Իշխանությունը վերցրեց դպրոցների և բուհերի խորհուրդների վերահսկիչ փաթեթը

Վերջին ամիսներին Հայաստանի որոշ դպրոցներում և համալսարաններում տեղի ունեցան դեպքեր, որոնք հաստատ դուր չեկան իշխանություններին։ Մասնավորապես, պատերազմից հետո բազմաթիվ բուհեր տարբեր ձևաչափերով պահանջեցին վարչապետի հրաժարականը, նույն պահանջով հացադուլ հայտարարեց դպրոցներից մեկի տնօրենը։ Վերջին ամիսներին Հայաստանի 2 դպրոցներում տեղի ունեցան տնօրենի ընտրություններ, որոնցում թեկնածուներից ոչ մեկը չստացավ 50+1 ձայն։

Արդյունքում, նախարարությունը 2 դեպքում էլ որոշեց նախապատվությունը տալ «դրսի» թեկնածուներին, ինչն առաջացրեց դպրոցների աշխատակիցների դժգոհությունը։ Վերջապես, Ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռեկտոր ընտրվեց իշխանության կողմից «դաբրո չստացած» թեկնածուն։ ի դեպ, սա առաջին նմանատիպ դեպքն էր։ Եթե իշխանությունների ռեյտինգը կտրուկ նվազած չլիներ, գուցե այս զարգացումներն այդքան էլ չմտահոգեին իշխանություններին։ Բայց քանի որ իշխանության ռեյտինգը գահավիժել է, առջևում էլ ընտրություններ են, ապա կրթության համակարգի վերահսկումը կարևոր է դառնում։

Արձագանքելով այս զարգացումներին՝ իշխանությունները թե բուհերի, թե դպրոցների պարագայում դիմեցին քայլերի, որոնք բացարձակապես չեն համապատասխանում իրենց ընդդիմադիր շրջանի և իշխանության առաջին տարիների մոտեցումներին։ Սկսենք դպրոցներից։ Ներկա իշխանությունները բազմիցս հայտարարում էին, որ այլևս դպրոցների տնօրենների ընտրության գործընթացը չի կուսակցականացվելու, իշխանական միջամտություններ չեն լինելու։ Ավելին, հեղափոխությունից հետո շրջանառության մեջ դրվեց դպրոցի տնօրենի ընտրության մի նախագիծ, որով նախատեսվում էր դպրոցների խորհուրդներում ունենալ 9 անդամ, որից 3-ը՝ ուսուցիչ, 3-ը՝ ծնող, 3-ը՝ նախարարության և մարզպետարանի ներկայացուցիչ։ Եթե այս կարգն ընդունվեր, ապա կստացվեր, որ ծնողների և ուսուցիչների ձայնը դառնում է վճռորոշ։

Այդ ժամանակ իշխանությունները մտածում էին, որ դպրոցի ժողովուրդը, այսինքն՝ ուսուցիչներն ու ծնողները, պիտի որոշեն, թե ով դառնա տնօրեն։ Եթե այդ կարգն ընդունվեր, ապա դրսի թեկնածուները գրեթե հնարավորություն չէին ունենա դպրոցի տնօրեն դառնալ, քանի որ բոլոր դպրոցներում կառաջադրվեին ներսի թեկնածուներ, որոնք հեշտությամբ կընտրվեին։ Ասեմ, որ իմ անձնական նախընտրությունն այն է, որ խորհրդում դրսի և ներսի թեկնածուները լինեն հավասարաչափ ներկայացված և մեծ ուշադրություն դարձվի տնօրենների ներկայացրած ծրագրերին։ Սա կարող է դժվարացնել տնօրենի ընտրության գործընթացը, բայց ավելի ժողովրդավարական կլիներ։

Եվ ահա օրերս ԿԳՄՍ նախարարը հաստատում է մի կարգ, որի համաձայն՝ խորհուրդն ունենալու է 9 անդամ, որոնցից 5-ն առաջադրվելու են իշխանությունների կողմից։ Այսպիսով, Հայաստանում դե ֆակտո ներդրվում է տնօրենի նշանակման կարգ։ Ակնհայտ է, որ խորհրդի իշխանական ներկայացուցիչները միաձայն քվեարկելու են այն թեկնածուի օգտին, որի մասին իրենց կհուշեն վերևից։ Սա, իհարկե, չի կիրառվի բոլոր դպրոցներում։

Կկիրառվի միայն այն դպրոցներում, որոնցում տնօրենը վերահսկելի չի լինի։ Այսպիսով, տեսնելով, որ չեն կարողանում զսպել դպրոցների դժգոհությունները, նախարարությունը որոշեց կարգով ամրագրել իր միանձնյա իշխանությունը և հարցը փակել։ Այս կարգի ընդունումից հետո  տնօրենները պետք է ամեն ինչ անեն վերադասի հետ իրենց հարաբերությունները չփչացնելու համար, քանի որ վերադասի ներկայացուցիչներն ունեն 50+1 ձայն։ Այսպիսով, երկրում ժողովրդի իշխանության հաստատումից հետո ստացանք մի կարգ, որը, ըստ էության, ուսուցիչներին և ծնողներին զրկում է ընտրությունների վրա ազդելու լծակից։

Ճիշտ նույն օրերին նմանատիպ զարգացում եղավ նաև բարձրագույն կրթության ոլորտում։ Հաշվի առնելով պոլիտեխնիկական համալսարանի, ԵՊՀ-ի զարգացումները՝ իշխանությունը որոշեց վերջին պահին օրենքում փոփոխություն կատարել և նախարարությանը տալ 50+1 ձայն։ Օրակարգից դուրս եկավ նաև բուհերի ռեկտորների ընտրության հարցը։

Հայաստանում շատ բան կարող է փոխվել, եթե օրենքներ ու կարգեր գրող իշխանությունները քվեարկելուց կամ ստորագրելուց առաջ իրենց տան հետևյալ պարզ հարցը. «Եթե ես լինեի ընդդիմադիր կամ չեզոք մարդ, կուզենայի՞ այսպիսի որոշում ընդունվեր»։ Եթե պատասխանը բացասական է, ապա այդ կարգը կամ օրենքը չպետք է ընդունվի։ Ցանկացած քաղաքական ուժ կամ անհատ իր կյանքի շատ փոքր հատվածում է լինում բարձրաստիճան պաշտոնյա։ Ուրեմն, օրենքներ ընդունելիս պետք է մտածենք ոչ թե՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, այլ՝ որպես շարքային պաշտոնյա։ ԿԳՄՍ նախարարի, փոխնախարարների գործը հիմա հեշտացավ։ Նրանք այսուհետ կարող են օրենքի սահմաններում իրենց ուզած մարդկանց նշանակել կամ պաշտոնանկ անել, քանի որ ունեն մեծամասնություն և դպրոցների, և բուհերի խորհուրդներում։ Բայց քանի տարի են իրենք մնալու նախարարի կամ փոխնախարարի պաշտոնում։ Շատ կարճ ժամանակ։ Եթե իշխանափոխությունից հետո այսօրվա նախարարը կամ փոխնախարարները ցանկանան որևէ բուհում ռեկտոր դառնալ, ապա նրանք այդ հնարավորությունը չեն ունենալու, քանի որ պիտակավորվելու են՝ որպես նախկիններ։ Բուհի կամ դպրոցի կոլեկտիվի կողմից ընդունելի բազմաթիվ մարդիկ այսուհետև չեն կարողանալու ընտրվել կամ վերընտրվել, քանի որ ձայների մեծամասնություն ունենալու են իշխանության թեկնածուները։

Ցավոք, այս որոշումները չեն նպաստելու պրոֆեսիոնալ կառավարմանը։ Դրանք նպաստելու են վերևների հետ լավ լինելու, նրանց հաճոյանալու, գովերգելու արատավոր պրակտիկաների զարգացմանը։ Պրակտիկաներ, որոնք պատերազմում մեր պարտության պատճառներից էին։

Տեսանյութեր

Լրահոս