Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի համար ճանապարհ՝ «վերադառնալու» Արցախյան գոտի

Երկու շաբաթ անց, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին, պարզ կդառնա՝ արդյոք ԱՄՆ նոր վարչակազմը կճանաչի՞ Ցեղասպանությունը, ինչպես խոստացել էր Ջո Բայդենն իր նախընտրական քարոզարշավի ընթացքում, թե՞ ոչ: Արդեն մեկ ամիս է՝ ԱՄՆ-ում այս թեմայի նկատմամբ փորձագիտական, քաղաքական շրջանակների ուշադրությունը չափազանց մեծ է. այս տարի մարտի 19-ին Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սենատոր Բոբ Մենենդեզի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) առաջնորդությամբ 38 սենատորներ հորդորեցին նախագահ Ջո Բայդենին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության ճշմարտությունը:

Հիշեցնենք, որ նախորդ գումարման Կոնգրեսի Սենատում և Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց՝ որպես պատմական փաստ բանաձևերի միջոցով:

ԱՄՆ նախագահի մակարդակով Ցեղասպանության ճանաչման հարցն այս օրերին ակտիվորեն քննարկվում է նաև թուրքական մամուլում. քաղաքական շրջանակները լրջորեն մտահոգված են, և իշխանությունը նույնիսկ վերջերս պատվիրակ էր ուղարկել Բայդենին մոտ կանգնած ամերիկացի պաշտոնյաներից մեկի մոտ՝ բացատրելու հնարավոր այդ քայլի հետևանքները: ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն անդրադարձել էր երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ ասելով՝ երբ մարտ, ապրիլ ամիսներն են գալիս, հարցը միշտ հայտնվում է օրակարգում։ Աքարը, իհարկե, հերքել էր Հայոց ցեղասպանության փաստն ու ասել, որ ԱՄՆ-ը պետք է ուսումնասիրի այդ հարցով իր սեփական արխիվները։ «Նրանք, ովքեր կարծիք են հայտնում, պիտի տեղեկացված լինեն։ Մենք բազմիցս այդ մասին ասել ենք ու շարունակում ենք ասել։ Բոլոր ակադեմիկոսները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, քաղաքական գործիչները թող ԱՄՆ ազգային արխիվներն ուսումնասիրեն»,- ասել էր Աքարը։

Այս թեմայի շուրջ շփումներ կան նաև Միացյալ Նահանգների նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Թուրքիայի նախագահի խորհրդական, մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընի միջև․ ի դեպ, այս ձևաչափով զրույցների ընթացքում քննարկվում է նաև Ղարաբաղյան հարցը:

Վրացի միջազգայնագետ Սոսո Ցինցաձեն «168 Ժամ»-ի հետ զրույցում ևս կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ը կարող է պլան ունենալ՝ Ցեղասպանության ճանաչմամբ փոխել տարածաշրջանում որոշ խաղի կանոններ, որոնք ձևավորվել են պատերազմից հետո: Նրա որակմամբ, եթե նման բան տեղի ունենա, դա լինելու է քայլ մի քանի նպատակով, և իրականում խնդիրն իրականում չի լինի Ցեղասպանության հարցը:

«Այս վարչակազմի համար ճանաչումը կլինի քայլ, որը կարևոր է Բայդենի աշխատակազմի համար՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությանը սատարող իշխանության իմիջ ամրապնդելու տեսանկյունից: Երկրորդ՝ սա, բնականաբար, կլինի քայլ՝ ուղղված Թուրքիայի դեմ թուրք-ամերիկյան հարաբերություննդերի կոնտեքստում, իսկ դրանք ճգնաժամի հերթական փուլն են անցնում ու գուցե նոր սրացման շեմին են կանգնած: Երրորդ՝ ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում, ակտիվությունը նախորդ վարչակազմի օրոք բավականին թուլացավ, և այս վարչակազմն իշխանությունը ստանձնում է մի իրավիճակում, երբ տարածաշրջանը պատերազմ է ապրել, և դա հավելյալ կերպով խորացրել է նախորդ իշխանությունների «ձեռքբերումները»: Ավելացել է Թուրքիայի ազդեցությունը, Ռուսաստանն ուներ ավանդական ազդեցություն, և ճանաչմամբ ԱՄՆ-ը կարող է որոշ հարցեր փորձել կարգավորել Արցախյան բանակցությունների հարցում՝ ինչ-որ կերպ վերադառնալով այս թեմատիկա»,- ասաց Ցինցաձեն:

Նրա խոսքով, սա, թերևս, կարող է լինել այս քայլի պլան մաքսիմումը, քանի որ այս թեման նոր չէ ամերիկյան քաղաքականության համար, ավելին, Կոնգրեսում է ճանաչվել կամ նախկին նախագահների կողմից: «Բայց թեման կարող է նորովի խաղարկվել, քանի որ տարածաշրջանում էական նոր իրողություններ կան: Բացի այս, սենատորների հավաքական նամակը հավելյալ կշիռ ու ուշադրություն է բևեռում այս թեմայի նկատմամբ: Այնուամենայնիվ, ամերիկյան քաղաքականության տեսանկյունից ճանաչումը Հարավային Կովկասում որոշակի ազդեցություն վերականգնելու փորձ կլինի, շփումները Ղարաբաղյան հարցի շուրջ այս թեմայի շրջանակում արդեն շատ բան են հուշում»,- ասաց Ցինցաձեն:
Նրա կարծիքով, ԱՄՆ-ը, որը Վրաստանի համար կարևորագույն դաշնակից է, պետք է ակտիվանա տարածաշրջանում, քանի որ տարածաշրջանը երկար ժամանակ անուշադրության է մատնվել:

«Նախաձեռնողականության բացակայության պայմաններում այսօր փաստացի չի կարողանում գործել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որտեղ սովորաբար ակտիվ են եղել կամ Ռուսաստանը, կամ ԱՄՆ-ը, բնականաբար, երբ ԱՄՆ-ը ակտիվ չէ, մնում է Ռուսաստանը: Այնուամենայնիվ ակնհայտ է, որ ԱՄՆ-ը ցանկանում է որոշակիորեն վերադարձնել իր դերակատարությունը, միջնորդական իմիջը Հարավային Կովկասում, տեսնենք՝ ինչով այն կավարտվի»,- ասաց նա:

Իր հերթին՝ գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը նշեց, որ բավականին լարված հարաբերությունների պարագայում հասկանալի չէ, թե կոնկրետ ինչ արդյունքի կարող է հանգեցնել ճանաչումն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը՝ Թուրքիայի հետ S-700-ների գործարքի կամ Ղարաբաղյան հարցի հետ կապված, քանի որ Թուրքիան բավականին կոշտ դիրքորում ունի, իր շահերը նաև Ռուսաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում:

«Սրան զուգահեռ՝ իհարկե, Անկարայի համար Վաշինգտոնի հետ սրված հարաբերությունները խնդիր են, հատկապես, երբ կան շատ այլ խնդիրներ, որոնցում այդ շահերը կամ բաժանվում, կամ համընկնում են: Այնուամենայնիվ, այստեղ լոբբին և քաղաքական ուժի ավանդական դիրքորոշումներն էական ազդեցություն ունեն: ԱՄՆ այս վարչակազմն այս հարցում իր ներդրումը կփորձի ունենալ, բայց չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կարող է լինել դրանից, քանի որ թուրքական քաղաքականությունը նաև հակազդելու ավանդույթ ունի և կարող է նաև սրում լինել: Սպասենք զարգացումների»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս