Դեռևս ոչ մի խնդիր, գանգատ գրանցված չկա. Առողջապահության նախարարությունը՝ «Սպուտնիկ V»-ով և «Astra Zeneca»-ով պատվաստվածների մասին

«Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»-ով և «Astra Zeneca»-ով պատվաստվել է մոտ 1400 քաղաքացի»,- այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ապրիլի 13-ից մինչև ապրիլի 21-ը «Սպուտնիկ V»-ով և «Astra Zeneca»-ով՝ միասին վերցված, արդեն 600 քաղաքացի պատվաստվել է:

«Սակայն, այս թվից բացի, 800 հոգի ևս պատվաստվել է «Սպուտնիկ V»-ով այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատվաստանյութ նվիրաբերեց  Հայաստանին: Ընդհանուր առմամբ, մոտ 1400 հոգի պատվաստվել է»,- փոխանցեց նա:

Հարցին՝ պատվաստված անձանց շրջանում եղե՞լ է որևէ խնդիր, վերջինս բացասական արձագանքեց՝ նշելով.

«Պատվաստված անձանց  շրջանում ոչ մի խնդիր չենք ունեցել: Հետադարձ կապն ապահովում ենք, անընդհատ զանգում, հետաքրքրվում են պատվաստված պացիենտով, դեռևս ոչ մի խնդիր, գանգատ  գրանցված չկա: Չեմ կարծում, որ ջերմությունը կամ գլխացավը խնդիր է, որովհետև սպասելի ռեակցիա է՝ յուրաքանչյուր պատվաստումից հետո, կապ չունի՝ մարդը կարմրուկի, խոզուկի, թե կորոնավիրուսի դեմ է պատվաստված»:

Հավելենք, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 13-ից՝ AstraZeneca-ով, որով, հիշեցնենք, պատվաստվում են 55-ից բարձր տարիք ունեցող քաղաքացիները, իսկ «Սպուտնիկ V»-ով՝ 18-ից մինչև 55 տարեկան բուժաշխատողները, խրոնիկ հիվանդություններ ունեցողները, սոցիալական հաստատությունների աշխատողները:

Ապրիլի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 211399 դեպք, որոնցից 191158-ը` առողջացած, 3969-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15281 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 951500 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4858 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 881 նոր դեպք: Ունենք 887 առողջացած և 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 991 է:

Տեսանյութեր

Լրահոս