հաճախ դպրոցներում եք դասախոսություններով հանդես գալիս. դուք ձեր հերթին՝ ի՞նչ քայլեր եք կատարում, որ աշակերտների մոտ սեր առաջանա դեպի քիմիան, ու ի՞նչ խնդիրներ եք տեսնում դպրոցներում:

– Վերջին տարիներին ԵՊՀ-ն սկսել է համագործակցել դպրոցների հետ: Այսինքն, դպրոցները ներկայացնում են պահանջ, թե իրենց ինչպիսի մասնագետներ են պետք՝ կոնկրետ առարկա դասավանդելու համար, և եղել են դեպքեր, որ նաև քիմիկոս են ուզել: Գնացել եմ, դասախոսություններ կարդացել: Քիմիան դպրոցներում պետք է զարգացնել, քանի որ գնալով նկատում ենք, որ սերը դեպի բնական գիտություններ ավելի շատ նվազում է, և աշակերտներն ավելի շատ նախընտրում են հումանիտար առարկաները՝ ելնելով ինչ-ինչ կարծրատիպերից կամ նրանից, որ դրանք ավելի հեշտ են: Դրանում միայն ուսուցիչները մեղավոր չեն, բոլորս ենք մեղավոր, նույնիսկ համալսարանները, քանի որ դպրոցների հետ սերտ համագործակցություն պետք է լինի, որպեսզի աշակերտների մոտ դեռևս մանկուց ուղղվածություններն ավելի հստակ դառնան, և նրանք որոշեն, թե որ մասնագիտությունն են ընտրելու, ինչպես են օգուտ բերելու մեր երկրին և զարգացնելու այն:

Ծրագրի շրջանակներում եղել եմ Գորիսում, Նոյեմբերյանի Բերդավան գյուղում, Երևանի մի շարք դպրոցներում: Հաճախ մեզ մոտ են գալիս ավագ դպրոցի սաները, ցույց ենք տալիս հետաքրքիր փորձերը, օրինակ՝ ինչպե՞ս կարելի է կրակ ստանալ առանց լուցկու, և այլն: Ձգտում ենք այնպես անել, որ սեր առաջանա դեպի քիմիան և այս ուղղությունը ևս զարգանա: Պետք է նաև պետությունը մեծ ուշադրություն դարձնի այս խնդիրներին, քանի որ բացի քիմիայից՝ խնդիր կա նաև ֆիզիկա, կենսաբանություն առարկաների դեպքում:

Երբ ընդունվեցի, մեր կուրսում 35 ուսանող կար, իսկ հիմա ամբողջ քիմիայի ֆակուլտետ 30 հոգուց մի փոքր ավելի մարդ է ընդունվում: Եթե մի քանի տարի այսպես շարունակվի՝ Հայաստանում մասնագետների լուրջ խնդիր կունենանք:

Պատճառները մի քանիսն են: Առաջին պատճառն այն է, որ գիտաշխատողների աշխատավարձը շատ ցածր է, և երկրորդ՝ փոքրուց երեխաները բնագիտական առարկաները լավ չեն սովորում: Իսկ երեխաները հաճախ վախենում են նրանից, ինչը չեն հասկանում:

Դրա համար հարցի լուծումը պետք է սկսել դպրոցներից. պետք է վերազինել, թարմացնել նյութատեխնիկական բազան: Երբ ես աշխատանքի ընդունվեցի՝ շատ ցածր աշխատավարձ էի ստանում, սակայն սիրում էի իմ գործը. իմ աշխատանքն ինձ համար ավելի կարևոր էր, քան աշխատավարձը: Ու ես ճանաչում եմ բազում նման մասնագետների, ովքեր սկսել են շատ ցածր աշխատավարձից, սակայն հետագայում մասնագիտանալով՝ տարիների ընթացքում ստանում են միջին և բարձր աշխատավարձ: Չեմ կարող ասել, որ քիմիան Հայաստանում պահանջարկ չունի: Երբեմն մասնավոր կազմակերպությունները մեզանից պահանջում են լավ մասնագետներ, արտասահմանյան համալսարաններից էլ՝ լավ ուսանողներ, ու դա խնդիր է դառնում, քանի որ շատ հաճախ մենք չենք կարողանում այդ պահանջարկն ապահովել, որովհետև քիչ են ընդունվում տվյալ բաժին, ու մասնագետների թիվը քիչ է լինում: Քանակի հաշվին գոնե պետք է որակ ապահովել:

– Բոլորի կյանքում էլ պատահում է, երբ փորձում ես առաջին քայլերն անել քո ոլորտում, միշտ խոչընդոտում են, փորձում են հիասթափեցնել: Ձեր դեպքում ինչպե՞ս եղավ:

– Հաճախ ընկերներս էին խոչընդոտում, ասում էին՝ այդ ինչո՞վ ես զբաղվում, նորմալ գործ արա: Կամ երբ այլ մարդկանց հետ շփվում ես, ու տեղեկանում են, որ գիտաշխատող ես կամ քիմիայով ես զբաղվում, մի տեսակ են նայում: Դա նորմալ է, դա գալիս է մարդկանց անտեղյակությունից, քանի որ չեն հասկանում, թե ինչով ես զբաղվում: Շատ հաճախ չեն էլ հասկանում քո սերն այդ աշխատանքի հանդեպ, բայց փորձում եմ մարդկանց բացատրել, որ սիրում եմ իմ աշխատանքն ու առանց քիմիայի ինձ այլևս չեմ պատկերացնում:

– 2021թ. մայիսի 13-ին Կառավարությունը որոշում ընդունեց «ՀՀ կառավարության 2001 թ նոյեմբերի 17-ի N 1121 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», որով նախատեսվում է նաև գիտական ղեկավար պաշտոնների, այդ թվում՝ գիտական խմբի ղեկավարի և գիտական ստորաբաժանման ղեկավար պաշտոնների (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) աշխատավարձերի նորմավորում: Այժմ գիտաշխատողի ամսական միջին աշխատավարձը կազմում է 90.400 դրամ և այս առաջարկից հետո կազմելու է 276.000 դրամ, գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141.400 դրամից կդառնա 477.200 դրամ: Այս որոշումն իրատեսական համարո՞ւմ եք, թե՞ ոչ, ու ի՞նչ կփոխվի գիտաշխատողի կյանքում:

Սա համարում եմ ուշացած որոշում։ Ամեն դեպքում, շատ խրախուսելի է, որ փորձում են նման քայլեր անել: Վերջին տարիներին Գիտության պետական կոմիտեն նույնպես սկսել է շատ ակտիվ աշխատել, կան մի շարք դրամաշնորհային ծրագրեր, որոնք և՛ թեմատիկ, և՛ նյութատեխնիկական բազան թարմացնելու համար են: Կարծում եմ՝ հետզհետե ինչ-որ բան կփոխվի, մենք նույնպես կունենանք այն արդյունքը, որը ցանկանում ենք տեսնել:

– Սկզբում սովորել եք էկոլոգիական քիմիա բաժնում, որը գիտություն է քիմիական գործընթացների մասին, սահմանում է շրջակա միջավայրի՝ մթնոլորտի, ջրոլորտի, հողի վիճակը և հատկությունները։ Նվիրված է էկոլոգիական հիմնախնդիրների և գործընթացների, ինչպես նաև շրջակա միջավայրի օբյեկտների քիմիական հատկությունների և ձևավորման գործընթացի ուսումնասիրմանը։ Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի էկոլոգիական վիճակը:

– Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում էկոլոգիան շատ վատ վիճակում է: Փոշին, կլիմայի փոփոխությունը շատ վատ է անդրադառնում մարդկանց առողջության վրա: Կարծում եմ՝ մենք ունենք բազում խնդիրներ, սակայն դրանք լուծելու համար չենք կատարում պահանջվող քայլերը:

Օրինակ, Երևանում փոշին քչացնելու համար պետք է շատացնել կանաչ տարածությունները, կենտրոնում կրճատել մեքենաների քանակը, ստեղծել զբոսայգիներ, ոչ թե անընդհատ շինարարություններ կատարել, որը նպաստում է փոշու ավելացմանը: Մարդկանց մեջ պետք է սերմանել սեր հեծանիվի հանդեպ, որպեսզի այդպես տեղաշարժվեն: Եվրոպական մի շարք երկրներում փորձում են էկոլոգիական խնդիրները որոշակիորեն լուծել այդ եղանակով: Գիտենք, որ արտազատվող գազերի պատճառով է, որ կլիմայի փոփոխություն է լինում, գլոբալ տաքացում, իսկ եթե մարդիկ ավելի շատ սկսեն շարժվել այլ տրանսպորտային միջոցներով, որոնք այդքան էլ վտանգավոր չեն, կարծում եմ՝ կլիմայի փոփոխությունը մի փոքր կարելի է նվազեցնել, որ այսպես կտրուկ ամեն ինչ չփոխվի: Տարեցտարի զգում ենք, թե ինչպես է փոխվում օդի ջերմաստիճանը, ու եթե մի քանի տարի առաջ Հայաստանում պտտահողմեր չէինք տեսնում, մի քանի օր առաջ տեսանք: Դա գլոբալ խնդիր է:

– Հաճախ են գիտաշխատողները դժգոհում, որ որոշ արտասահմանյան պարբերականներում հայ գիտնականների հոդվածները չեն տպագրվում: Ո՞րն է պատճառը. Հոդվածնե՞րն են վատը, թե՞ գումար են շատ պահանջում:

– Խնդիրն ունի մի քանի պատճառ: Հաճախ չենք կարողանում ապահովել այն նյութատեխնիկական հետազոտությունները, որոնք որոշակի միջազգային պարբերականներ պահանջում են, որպեսզի ունենա քո հետազոտությունը: Երբեմն էլ կատարվում են ոչ հավաստի հետազոտություններ, որոնց պատճառով Հայաստանից ուղարկվող ինչ-որ հոդվածներ կասկածանք են առաջացնում, և խմբագիրներն ուղղակի հրաժարվում են դրանք տպագրել՝ առանց տեսնելու, թե այնտեղ ինչ է գրված: Հաճախ տեսնելով, որ Հայաստանից է՝ ուղղակի մերժում են: Միջազգային շատ բարձր գործակից ունեցող ամսագրերը պահանջում են նաև որոշակի վճարումներ: Օրինակ՝ ինչ-որ գունավոր էջ տպագրելու համար կարող են պահանջել 600-700 եվրո: Իսկ հետազոտությունը կարող է պահանջել մի քանի գունավոր էջ, սակայն, քանի որ դու չունես այդ ֆինանսական միջոցները, և պետությունն էլ չի պատրաստվում այդ գումարները քեզ տրամադրել, ուստի մեզ համար այն դառնում է անհասանելի:

Ունենք նյութատեխնիկական բազայի խնդիր՝ սարքավորումներ չկան, և անգամ գիտնականներն ասում են՝ նյութերը սինթեզում են պապական եղանակով, և այս պայմաններում ինչպե՞ս պետք է զարգանա գիտությունը:

Ամոթ է, բայց կասեմ, որ դեռևս աշխատում ենք Սովետական Միությունից մնացած նյութերով և սարքավորումներով: Ի՞նչ անենք, մեր ունեցածն էլ դա է, սակայն, եթե դա էլ վերջանա՝ ես չգիտեմ, թե ինչ պետք է լինի: Նոր սարքերը շատ թանկ են, օրինակ, երկու տարի առաջ Օրգանական քիմիայի ինստիտուտը ձեռք բերեց մի սարք, որն արժեր 700.000 եվրո: Այդ սարքը Հայաստանում միակն է, բայց եվրոպական շատ համալսարաններ ոչ թե մեկ, այլ մի քանի նման սարք ունեն: Դե պատկերացրեք՝ մենք ինչպե՞ս կարող ենք նրանց հետ ոտք մեկնել: Սակայն անում ենք ամեն ինչ, որ մեր հետազոտությունները հետ չմնան: Երբեմն մեր նյութերն ուղարկում ենք արտասահման՝ հետազոտման, քանի որ չունենք համապատասխան սարքավորումներ: Իհարկե, այդ հետազոտությունները վճարովի են, ու ծախսերը կամ մեր հաշվին են, կամ ինչ-որ տեղից հայթայթում ենք:

– Որպես քիմիկոս՝ ի՞նչ աշխատանք եք ուզում կատարել, որ ցնցեք ամբողջ Հայաստանն ու աշխարհը, օրինակ, որևէ նոր քիմիական տարր հայտնաբերեք:

– Մեր լաբորատորիան գտնվում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում և կոչվում է Բարձրամոլեկուլային միացությունների լաբորատորիա: Զբաղվում ենք նոր հաղորդիչ պոլիմերների սինթեզով և ուսումնասիրությամբ , որոնք վերջին 30 տարում շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում ամբողջ աշխարհում: Այդ նյութերն օգտագործվում են LCD մոնիտորներում, արևային մարտկոցներում և այլն: Այս ուղղությամբ զարգանալու մեծ պոտենցիալ կա, ու ես ինձ տեսնում եմ այս ոլորտում:

Տեսանյութեր

Լրահոս