Վաղվանից՝ Երևանում, ապրիլի 14-ից` մարզերում կսկսվեն COVID-ի դեմ պատվաստումները. Անահիտ Ավանեսյան

Հայաստանում COVID-19-ի երրորդ ալիքն է, ռիսկային խմբում ներառված քաղաքացիների թիվն անցնում է 600 հազարը, Հայաստանն արդեն ձեռք է բերել «AstraZeneca» և  «Sputnik V» պատվաստանյութեր` համապատասխանաբար՝ 24․000 և 15․000 խմբաքանակներով, առողջապահության նախարարի խոսքով` սպասում են, որ առաջիկայում Չինաստանից որպես նվեր կստանան Sinovac պատվաստանյութ:

Առաջնահերթ պատվաստվելու են ռիսկային խմբերում ընդգրկված անձինք` 18-55 տարեկան քաղաքացիները` «Sputnik V», իսկ 55-ից բարձր քաղաքացիները` «AstraZeneca» պատվաստանյութով:

«Վաղվանից` ամսի 13-ից, արդեն մայրաքաղաքում կսկսվեն պատվաստումները և 14-ից մարզերում կսկսվեն… Առաջինը, գիտեք, որ քանի որ ժամանակային առումով «AstraZeneca»-ն է, վաղվանից կսկսվի «AstraZeneca»-ն, մեկ-երկու օրվա տարբերությամբ արդեն կսկսվի «Sputnik»-ը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ինչ վերաբերում է բնակչության շրջանում որոշ պատվաստանյութերի վստահելու ու որոշներին չվստահելու հարցին` Անահիտ Ավանեսյանը նշեց, թե բոլոր դեղամիջոցները, այդ թվում՝ պատվաստանյութերը, ունեն կողմնակի ազդեցություն: Եվ պետք է ռիսկը գնահատել ու COVID-ով վարակվելու, ծանր կամ ծայրահեղ ծանր ընթացքով հիվանդությունը տանելու ռիսկերը «միանշանակ հակակշռում են այն բոլոր փոքրաթիվ կողմնակի ազդեցությունները»:

Հիշեցնենք նաև, որ ըստ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ուրբաթ օրվա դրությամբ պատվաստվելու համար արդեն գրանցվել է 600 քաղաքացի: Իսկ առողջապահության նախարարի փոխանցմամբ` այժմ շարունակվում են աշխատանքները ռուսական կողմի հետ` «Sputnik V» պատվաստանյութ Հայաստան բերելու ուղղությամբ:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութերում 

Տեսանյութեր

Լրահոս