Ռուբեն Մամուլյան. «Ինչպես կարելի է աշխարհն ավելի լավը դարձնել»
Ինչ է կինոն, եթե ոչ լավագույն հայտնագործություններից մեկը, ինչին կարող էր ընդունակ լինել մարդկային միտքը: Ու թեև մարդկային մտքի ոչ լավագույն տեսակն այն օգտագործել է պրոպագանդայի և ագիտացիայի, և կշարունակի օգտագործել մանիպուլյացիայի համար, կինոն մնալու է մարդու կյանքի մի զգալի մասի անցկացման լավագույն տարածքը և ժամանակը: Եվ տարածության ու ժամանակի շարժապատկերներում հետաքրքիր է հանդիպել ազգանվան «յան» վերջածանցը կրող կինոռեժիսորների, որոնք ունեցել են և ունեն բավարար համարձակություն ու ներկայանալիություն դառնալու համաշխարհայինի լիարժեք մասնիկը՝ թույլ չտալով մոռացության մատնել այն հզորությունն ու մեծությունը, որն իրականում կրում են այդ երեք խորհրդանշական տառերը: Նրանցից է համաշխարհային կինոյի մեծագույն հայը`նորարար Ռուբեն Մամուլյանը և, իհարկե, նրա ստեղծագործությունները, որոնք դիտելով հանդիսատեսին արժե հոգևոր և մտավոր վերելք ապրել, իսկ կինոռեժիսորներին՝ սովորել:
Ռուբեն Մամուլյան՝ բնածին կինեմատոգրաֆիստը: Այսպես է ռեժիսորին նկարագրում կինոգետ Ռոնալդ Բերգենը: Հեղինակը գրում է, որ ձայնի մուտքը կինո միաժամանակ և ՛անեծք էր, և ՛օրհնություն: Մամուլյանն այն դարձրեց օրհնություն: Լինելով բնածին կինեմատոգրաֆիստ Մամուլյանն անմիջապես հրաժարվել է թատրոնի պայմանականություններից և նետվել նոր միջավայր:
«Իր առաջին՝ «Ծափահարություններ» ֆիլմում (1929) Մամուլյանը պնդել է, որ որոշակի տեսարաններում օգտագործվի երկու խոսափող՝ հետագայում խառնելու համար ձայնը: Այն ժամանակ շարժվող տեսախցիկի հետ համատեղվող բարդ սաունդթրեքը հեղափոխական էր» (1), – գրում է Ռ. Բերգենը:
Դժվար է մտածել՝ ի՞նչ դիտել Մամուլյանից հարցի մասին, որը հաճախ է առաջանում, երբ նոր ես «ծանոթանում» ռեժիսորի հետ: Ես կողմնակից եմ բոլորին, բայց բարդ է ընտրությունը՝ ո՞ր ֆիլմից սկսել: Այդ հարցում օգնելու պատասխանատվությունն ինձ վրա վերցնել չեմ կարող, բայց կարող եմ նշել նրա անունը, ով անկախ իր կամքից, կամ գուցե թե բոլորովին հակառակը, տարիներ առաջ հուշում տվեց: Խոսքը ֆրանսիացի փիլիսոփա, նշանագետ Ռոլան Բարտի մասին է: Նրա կարճ, բայց հարուստ էսսեն՝ «Գրետա Գարբոյի դեմքը», ծանոթացրեց ինձ ոչ միայն Գրետա Գարբոյի, այլ նաև Ռուբեն Մամուլյանի հետ: Էսսեում Բարտն անդրադառնում է Ռուբեն Մամուլյանի՝ 1933 թվականին նկարահանած «Քրիստինա թագուհի» ֆիլմում գլխավոր հերոսուհուն կերտած Գրետա Գարբոյին, մասնավորապես, նրա դեմքին՝ անվանելով այն «հիանալի դեմք-օբյեկտ»: «…դիմահարդարման տակ այն (դեմքը, – հեղ.) թվում է ձնե դիմակ: … Չնայած իր բացառիկ գեղեցկությանը՝ այս դեմքը ոչ այնքան գծված է, որքան քանդակված է հարթ-փխրուն, իդեալականորեն անկայուն նյութից» (2), -գրում է Բարտը: Ռուբեն Մամուլյանի այս հնարքին անդրադարձել է նաև Բերգենը, նշելով, որ կինոռեժիսորը մշակել է բազմաշերտ դիմահարդարման բարդ համակարգը՝ լուծումներից և կտրվածքներից խուսափելու համար:
«Քրիստինա թագուհի» ֆիլմում միայն դիմահարդարման բազմաշերտությունը չէ, սակայն, որ հիացնում է: Լույսի ու ստվերի էքսպրեսիոնիստական լուծումները և պատումի ողբերգականությունը պահանջում են բարձր ինտելեկտ, ինչը հատուկ է Մամուլյանի ֆիլմերին: Իսկ 6 տարեկանում Շվեդիայի գահին բազմած Քրիստինայի երիտասարդությունը մարմնավորած Գրետա Գարբոն իր դեմքով, կեցվածքով, հումորներով, որոնց բախվում է Քրիստինա թագուհին, պատերազմի ու խաղաղության մասին հերոսուհու սեփական ընկալումներով ու բարդ ընտրություններ կատարելու նրա կարողությամբ ընդունակ է կինոարվեստի նման որակի պատրաստ հանդիսատեսին հաղորդել այնպիսի էյֆորիա, ինչպիսին 1920-ականներին հաղորդում էր Ռուդոլֆ Վալենտինոյի՝ մեծ էկրանին երևացող դեմքը: Կնոջ մեջ գոյակցող առնականության և կանացիության հատումներում Մամուլյանը ստեղծել է սիրո պատմություն՝ հավասարապես և՛ ռոմանտիկ, և՛ էրոտիկ, որը պատերազմի պատճառով 6 տարեկանում թագավոր դարձած Քրիստինային փոխակերպում է հասուն թագուհու, ում կանացիությունը խորհրդանշում է խաղաղություն:
Ռուբեն Մամուլյանին իսկապես ճանաչելու համար պարտադիր է դիտել մյուզիքլ: 1932 թվականին Մամուլյանի նկարահանած «Սիրիր ինձ այս գիշեր» կատակերգական, մելոդրամատիկ մյուզիքլում ձայնային մշակումը հասցված է հագեցածության ամենաբարձր մակարդակին: Մամուլյանի հեղինակությունը ձևավորած առաջին չորս ֆիլմերից չորրորդը՝ նկարահանված «Paramount» կինոընկերությունում, պատմում է դերձակ Մորիսի (Մորիս Շեվալյե) և նրա արկածների մասին: Ֆիլմը կառուցված է գործողություն/ձայն մեխանիզմով. գրեթե յուրաքանչյուր գործողություն, շարժում, դիմախաղ ունի իր ձայնային ուղեկցությունը, որը հասցված է ակրոբատիկ ճշգրտության: Ռոմանտիկ է, չէ՞: Երգելը Մամուլյանի ֆիլմի հերոսների ինքնաարտահայտման գլխավոր միջոցն է: Մամուլյանը երգը դարձրել է երկխոսության մի մաս, այն հասանելի է բոլորին: «Սիրիր ինձ այս գիշեր» կինոնկարում դերասանները շարժվում են այնպես, ասես պարում են, բայց բուն խորեոգրաֆիան մշակված չէ նույնքան, որքան ձայնային ձևավորումը, ի տարբերություն ռեժիսորի «Մետաքսե գուլապաներ» (1957) երաժշտական ֆիլմի, որը համաշխարհային լուրջ ուշադրություն է գրավել Ֆրեդ Ասթերի և Սիդ Չարիսի պարային տեսարանների շնորհիվ: Իր նորարարություններին անդրադառնալով՝ Ռուբեն Մամուլյանը 1983 թվականին տված հարցազրույցում ասել է. «Դուք պետք է վստահեք ձեր բնազդին, ինտուիցիային և դատողությանը: Դուք պետք է ուրիշ բան անեք»: Նա ասել է, որ ամբողջ երկրով մեկ դասախոսություններ է կարդացել կինոյի ոլորտի ուսանողներին: «Նրանցից չափազանց շատերը ստրկորեն հետևում են հեղինակությանը: Էկրանի լավագույն պահերից որոշները իրականացվել են, որովհետև ռեժիսորը դեմ է դուրս եկել ամբողջ բանականությանը, ամբողջ տրամաբանությանը: Որքան էլ անհավանական թվա պատմությունը, այն կարելի է դարձնել արժանահավատ» (3):
Մամուլյանի վերը քննարկված երկու ֆիլմերում հետաքրքիր ընդհանրություն կա: Երկու պատումներում էլ տեսնում ենք բարդ բաժանում հանրային և մասնավոր ես-ի միջև՝ հակասական ինքնություն (4), ինչին կհանդիպենք նաև «Երգերի երգը» (1933) գեղարվեստական կինոնկարում: Այս երկու «ես»-երից մեկի ոչնչացումը կամ նրանց երկուսի ավելի սերտ համադրումը հանդիսանում է պատումի գլխավոր կոնֆլիկտը: Այն ավելի ակնհայտ դրսևորում ունի «Զորոյի նշանը» (1940) ֆիլմում, որտեղ հերոսը դիտավորյալ է վերցնում երկու հակադիր ինքնություն՝ իր իրական ինքնությունը թաքցնելու համար: «Քրիստինա թագուհի» ֆիլմում Գրետա Գարբոյի մարմնավորած կերպարը թաքցնում է իր կին և, մասնավորապես, թագուհի լինելը տղամարդու հագուստ կրելով: Դերձակ Մորիսը ստիպված է լինում թաքցնել իր մասնագիտությունը բարոնի կոչման տակ՝ սիրելիի սիրտը գրավելու համար:
Ինքնությունների բաժանմամբ ստեղծված երկու աշխարհների հետ աշխատելը եղել է Ռուբեն Մամուլյանի գլխավոր հետաքրքրությունը կինոյում: 1983 թվականին հեռախոսային հարցազրույցում ռեժիսորին հարցրել են, թե ինչով է նա ուզում առավել շատ զբաղվել կինոյում: Նա, ինչպես գրում է The New York Times-ը, իր ռիթմիկ հայերեն ակցենտով պատասխանել է.
«Աշխարհն այսօր այնքան լի է բռնությամբ, անպարկեշտությամբ, պատերազմով, քաղաքական համակարգերի ձախողմամբ: Ես փորձում եմ ֆիլմեր նկարահանել, որոնք մարդկանց մի փոքր ավելի ինքնավստահ են դարձնում: Բայց դա չի նշանակում լինել շողոքորթ: Ֆիլմը պետք է ունենա երկու տարր. այն պետք է առնչվի իրական աշխարհի հետ և ցույց տա, թե ինչպես կարելի է այն ավելի լավը դարձնել» (Տես՝ 3):
Անի Գաբուզյան
Հղումներ՝
1. Bergan R., Rouben Mamoulian, the natural born cineaste, theguardian.com, 2008.
2. Барт Р., “Мифологии”, “Лицо Греты Гарбо”, 1957.
3. Flint P., Rouben Mamoulian, Broadway Director, Is Dead, nytimes.com, 1987.
4. Danks A., Mamoulian, Rouben, sensesofcinema.com, 2007.