Արդյո՞ք բանակի ոչ պահուստային դերակատարումը պատերազմի մեսիջ է. Ալիևի, Էրդողանի և Փաշինյանի քաղաքական ընկալումների տարբերությունը
Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ ասել է.
«Ձեր հարցի մեջ մի այսպիսի շեշտ էլ կա, ասում եք՝ խաղաղություն է, կարո՞ղ է՝ պատերազմ կա՝ ես տեղյակ չեմ: Կամ՝ ինչ-որ տեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, զոհեր ու վիրավորներ կան, ինձ չեք ասում, խնայում եք ինձ։
Որտե՞ղ պատերազմ կա, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն և այլն, լուսաբանեք, իմանանք՝ որտեղ կա այդ ամենը Հայաստանի Հանրապետությունում»:
Այսինքն, Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ռազմական օպերացիայի համատեքստում այս օրերին փորձագիտական, քաղաքագիտական մտահոգությունները դարձյալ մանիպուլացվում են, այնպես, ինչպես ընդդիմադիր քաղաքական ուժերի, հոգևորականների և շարքային քաղաքացիների խաղաղության ցանկանալ-չցանկանալը, և թե ինչն է մղում պատերազմի և ինչը՝ ոչ: Բայց սրան քիչ ուշ կանդրադառնանք:
Հիմա տեսնենք, թե Իրանի դեմ օպերացիայի ֆոնին վերջին օրերին ինչ հայտարարություններ են արել կամ ինչպես են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Ի դեպ, այս երկրներում ևս պատերազմ չկա:
Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Էրդողանն իր վերջին հայտարարություններից մեկում շեշտել է հետևյալը՝
■ Այս պատերազմը պետք է կանգնեցնել, այն կարող է տարածվել, և ամբողջությամբ տարածաշրջանը հայտնվի կրակի մեջ։ Հնարավորության դեպքում դիվանագիտությունը, անշուշտ, կարող է դրան հասնել։
■ Չնայած բանակցությունների սեղանի շուրջ խնդիրները լուծելու հնարավորությանը, հաշվարկների, սխալ գնահատականների, և, իհարկե, արյունարբու ցանցի սադրանքների պատճառով, մեր տարածաշրջանը նորից պատված է արյան և վառոդի հոտով։
■ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակի զգայունությունը, մենք ծայրահեղ զգուշավոր ենք արտահայտվում։ Մենք գործում ենք զուսպ` Թուրքիային պաշտպանելու նրա շուրջ բոցավառվող հրդեհից։
Մենք ձեռնարկում ենք անհրաժեշտ միջոցներ՝ կանխելու մեր տարածաշրջանում արյունալի սցենարները, որոնք փորձ է արվում իրականացնել, և առաջին հերթին՝ միջդավանական հակամարտությունները։
■ Մենք չունենք սուննիզմ կամ շիիզմ, մենք ունենք միայն մեկ կրոն՝ իսլամը։
Ի դեպ, սրանից առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը խոսել էր մեկ այլ վտանգի մասին, որ Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրող սցենարները հանգեցնելու են փախստականների մեծ հոսքի հարևան երկրներ և դրանից դուրս:
Այսինքն, կա հստակ գիտակցում անվտանգային ռիսկերի և առաջին հերթին՝ հենց Թուրքիայի համար: Եվ այս տրամաբանության մեջ Էրդողանը մի կողմից՝ զգուշավորություն է դրսևորում, մյուս կողմից՝ չի մոռանում սեփական անվտանգային շահերից ելնելով՝ զգուշացումներ անել, այդ թվում՝ Իրանին, որի հետ կապված, ինչպես նշեցինք, նաև զգուշավորություն է պահպանում: Այսինքն, երբ պետք է՝ հիշեցնում է ռազմական պոտենցիալի մասին, դրանից դուրս՝ նուրբ դիվանագիտություն դրսևորում:
Ի դեպ, այսօր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունն ի պատասխան Իրանից հնչող հայտարարություններին, որ իրենք հարևան երկրները չեն թիրախավորում, այլ այդ տարածքներում ԱՄՆ բազաները, իսրայելական ռազմական հայտնի և անհայտ օբյեկտները, հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Ամերիկացի զինվորների ներկայությունը չի նշանակում, որ դա ԱՄՆ բազա է: Ռազմաօդային ուժերի 10-րդ հրամանատարությունը տեղակայված է Ինջիրլիքում (Ադանա)։ Բայց այստեղ մեր F-16 կործանիչներն են, լցավորող ինքնաթիռները, անօդաչու թռչող սարքերը։ Այդ բոլոր օբյեկտները, սարքավորումները պատկանում են Թուրքիային: Բազայի հրամանատարն էլ մեր բրիգադային գեներալն է: Ի դեպ, այնտեղ կա ռազմական անձնակազմ նաև Իսպանիայից, Լեհաստանից, Կատարից»:
Միաժամանակ, Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը շեշտել է, որ իրենք շարունակում են պայքարի համապատասխան միջոցներ ձեռնարկել անվտանգային սպառնալիքների դեմ, այդ թվում՝ Իրան-ԱՄՆ-Իսրայել հակամարտության ֆոնին, և, որ երկրի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը բազմաշերտ կառուցվածքի շրջանակում է իրականացվում՝ ելնելով սպառնալիքների գնահատումից և օպերացիոն անհրաժեշտությունից: Անկարան այս համատեքստում նաև հիշեցրել է, որ մաս է կազմում ՆԱՏՕ-ի հակաօդային և հակահրթիռային համակարգի, ինչը ենթադրում է վաղ նախազգուշացման, կառավարման և վերահսկման համակարգերի և որսացող հրթիռների առկայություն:
168.am-ը գրել էր, որ Թուրքիայի ռազմօդուժի համակարգը 44-օրյային փոխկապակցված էր ՆԱՏՕ-ի հրամանատրման և վերահսկման համակարգին:
Ի դեպ, Իրանին ուղղված թուրք-ադրբեջանական մեղադրանքների ֆոնին մարտի 11-ին Թուրքիայի բանակի Ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նախիջևան, եղել Նախիջևանի առանձին համազորային բանակում, հանդիպել հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քյանան Սեիդովի հետ։
Մեթին Թոքելը նշել է, որ Թուրքիան միշտ կանգնած է Ադրբեջանի կողքին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և անվտանգության լիարժեք ապահովման նպատակով, և, որ Շուշիի հռչակագրի տրամաբանության մեջ պատրաստ են ցուցաբերել ցանկացած ռազմական օգնություն։

Հանդիպման վերջում կողմերը քննարկել են համատեղ զորավարժությունների պլանավորմանն առնչվող հարցեր:
Թուրք գեներալը հանդիպել է նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջաիլիովի հետ: Հանդիպմանը նախ հիշվել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցությունը, այնուհետև անդրադարձ է արվել Նախիջևանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարձակումներին, բայց չի շեշտադրվել Իրանի անունը, որն այս միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել:
Իսկ ինչ է ասել Ադրբեջանի նախագահ Ալիևն իր վերջին ելույթում տարածաշրջանում և դրա շուրջ անվտանգային իրավիճակի և խաղաղության հաստատման հետ կապված:
«2020 թվականին, 44-օրյա պատերազմի ժամանակ ականատես եղանք ուժով «մեր տարածքների ազատագրմանը»։ Կարծում եմ, որ սա կարևոր ցուցիչ է. եթե խաղաղ լուծման հույս չկա, իսկ ճշմարտությունը, արդարությունը և միջազգային իրավունքը քո կողմն են, խաղաղության հասնելու համար երբեմն պետք է ուժ կիրառել։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։ Մենք Հայաստանի հետ խաղաղության հասանք նախ՝ ուժով, ապա՝ քաղաքական միջոցներով։ Ես կասեի, որ վերջին տասնամյակների պատմության մեջ սա հազվագյուտ դեպք է, երբ երկիրն ուժով վերականգնում է իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և դրանով իսկ հասնում խաղաղության»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ այսօր Հայաստանի հետ խաղաղության են հասել:
Մյուս կողմից՝ Ադրբեջանի ղեկավարը շարունակում է, որ «խաղաղության հասնելը հեշտ չէ»:
«Այսօր մենք տեսնում ենք, որ ձգձգվող հակամարտությունները շարունակվում են, և աշխարհի քարտեզի վրա ի հայտ են գալիս լարվածության նոր օջախներ։ …Այսօր, ավելի քան երբևէ, անվտանգության և կայունության հարցերը պետք է մնան ցանկացած պետության օրակարգի առաջնահերթություն, որովհետև առանց դրանց՝ մնացածը դառնում է անիմաստ»,- ընդգծել է նա:
Իսկ Ալիևը մեկ անգամ չէ, որ ասել է՝ բանակը մնում է անվտանգության ապահովման առաջնային գործոն, չնայած ուժեղ դիվանագիտությանը:
Իսկ ինչ է փորձում ներարկել հասարակության մեջ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, Եվրոպական խորհրդարանում իր ելույթի միջոցով կամ Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ:
Ընդ որում, Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, որ այսօրվա աշխարհում խաղաղությունը չի կարող ամուր լինել, որ միջազգային իրավունքով հարցեր հնարավոր չի կարելի լուծել, բայց միևնույն է՝ չի տալիս զինված ուժերին այն կարևորությունը, ինչ Էրդողանը և Ալիևը: Հիմա՝ առավել առարկայական:
Օրինակ, Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հայտարարել է.
«Մեզ քննադատում են հաճախ, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը կատարյալ չէ, բայց խնդրում եմ ասեք, իսկ որտե՞ղ է խաղաղությունը կատարյալ, որտե՞ղ կա կատարյալ խաղաղություն և որտե՞ղ է եղել ու երբ։
Եվ ընդհակառակը, խաղաղության նկատմամբ խնամք տանելու կամքն է, որ այն կատարյալին հնարավորինս մոտ դարձնելու տարբերակներ է ստեղծում, և մենք այսպես ենք մոտենում բոլոր հարցերին, ներառյալ՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցների խնդրին»:
Այսինքն, Փաշինյանը ևս ընդունո՞ւմ է, որ չի կարող խոսք գնալ խաղաղության մասին, քանի դեռ Բաքվում Ալիևը պահում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը, և չի պատրաստվում դեռ ներում շնորհել: Այսինքն, նրանց վերադարձը քաղաքական որոշում է լինելու, այդ դեպքում՝ ինչո՞ւ նրանց վերադարձը չի դիտարկվում՝ որպես նախապայման խաղաղության պայմանագրի կնքման, ինչպես Ադրբեջանը ՀՀ սահմանադրությունից Անկախության հռչակագրի բացառումն է դիտում, որին Փաշինյանն արդեն համաձայնել է՝ «նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա»:
Իսկ այն, որ Ադրբեջանը չի պատրաստվում ձերբազատվել իր սահմանադրության մեջ առկա և Հայաստանի Հանրապետության դեմ կոնֆլիկտի տրամաբանությամբ պահանջներից, դա գործող իշխանություններին չի հուզում, և այն, որ «Զանգեզուրի շրջանը» Բաքվի պետական քարոզչությունը համարում է ադրբեջանական և սպառնում վերադառնալ այդտեղ ֆիզիկապես: Ընդ որում, Ալիևը սա չի կապում ՀՀ-ում Արցախի Հանրապետություն հիշատակել-չհիշատակելու հետ (ինչպես դա փորձում է ներկայացնել Փաշինյանը), այլ այդ հարցը դիտարկում է «արևմտյան Ադրբեջան» համայնքը ներկայացնողների միջազգային իրավունքի կոնտեքստում:
Շարունակենք Փաշինյանի մանիպուլյացիաների շարքը: Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ համատեղ հայտարարության ժամանակ նա, մասնավորապես, հայտարարել է.
«Բանակը մեզ համար անվտանգության ոչ թե գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է, երբ որ հանկարծ որևէ պայմաններում իմ ասած խաղաղության առաջնային գործիքները հանկարծ չաշխատեն՝ խաղաղությունը, համագործակցությունը, փոխգործակցությունը և այդպես շարունակ»:
Այսինքն, իրեն գերագույն հրամանատար համարող անձը բանակը դիտարկում է՝ ոչ թե որպես անվտանգային կարևոր ինստիտուտ, այլ՝ ընդամենը ռեզերվ, անվտանգային «պաշար», «պահուստային խաղացող», պահեստազոր: Եվ ոչինչ, որ անընդհատ խոսում են պրոֆեսիոնալ բանակի մասին:
Բնականաբար, երկիրը պետք է ունենա ուժեղ դիվանագիտություն, որպեսզի գործը չհասնի պատերազմին:
Իսկ ինչո՞ւ այս տրամաբանության մեջ չշարժվեց Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին, 2020 թվականին, որ չլիներ 44-օրյա պատերազմը, այդպե՞ս էր պետք:
Իսկ այսօրվա աշխարհում արդյո՞ք բանակցություններով հարցերի կարգավորումը մեկ կողմից է կախված: Պատերազմ լինում է, երբ կողմերից մեկն ինչ-որ պահի հրաժարվում է կատարել դիմացինի միակողմանի պահանջները, և համաձայնում է անհոգնել կատարել դրանք, օրինակ, ՀՀ օկուպացված տարածքների հայապատկան լինելը դնել կասկածի տակ, որ պատերազմ չլինի, չպահանջել Ադրբեջանի սահմանադրության փոփոխություն, որ պատերազմ չլինի, ինչ-որ պահի համաձայնել ադրբեջանցի փախստականների վերադարձին, որ պատերազմ չլինի, և այսպես շարունակ:
Կրկնում ենք՝ ՀՀ-ում ոչ ոք պատերազմ չի ցանկանում, այդ թվում՝ ոչ ռազմական, ինչին տանում է Փաշինյանը:
Ի դեպ, երբ ասում ենք՝ բանակը պետք է մնա անվտանգային կարևոր և առաջնային գործոն, դա, բնավ, չի նշանակում պատերազմի կոչ, ի վերջո, զինված ուժերն ունի տարբեր ստորաբաժանումներ, որոնք խաղաղ ժամանակ ևս կարևոր գործառույթներ ունեն՝ հետախուզությունից մինչև օդային սահմանի և ցամաքային տարածքների, դիրքերի պաշտպանություն և անձեռնմխելիություն: Ճշմարտությունը, որը շատ լավ հասկանում են Էրդողանը և Ալիևը, և որի հանդեպ «հանցավոր» անտարբերություն է դրսևորում Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը:
Օրինակ, օրերս տեղեկություն շրջանառվեց, որ Ադրբեջանը Պակիստանից ձեռք բերած JF‑17 կործանիչների համար Թուրքիային` ASELSAN պաշտպանական առաջատար ընկերությանը, պատվիրել է 40 միավոր ASELPOD նորագույն էլեկտրաօպտիկական նշանառության համակարգ, որը մշակվել է մարտական ինքնաթիռների համար։
Համակարգը թույլ է տալիս հայտնաբերել և հետևել մեծ հեռավորության վրա գտնվող թիրախներին, որոշել դրանց աշխարհագրական դիրքը և հասցնել ճշգրիտ հարվածներ։ Ընդ որում, ASELPOD-ը հնարավոր է ինտեգրել F-16-ին և անօդաչու թռչող սարքերին։



