Բաժիններ՝

Հայաստանում երիտասարդ գիտնականների համար հայտարարվել է աշխարհի առաջատար կենտրոններում վերապատրաստվելու մրցույթ

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը» հայտարարում է «Վերապատրաստման ծրագիր երիտասարդ գիտնականների համար» մրցույթ։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժնից հաղորդում են, որ մրցույթի շրջանակում դրամաշնորհներ կտրամադրվեն երիտասարդ գիտնականներին՝ արտասահմանյան գիտահետազոտական կենտրոններում մասնագիտական վերապատրաստման և մեթոդաբանական գիտելիքի խորացմանն ուղղված դասընթացների մասնակցության համար։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով և մասնագիտություններով:

Մրցույթի հիմնական նպատակներն են՝ երիտասարդ գիտնականների համար հասանելի դարձնել արտասահմանյան առաջատար գիտական կենտրոններում վերապատրաստվելու հնարավորությունը, հնարավորություն ընձեռել երիտասարդ գիտնականներին՝ մասնակցելու իրենց ոլորտի նորարական մեթոդների և մասնագիտական հմտությունների ձեռքբերմանն ուղղված դասընթացներին, աջակցել երիտասարդ գիտնականների մասնագիտական որակավորման բարձրացմանը և նպաստել ՀՀ գիտական արդյունքի որակի բարձրացմանը և միջազգայնացմանը։

Վերապատրաստման մրցույթի շրջանակում նախատեսվում է ֆինանսավորում տրամադրել չորս ենթածրագրով։

Առաջին ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում երիտասարդ գիտնականներին արտասահմանյան գիտական կենտրոններում վերապատրաստման համար։

Երկրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան գիտական կենտրոններում գիտական ստորաբաժանումների երիտասարդ ղեկավարների մասնագիտական վերապատրաստման և հմտությունների կատարելագործման համար։

Երրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսավորման տրամադրում արտասահմանյան կազմակերպություններում ժամանակակից սարքեր-սարքավորումների վրա աշխատելու հմտությունների կատարելագործման համար։

Երեք ենթածրագրերով հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025թ․ հոկտեմբերի 20-ը, իսկ ֆինանսավորման առավելագույն չափը՝ 4.000.000 ՀՀ դրամ։

Չորրորդ ենթածրագրով նախատեսվում է ֆինանսական աջակցության տրամադրում երիտասարդ գիտնականների՝ արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների կողմից կազմակերպվող դասընթացների (կարճատև կուրսեր, աշխատաժողովներ, սեզոնային դպրոցներ) մասնակցության համար։ Այս ենթածրագրով մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2025թ. նոյեմբերի 3-ը, իսկ ֆինանսավորման առավելագույն չափը՝ 1.500.000 ՀՀ դրամ։

Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել մինչև 2025թ․ նոյեմբերի 30-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս