«Եթե ինֆորմացիայի հոսքը դրանից պետք է տուժի, դա պետք չէ մտցնել: Հայհոյանքն ատելության խոսք չէ». Արա Ղազարյանը` հայհոյանքի համար տուգանք սահմանող նախագծի մասին

Նախորդ շաբաթ շրջանառության մեջ դրվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Արդարադատության նախարարության նախագիծը, որով առաջարկվում է տուգանք սահմանել հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյելու կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորելու համար: Հիշյալ արարքն առաջին անգամ կատարելը կպատժվի 100-150 հազար դրամով, իսկ մեկ տարվա ընթացքում այն կրկնելը` 151-300 հազար դրամով:

Նախագծի վերաբերյալ այսօր կայացած քննարկման ընթացքում միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը նշեց, որ տպավորություն է, որ այս նախագծով փորձ է արվում վարչաիրավական դաշտ վերադարձնել մանր խուլիգանությունը:

«Մնում է հուսալ, որ կիրառելիս դա չի կիրառվի լրատվամիջոցների դեմ: Լրատվամիջոցներն այսօր էլ մոդերացիա անում են, բայց օրենքը կիրառողները պետք է շատ զգույշ լինեն ազատ խոսքի բնագավառում դա կիրառելիս… Թե ի՞նչ է հայհոյանքը, դժվար է սահմանել»,- ասաց Արա Ղազարյանը` հավելելով, թե կարող է իրավական անորոշություն առաջանալ` «կարևորը՝ դա հանկարծ չկիրառվի ազատ խոսքը սահմանափակելու նկատմամբ:

Նշելով, որ հայհոյանքն ատելության խոսք չէ, Ղազարյանն անդրադարձավ ատելության խոսքի ուղեցուցային հիմնական փաստաթղթին` Ռասիզմի և անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողովի Թիվ 15 հանձնարարականին՝ նշելով, թե այդ փաստաթուղթն անդամ պետություններին առաջնորդում է ատելության խոսքի վերաբերյալ իրենց ռեֆորմներում:

Իրավաբանի խոսքով՝ այդ փաստաթղթում կա առանձին բաժին այն մասին, թե ատելության խոսքը պետք է ներառվի վարչաիրավական հարաբերություններում: Բայց դա, ըստ Ղազարյանի, այն չէ, ինչ մենք տեսնում ենք այս նախագծում:

«Օրինակ, վարչաիրավական հարաբերություններում կարելի էր վարչական տույժեր սահմանել կուսակցությունների համար, ովքեր չեն սանձում իրենց անդամներին, որոնք, այսպես ասած, ատելության խոսք են շպրտում, կամ կտրել կուսակցություններին պետական նպաստից, եթե այդպիսին կա, կամ Հեռուստառադիո հանձնաժողովն ավելի ակտիվ պետք է լինի` որսալու համար ռասիստական խոսքը, այլ ոչ թե վիրավորանք-զրպարտությունը, և հեռուստաընկերություններին ենթարկի պատասխանատվության: Մինչև հիմա ընդամենը մեկ դեպքի մասին գիտեմ։ Կամ էլ՝ ինտերնետի, համացանցի տիրույթում ինքնակարգավորվող մարմինները կարող են զուտ ծանուցել դոմեյնային տիրույթ օգտագործողին, որ՝ գիտե՞ք, Ձեր կայքում անհանդուրժողականության խոսք է պտտվում, որ անպայման չէ բռնության կոչ պարունակի, բայց ինքը կարող է անհանդուրժողականության խոսք պարունակել:

Ու ընդհանրապես մի քանի անգամ շեշտվել է, որ ցանկացած կարգավորում` քրեական, վարչական թե կարգապահական, եթե այդ կարգավորումն ազդելու է ինֆորմացիայի հոսքի վրա, որտեղ այդ ինֆորմացիան արժեք է պարունակում, նույնիսկ, եթե այդ ինֆորմացիան հայհոյախառն արտահայտություններ են, վուլգար խոսք է, պետք է թույլ տալ, որ այդ ինֆորմացիան հոսի, և հետո այնտեղ կարելի է կարգավորել` փոխհավասարակշռելով հանրային և մասնավոր շահերը, այլ ոչ թե, ինչպես ժողովուրդն է ասում, քոքից կտրել, այսինքն՝ արգելել: Մենք տեսնում ենք նման նախաձեռնություն նաև անանուն աղբյուրների, կեղծ աղբյուրների դեպքում, մինչդեռ անանուն աղբյուրով կամ կեղծ անունով հանդես գալը նույնպես սոցիալական արժեք է»,- նշեց Արա Ղազարյանը:

Փաստաբանի խոսքով՝ հայհոյանքի համար ինչ-որ պատիժ, թեկուզև՝ տուգանքի տեսքով, կարելի է սահմանել այն դեպքում, երբ դրանում կան ատելության խոսքի էլեմենտներ: Եթե չկան, ըստ փաստաբանի, ավելի լավ է թողնել, որ անհատական իրավունքով դա լուծվի, այսինքն՝ անձն այդ գործով գնա քաղաքացիական դատարան:

«Բոլոր դեպքերում, եթե փորձում են այդ դաշտը կարգավորել, թող կարգավորեն: Բայց եթե ինֆորմացիայի հոսքը դրանից պետք է տուժի, այսինքն՝ ես չեմ ստանալու այն ինֆորմացիան, որը կստանայի, եթե չլիներ այդ կարգավորումը, դա պետք չէ մտցնել, այսինքն՝ դա պետք չէ ընդհանրապես ժողովրդավարական հասարակությունում: Հայհոյանքը դա ատելության խոսք չէ»,- եզրափակեց Արա Ղազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս