«AstraZeneca»-ով կպատվաստվեն՝ 55 տարեկանից բարձր, «Sputnik V»-ով` մինչև 55 տարեկան քաղաքացիները. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ նախորդ շաբաթ նախարարության մասնագիտական խորհրդի անցկացրած աշխատանքային հանդիպումների արդյունքում որոշվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութն օգտագործելու հարցում նախարարության քաղաքականությունը:

««AstraZeneca»-ի պատվաստանյութի օգտագործման ցուցումներում որոշակի փոփոխություններ են կատարվել և լրացուցիչ ապահովության և անվտանգության համար կիրառվել է տարիքային սահմանափակում: Մենք ևս մանրակրկիտ ձևով նայել ենք, ուսումնասիրել ենք բոլոր մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացությունները և որոշում կայացրեցինք, որ «AstraZeneca»-ով պատվաստման համար ևս կսահմանենք տարիքային շեմ: 55 տարեկանից կիրականացնենք, միայն բարձր տարիքի քաղաքացիների համար»,- ասաց Անահիտ Ավանեսյանը:

Պատվաստվողների այս խմբում կընդգրկվեն 65-ից բարձր քաղաքացիները, 55-ից բարձր տարիքային խմբի բուժաշխատողները, 55-ից բարձր խրոնիկ հիվանդները և սոցիալական խնամքի կենտրոնի 55-ից բարձր բնակիչներն ու աշխատակիցները:

Ինչ վերաբերում է «Sputnik V» պատվաստանյութին, ապա այս պատվաստանյութով պատվաստվելու հնարավորություն կունենան 18-54 տարեկան բուժաշխատողները, մինչև 54 տարեկան խրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների մինչև 55 տարեկան բնակիչներն ու աշխատակիցները:

Անահիտ Ավանեսյանի խոսքով` նման ցուցումներով պատվաստումներ կիրականացվեն առաջիկա երկու շաբաթում, իսկ երբ ունենանք «Sputnik V» պատվաստանյութի նոր խմբաքանակ, ապա այս ցուցումները կվերանայվեն:

Նշենք, որ Հայաստանը ձեռք է բերել «AstraZeneca» և «Sputnik V» պատվաստանյութերը` համապատասխանաբար՝ 24․000 և 15․000 խմբաքանակներով, որոնցով առաջնահերթ պատվաստվելու են ռիսկային խմբերում ընդգրկված անձինք:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս