«2019թ. գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչո՞ւ, եթե կարող է, թող բոլոր «ինչու»-ների պատասխանը տա, մենք էլ մեր պատասխանները կտանք». Տեր Սարգիս քահանա Սարգսյան
Նիկոլ Փաշինյանն այսօրվա Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում կրկին անդրադարձավ Առաքելական եկեղեցուն, հոգևորականներին՝ Վեհափառ հայրապետի գլխավորությամբ, մեղադրելով Ադրբեջանի հետ «պատերազմ հրահրելու» մեջ, քանի որ պատարագների ժամանակ օգտագործում են «Արցախի Հանրապետություն» արտահայտությունը։
«Ասում եմ, որ Կտրիճ Ներսիսյանը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը ՀՀ-ում։ Եկեղեցու պատարագների ժամանակ 40-ից ավելի անգամներ օգտագործվում է «խաղաղություն» բառը, ընդ որում՝ 4-5 անգամ ընդգծվում է՝ Տեր Աստված, տուր աշխարհին խաղաղություն։ Այստեղ խոսքը նաև հոգևոր բնույթի ծառայության մասին է։ Սա ևս մեկ օրինակ է, որ այդ մարդիկ ընդհանրապես հոգևոր ծառայության հետ կապ չունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Արագածոտնի թեմի հոգևորական Տեր Սարգիս քահանա Սարգսյանն անցել է Արցախի 90-ականների պատերազմի միջով, տեսել է, թե ինչպես էր Հայաստանի Հանրապետությունը քաջալերում Արցախին ու արցախահայերին։
«Հանուն այդ Արցախի, մենք 6 հազարից ավելի զոհեր ենք տվել, այդ ժամանակ Արցախը մե՞րն էր, հիմա ասում են՝ Արցախը մեր չէ՞, սա մենք ինչպե՞ս հասկանանք, այդ մարդը սա ինչպե՞ս մեզ կբացատրի։
Ինձ, իմ ծնողին, նրա սերնդակիցներին, ովքեր այդ պատերազմին մասնակից են եղել, սա ինչպե՞ս կարող է բացատրել, որ Արցախն այլևս մերը չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
Ըստ հոգևորականի, եթե Արցախը չպետք է հիշեն, ուրեմն՝ պետք է չհիշեն նաև՝ ով է եղել իրենց ծնողը, արմատները որտեղի՞ց են, միայն թող ասեն, որ ՀՀ քաղաքացի են, ու վերջ։ Բայց այդպես չի կարող լինել, մարդը պետք է ասի՝ ինքն ով է, ինչ ընտանիքի ու ծնողի զավակ է, որտեղից է արմատներով, և այլն։
«Մենք ինչո՞ւ ենք 90-ականներին Արցախի համար այդքան զոհ տվել, հանուն ոչ մի բանի՞, սա իրենք մեզ չեն կարող բացատրել։
Ինքը 2019 թվականին գոռում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչո՞ւ, եթե կարող է, թող այս բոլոր «ինչու»-ների պատասխանը մեզ տա, մենք էլ մեր հերթին մեր պատասխանները կտանք»,- հավելեց տեր Սարգիս քահանա Սարգսյանը։
Մեր զրուցակիցը չի բացառում, որ մի օր իշխանությունը կարգելի «Արցախ» բառի օգտագործումն, այդ թվում՝ եկեղեցում։
«Իրենք հայտարարում են, թե ովքեր իշխանությունների հետ չեն և կաթողիկոսի կողքին են, ուրեմն՝ «գործակալ» են։ Այս նույն տրամաբանությամբ վաղն էլ ինչ ուզեն, կասեն»,- շեշտեց Տեր Սարգիս քահանա Սարգսյանը։



