«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 2200 քաղաքացի». ԱՆ խոսնակ

Առողջապահության  նախարարի խոսնակ   Հռիփսիմե Խաչատրյանը 168.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց, որ ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված  2200 քաղաքացիներից 800-ը պատվաստվել են «Սպուտնիկ V»-ով մինչև ապրիլի 13-ը՝ այդ ժամանակ Ռուսաստանը պատվաստանյութ նվիրաբերեց  Հայաստանին։ Այսինքն, ապրիլի 13-ից՝ պատվաստումների պաշտոնական մեկնարկից մինչև օրս «SputnikV» և «AstraZeneca» պատվաստանյութերով պատվաստվել է 1400 քաղաքացի: Ապրիլի 22-ի համեմատ պատվաստվողների թիվն աճել է 800-ով: Մեր հաջորդ հարցին, թե  տարիքային ո՞ր խմբի քաղաքացիներն են ավելի շատ դիմել պատվաստման համար, ԱՆ խոսնակը պատասխանեց.

«Տարիքային առանձին հաշվարկներ չեն լինում, պարզապես նախապես հայտարարված խոցելի խմբերի քաղաքացիներն են պոլիկլինիկաներից հրավիրվում պատվաստման, կան քաղաքացիներ, որոնք իրենք են հերթագրվում՝ իրենց նախաձեռնությամբ, զանգահարում, հերթագրվում, գնում պատվաստվում են»,- ասաց Խաչատրյանը:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ապրիլի 12-ին հայտնել էր, որ նախարարության որոշմամբ՝ «AstraZeneca»-ով կպատվաստվեն՝ 55 տարեկանից բարձր, իսկ «Sputnik V»-ով` 18-54 տարեկան ռիսկային խմբերում ընդգրկված քաղաքացիները: Մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարի խոսնակը նշեց, որ ցանկության դեպքում «AstraZeneca»-ով պատվաստվելու հնարավորություն կստանան նաև 18-54 տարեկան քաղաքացիները:

«18-ից մինչև 54 տարեկան շատ քաղաքացիներ կային, ովքեր ցանկանում էին պատվաստվել «AstraZeneca»-ով, վերանայում արեցինք, և հիմա ասում ենք, որ 18-ից բարձր ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է, կարող է գնալ հերթագրվել և պատվաստվել  «AstraZeneca»-ով»,- ասաց Խաչատրյանը:

Մեր հարցին, թե երիտասարդների շրջանում «AstraZeneca»-ով պատվաստման դեպքում թրոմբի առաջացման վտանգ չկա՞, խոսնակն ասաց.

«Մենք որ տարիքային շեմ էինք առանձնացրել, դա վտանգից ելնելով չէր, այլ պատվաստանյութի արդյունավետությունից: ԱՀԿ գտել էր, որ այս տարիքային խմբում «AstraZeneca»-ն ավելի արդյունավետ է, այնպես չէ, որ 55-ից ցածրերի դեպքում արդյունավետ չէ, բայց ասում էին, որ 55-ից բարձր տարիքային խմբում ավելի արդյունավետ է, ըստ այդմ էր առանձնացվել, դա ԱՀԿ-ի փորձագիտական տվյալների հիման վրա արված բաժանում էր: Իսկ հիմա, որ ցանկացողները շատ են, մենք էլ ասում ենք, որ եթե մարդը կամավոր գալիս ասում է, որ՝ ես ուզում եմ պատվաստվել, պետությունն իրավունք չունի դա սահմանափակելու»,- ասաց Խաչատրյանը և ավելացրեց, որ ինչպես ցանկացած պատվաստման ժամանակ, այս դեպքում էլ քաղաքացին նախապես զննություն է անցնում, բժիշկը զգուշացնում է  հնարավոր ազդեցությունների մասին:

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ պատվաստված անձանց շրջանում որևէ խնդիր չի եղել, չեն եղել նաև դեպքեր, որ քաղաքացիները հրաժարվեն ստանալ երկրորդ չափաբաժինը:

«Պատվաստվողների կապը տեղամասային բժշկի հետ պահվում է, ոչ մի լուրջ բան գրանցված չունենք: Մի քաղաքացի կարող է մեկ օր ջերմել, մեկի մոտ կարող է գլխացավ կամ գլխապտույտ լինել, դրանք  բոլորը սպասելի ռեակցիաներ են»:

Հռիփսիմե Խաչատրյանը տեղեկացրեց, որ պոլիկլինիկաներում պատվաստումներն իրականացվում են նաև ոչ աշխատանքային օրերին՝ առավոտյան 10:00-ից մինչև 16:00-ն:

«Քաղաքացին, պարտադիր չէ, որ պատվաստվի կցագրված պոլիկլինիկայում: Օրինակ՝ Երևանում ապրող, բայց այստեղ գրանցում չունեցող քաղաքացին կարող է դիմել այն տարածքի պոլիկլինիկա, որտեղ ինքն է ապրում, և այնտեղ նախապես գրանցվի ու պատվաստվի: Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները ևս իրավունք ունեն պատվաստումներից օգտվելու՝ հաշվի առնելով, որ այդ մարդն այստեղ ապրում, աշխատում է, օրինակ՝ դեսպանատան աշխատակիցը պատվաստման համար չպետք է գնա Իտալիա և հետ գա»,- ասաց Խաչատրյանը:

Հիշեցնենք՝ երեկ Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14.000 անձի համար (առաջին բաղադրիչը):

Տեսանյութեր

Լրահոս