Ինչի՞ց են զգուշացնում Իրանի դեմ պատերազմում Երևանը, Թբիլիսին ու Բաքուն

Նախօրեին Եվրոպական խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարևանությամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ծավալվող պատերազմին։

Նա նշեց, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների, ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ իր ներկայացրած դրական պատկերը մթագնվում է այն իրադարձություններով, որ տեղի են ունենում ՀՀ հարևանությամբ, Իրանի Իսլամական Հանրապետությունում և մերձավորարևելյան մի շարք երկրներում։ Նա մասնավորապես ասաց․

«Իրանը մեր լավ բարեկամն է, մեր հազարամյա հարևանը։ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունների ծավալն արդեն տեսաք։ Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը, Օմանը, Քուվեյթը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Սիրիան մեր լավ գործընկերներն են։ Սաուդյան Արաբիայի հետ վերջերս պատմական քայլ ենք արել, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել։ Մենք ցավ ենք ապրում՝ տեսնելով այն, ինչ կատարվում է Մերձավոր Արևելքում։ Միջազգային այսպիսի մասշտաբի ճգնաժամի ֆոնին, առավել ևս՝ մենք փոքր, համեստ պետություն ենք, և մեզ մնում է միայն աղոթել բոլոր զոհերի հոգիների հանգստության և գործընկեր առաջնորդների իմաստնության համար, որ նրանք րոպե առաջ գտնեն դիվանագիտական լուծումներ»։

Ավելի վաղ ևս անդրադարձել էինք հարցին, որ հայկական կողմն Իրան-ԱՄՆ-Իսրայել ռազմական դիմակայության հարցում և հատկապես՝ իրանական ուղղությամբ հեռադիր դիրքորոշում է ստանձնել, որը հաստատվեց Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությամբ։ Հայկական կողմն Իրանի դեմ սանձազերծված պատերազմից ի վեր աչքի չի ընկել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ սերտ շփումներ նախաձեռնելով, և այլն։

Կարդացեք նաև

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել իր իրանցի պաշտոնակցի հետ, և ըստ իրանական կողմի տարածած հաղորդագրության, պատրաստակամություն հայտնել մարդասիրական աջակցություն ցուցաբերել։ Եվ այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ Հայաստանից Իրան մարդասիրական օգնություն չի ուղարկվել։

Սա հատկապես հետաքրքրական է՝ հիշելով հանգամանքը, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի դեպքում հայկական կողմը ժամանակ չկորցրեց և օգնություն ուղարկեց Թուրքիա։ Այնուամենայնիվ, ՀՀ իշխանությունների այս զգուշավորության ֆոնին վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանն ամենայն հավանականությամբ Իրանի հետ համապարփակ ռազմավարական փաստաթուղթը կստորագրի Փաշինյանի՝ Իրան այցի ժամանակ։

Ի տարբերություն պաշտոնական Երևանի, Բաքուն, չնայած մշտապես ունեցել է լուրջ տարաձայնություններ Իրանի հետ, փորձում էր նաև Իրանին ընդառաջ ժեստեր իրականացնել։ Իլհամ Ալիևն այցելել էր Ադրբեջանում ԻԻՀ դեսպանատուն և ցավակցել դեսպանին ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։

Նախիջևանյան միջադեպը փոքր-ինչ փոխեց Ադրբեջանի դիրքավորումը, Ադրբեջանի ղեկավարությունը մի քանի սուր հայտարարություններով հանդես եկավ, սակայն այս օրերին շարունակում է պահպանել չեզոքություն և զգուշավորություն, զուգահեռաբար ունենալով սերտ հարաբերություններ Իսրայելի հետ։ Ադրբեջանը նաև մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան, ի դեպ, նախիջևանյան միջադեպից հետո։

Վրաստանի իշխանությունները ևս նկատելի զգուշավորություն են ցուցաբերում, թեև ոչ իշխանական մի շարք գործիչներ արձանագրում են ԱՄՆ-ի երբեմնի սերտ գործընկեր Վրաստանում իրանական ազդեցության աճ։

Ռուս վերլուծաբան, արևելագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության պայմաններում Հարավային Կովկասի երեք երկրների դիրքավորումը զգուշավոր է իրականում, ինչը պայմանավորված է ոչ միայն աշխարհաքաղաքական հաշվարկներով, այլև տարածաշրջանի խոցելիությամբ։

Նա նշեց, որ Հարավային Կովկասը գտնվում է հակամարտության անմիջական հարևանությամբ, և ցանկացած կտրուկ հայտարարություն կամ դիրքորոշում կարող է արագ վերածվել քաղաքական կամ անվտանգային ռիսկի։ Այդ պատճառով, վերլուծաբանի խոսքով, երեք երկրներն էլ փորձում են խուսափել բացահայտ կողմնորոշումից և պահպանել դիվանագիտական մանևրելու հնարավորությունը։

«Հայաստանի համար Իրանը չափազանց կարևոր երկիր է, ի տարբերություն Ադրբեջանի ու Վրաստանի։ Դա հատկապես պայմանավորված է Իրանի հետ ռազմավարական կարևոր հարաբերություններով, Իրանը Հայաստանի համար ոչ միայն տնտեսական և էներգետիկ գործընկեր է, այլև տարածաշրջանային ելք, հատկապես այն պայմաններում, երբ Հայաստանը փակ սահմաններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը շատ է խորացրել հարաբերություններն Արևմուտքի հետ, ուստի չի կարող Արևմուտքի դիրքավորումն Իրանի նկատմամբ հաշվի չառնել, որի պատճառով հռետորաբանությունն ու քայլերը չափազանց չեզոք են, թեև Իրանի կարևորությունն ու դերակատարությունը Հայաստանի համար հնարավոր չէ գերագնահատել»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Նա գտնում է, որ Իրանի առումով Ադրբեջանի դիրքորոշումն ավելի բարդ է։

«Մի կողմից՝ Բաքուն ունի սերտ ռազմավարական և ռազմական համագործակցություն Իսրայելի հետ, որը նրա համար կարևոր տեխնոլոգիական և պաշտպանական գործընկեր է։ Մյուս կողմից՝ Իրանն Ադրբեջանի անմիջական հարևանն է, և ցանկացած կտրուկ դիրքորոշում կարող է սրել արդեն իսկ լարված հարաբերությունները Թեհրանի հետ։ Այդ պատճառով Բաքուն փորձում է պահպանել զգուշավորությունը՝ չվտանգելով ոչ Իսրայելի հետ գործընկերությունը, ոչ էլ Իրանի հետ հարաբերությունների կայունությունը։

Բացի այդ, Ադրբեջանը փորձում է անել իրանական ուղղությամբ քայլեր՝ ապացուցելու համար, որ չեզոք է կամ աջակցում է Իրանին։ Ադրբեջանի դեպքում արևմտյան գործոնն այդքան զգալի չէ, թեև այս փուլում Ադրբեջանը ևս նախկինի համեմատ ավելի սերտ գործընկերություն ունի թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

Խոսելով Վրաստանի մասին, նա ասաց, որ Վրաստանի զգուշավորությունը հիմնականում պայմանավորված է նրա արտաքին քաղաքական հավասարակշռությամբ։

«Թբիլիսին ձգտում է չխորացնել խնդիրներն Արևմուտքի հետ, սակայն միաժամանակ խուսափում է ներգրավվել տարածաշրջանային ռազմական դիմակայությունների մեջ։ Վրաստանի համար առաջնայինը տարածաշրջանային կայունությունն ու տնտեսական հաղորդակցությունների անվտանգությունն են, քանի որ ցանկացած էսկալացիա կարող է վտանգել էներգետիկ և տրանսպորտային միջանցքները, որոնք անցնում են երկրի տարածքով։ Այս տեսանկյունից Վրաստանը կոնկրետ մտահոգություններ ունի»,- նշեց վերլուծաբանը՝ շարունակելով, որ զգուշավորությունը կարևոր է նաև ավելի լայն իմաստով։

Նրա կարծիքով, Հարավային Կովկասը հանդիսանում է մի տարածաշրջան, որտեղ հատվում են մեծ պետությունների շահերը, և ցանկացած սխալ հաշվարկ կարող է արագ փոխել անվտանգության հավասարակշռությունը։

«Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի կողմից զգուշավոր քաղաքականությունը ցույց է տալիս մտավախությունը, որ Մերձավոր Արևելքի լարվածությունը կարող է հեշտությամբ տեղափոխվել նաև Հարավային Կովկաս, ինչպես տեղափոխվեց Իրանի հարևան երկրներ, որտեղ կան ամերիկյան բազաներ»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին։

Հիշեցնենք նաև, որ վերջերս ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանում որոշում է կայացվել չթիրախավորել հարևան երկրները, եթե այդ երկրներից սպառնալիք չլինի։

«Այն բազաները, որոնք օգտագործվում են մեր երկրի վրա հարձակվելու համար, մեր օրինական իրավունքի շրջանակում կմնան մեր թիրախում»,- Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցում ասել էր Փեզեշքիանը։

Տեսանյութեր

Լրահոս