Հանրապետության նախագահը ՀՀ պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա

«Հանրապետության նախագահը, «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի համաձայն, ՀՀ պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է համապատասխան միջնորդության հիման վրա, որով Հանրապետության նախագահին դիմելու իրավասություն ունեն վարչապետը, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահները: Ձեր նշած դեպքում համապատասխան միջնորդությունը և ցանկը ներկայացվել են վարչապետի կողմից»,- այս մասին

168.am-ին հայտնեցին Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ի  պատասխան մեր հարցման, թե ինչպե՞ս էր ստացվել, որ Հանրապետության  նախագահի՝ հունվարի 20-ի ՆՀ-4-Ա հրամանագրով հետմահու պարգևատրված զինծառայողների թվում նաև  անհայտ կորած համարվող զինծառայողների անուններ են եղել:

Վարչությունից նաև նշեցին, որ նույն օրենքի համաձայն՝ ՀՀ պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է՝

1) պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու հիմնավորումը.

2) պարգևատրվելու կամ պատվավոր կոչման արժանանալու ներկայացված անձի անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, կրթությունը, պետական պարգևներով պարգևատրվելու և պատվավոր կոչումների արժանանալու վերաբերյալ տեղեկատվություն, աշխատանքի վայրը, պաշտոնը կամ գործունեության բնույթը, գիտական, զինվորական և այլ կոչումներ, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին, ընտանեկան դրությունը, բնակության վայրը, իսկ պարգևատրմանը հետմահու ներկայացվելու դեպքում` նաև մահվան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) առաջարկվող պարգևի տեսակը կամ պատվավոր կոչումը:

Հանրապետության նախագահի աշխատակազմը իրավասություն չունի ստուգել միջնորդություններին կից ներկայացվող ցանկերը կամ անունները:

Վարչությունից նաև տեղեկացրեցին, որ Հանրապետության նախագահի աշխատակազմին դիմած՝ զինծառայողների հարազատներին հանգամանալից ներկայացվել են հիշյալ բոլոր ընթացակարգերը և, մասնավորապես, նշված պարգևատրմանն առնչվող միջնորդության մանրամասները:
Միաժամանակ, նման զգայուն իրավիճակներից խուսափելու համար Հանրապետության նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի և պաշտպանության նախարարության աշխատակազմերին հորդորել է համապատասխան միջնորդությունները ներկայացնելիս ներառել միայն վերջնականապես ճշգրտված և պաշտոնապես հաստատված տեղեկություններ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ հետմահու պարգևատրվել էին Արիության, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի և Մարտական ծառայության մեդալներով: Հրամանագիրը հրապարակված էր ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:

Ավելի ուշ պարզվել էր, որ հետմահու մեդալ է (Մարտական ծառայության) շնորհվել դեռևս անհետ կորած համարվող երկու զինծառայողի՝ թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Հայկ Վահրամի Պապյանին և թիվ N զորամասի զինծառայող, շարքային Սարգիս Էդվարդի Նասլյանին:
Այս մասին ահազանգել էին զինծառայողների ծնողները. նրանց անունները Պաշտպանության նախարարության՝ անհետ կորածների տվյալների բազայում են:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս