Բաժիններ՝

Կրթության լեզու ստեղծելու անհրաժեշտությունը

Հայաստանում տարիներ շարունակ լսել ենք խոստումներ, որ շուտով ունենալու ենք լավ կրթական համակարգ։ Այնուհետև այդ խոստումներն ավելի չափավոր են դարձել։ Օրինակ՝ ասվել է, որ կրթության ոլորտում արդյունքները երևում են 10-20 տարի անց։ Ավելի քան 20 տարի Հայաստանում իրականացվում են կրթական բարեփոխումներ, սակայն դեռևս չունենք շոշափելի արդյունքներ։ Ինչո՞ւ։

Պատճառները բազմաթիվ են։ Ներկայացնենք դրանցից մեկը, որի մասին գրեթե չի խոսվում։ Բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու համար մեզ պետք է ընդհանուր լեզու։ Կրթության համակարգում ներգրավված են 100 հազարավոր երեխաներ, երիտասարդներ և 10-յակ հազարավոր դասավանդողներ, կառավարիչներ։ Փոփոխության հասնելու համար անհրաժեշտ է, որ այդ մարդիկ հասկանան, թե իրենցից ինչ է պահանջվում։ Անհրաժեշտ է մտածողության, գործողությունների ներդաշնակեցում։ Կառավարիչները հաճախ դժգոհում են, որ համակարգի աշխատողները դիմադրում են փոփոխություններին։ Կա նման բան։ Բայց այդ դիմադրության հիմնական պատճառն այն է, որ փոփոխությունների լեզուն մարդիկ չեն հասկանում։ Չես կարող իրականացնել մի բան, որի իմաստը չես հասկանում։

Օրինակ, շուրջ 15 տարի առաջ Հայաստանում ներդրվեց չափորոշիչների վրա հիմնվող կրթությունը։ Սա դասագրքերի հեղինակներից, ուսուցիչներից նոր աշխատաոճ էր պահանջում։ Բայց այդ նոր աշխատաոճը չամրագրվեց, քանի որ այդ փոփոխության այբուբենը չստեղծվեց։ Ամեն մարդ յուրովի հասկացավ չափորոշիչների վրա հիմնվող կրթությունը։ Ավելին, շատերը նույնիսկ չհասկացան դրա իմաստը։ Մեզ հաճախ թվում է, որ եթե որևէ փաստաթուղթ ընդունենք, ապա դրանում օգտագործվող հասկացությունները, սահմանումները մարդիկ հեշտությամբ հասկանալու են և կիրառելու են։ Հենց հիմա մենք գտնվում ենք մի վիճակում, երբ նորից կարող ենք ձախողվել, եթե նախարարությունը փոփոխությունների ընդհանուր, հասկանալի լեզու չստեղծի։ Հիմա էլ Հայաստանն անցնում է կարողունակությունների (կոմպետենցիաներ) վրա հիմնվող ուսուցման։ Փաստաթուղթն արդեն ընդունված է։ Եկեք հարցնենք ոլորտի մարդկանց, թե արդյո՞ք կարդացել են այն։ Եթե կարդացել են, ապա արդյո՞ք հասկացել են, թե ինչն է փոխվում։ Կտեսնենք, որ մեծ մասը չի կարդացել, իսկ կարդացողներն էլ յուրովի են հասկացել փաստաթուղթը։ Շատերը կարծում են, որ վերապատրաստումներով այդ խնդիրը կլուծվի։ Դա մոլորություն է։ Վերապատրաստումը շատ մակերեսային բան է՝ փոփոխությունների հասնելու ճանապարհին։ Մանավանդ, որ այդ վերապատրաստումները լինում են կարճաժամկետ։ Ավելին, հաճախ վերապատրաստումների ժամանակ էլ տարբեր մասնագետներ տարբեր, երբեմն՝ իրար հակասող բաներ են բացատրում։

Հայաստանում ստեղծված իրավիճակը շատ նման է հին անեկդոտին։ Մի հոգի հողը փորում է, մյուսը հողը հետ է լցնում նույն փոսի մեջ։ Երբ անցորդներից մեկը մոտենում և հարցնում է, թե ո՞րն է իրենց աշխատանքի իմաստը, աշխատողն ասում է, որ իրենք 3 հոգով են աշխատում, բայց խմբի 3-րդ անդամը, որը ծառը տնկողն է, հիվանդացել է և չի եկել։ Նույն տրամաբանությամբ, մենք սկսում ենք բարեփոխումներ, այսինքն՝ նոր փոս ենք փորում։ Այնուհետև, հաշվետվություն ենք գրում մեր արածների մասին, այսինքն՝ հողը հետ ենք լցնում փոսի մեջ։ Բայց երկրորդ փուլը, որն ամենակարևորն է, այսինքն՝ բարեփոխումը տեղ հասցնելը, ծառը տնկելը, չենք անում։ Արդյունքում, մեր բարեփոխումներն արգասաբեր չեն։

Այս փուլում նախարարությունը 2 քայլ պետք է անի։ Առաջինը՝ անհրաժեշտ է հրատարակել կրթական հասկացությունների բառարան։ Վերջին տասնամյակներին բազմաթիվ նոր հասկացություններ են մտել շրջանառության մեջ։ Բայց չկա մի վստահելի աղբյուր, որում դրանց սահմանումները տրված լինեն։ Մեզ պետք է մի բառարան, որում հանգամանալից կսահմանվեն հիմնական հասկացությունները։

Երկրորդը՝ նախարարությունը պետք է ունենա մի թիմ, որը կկարողանա ուսուցիչներին, դասախոսներին, կառավարիչներին բացատրել, թե ի՞նչ են իրենք ուզում անել, ինչո՞ւ է դա կարևոր, ի՞նչ փոփոխություններ պետք է անեն մարդիկ իրենց ամենօրյա աշխատանքում։ Այլ կերպ ասած, կրթության ոլորտին պետք են հերմեսներ։ Հերմեսը հին հունական դիցաբանության մեջ հայտնի էր՝ որպես աստվածների խոսքը մարդկանց հասցնող և մարդկանց խոսքն աստվածներին հասցնող կերպար։

Եթե կրթության ոլորտի հերմեսներն ի հայտ չեկան, ամեն մարդ իր իմացածով շարունակելու է աշխատել։ Ուսուցիչների մի մասն ասելու է, որ դասավանդման ակտիվ մեթոդներն արդյունավետ չեն, մյուսներն ասելու են, որ դրանք շատ լավ մեթոդներ են, երրորդներն այլ բան են ասելու։ Այսօրվա աշակերտները և ուսանողները հակասական ուղերձներ են ստանում դասավանդողներից։ Մեկը մտնում է՝ մի բան է ասում։ Հաջորդ դասաժամին սովորողները դրա հակառակն են լսում։

Մենք հիմա բաբելոնյան աշտարակաշինության վիճակում ենք։ Եթե այս վիճակը չհաղթահարվի, որևէ բարեփոխում չի հասնի դասարան ու լսարան։ Չենք կարող տարբեր լեզուներով խոսելով՝ կրթական համակարգ զարգացնել։ Ի դեպ, այս իրավիճակն է պատճառը, որ նախարարությունը 2016թ.-ից չի կարողանում հաստատել կրթության զարգացման ռազմավարական ծրագիրը։ Չկա համաձայնություն, չկա նույն ուղղությամբ նայող մասնագետների թիմ, չկա գաղափարական առաջնորդություն։

Այբուբենը, լեզուն անհրաժեշտություն են բոլոր ոլորտներում։ Հայաստանն այս տարիների ընթացքում չի կարողացել ձևավորել կրթության իր լեզուն։ Պետք է հենց այստեղից սկսենք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս