«Արևմուտքը հանձնել է հայերին». Բայդենի աշխատակազմի ղարաբաղյան երկու սցենարը
ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենի պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենն անդրադարձել է Արցախյան հակամարտությանը՝ նշելով, որ Բայդեն-Հարիս վարչակազմը կվերանայի ԱՄՆ անվտանգային աջակցությունն Ադրբեջանին: ANCA-ի փոխանցմամբ՝ Բլինկենն այս մասին ասել է՝ գրավոր պատասխանելով Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին:
«Ես խորապես մտահոգված եմ անցած աշնանը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերսկսված ռազմական գործողություններով և Լեռնային Ղարաբաղում ու նրա հարակից տարածքներում մարդասիրական ճգնաժամով: Ես վճռականորեն աջակցում եմ Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի ԱՄՆ ֆինանսավորմանը»,- ասել է Բլինկենը:
Նրա խոսքով՝ այդ պաշտոնում հաստատվելու դեպքում ինքը նաև կաշխատի տարածաշրջանում մարդասիրական կարիքները հոգալու ուղղությամբ:
Հարցին, թե ինչպե՞ս կարող է ԱՄՆ-ը օգնել Հայաստանին և էթնիկ հայերին՝ Հարավային Կովկասում պաշտպանվել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայից, Բլինկենն ասել է, որ իրենց վարչակազմը կվերանայի Ադրբեջանին մեր անվտանգային աջակցությունը: Բլինկենը շեշտել է, որ այդ պաշտոնում իր թեկնածության հաստատման դեպքում ինքը կաշխուժացնի ԱՄՆ-ի ներգրավվածությունը`գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի կանխել նոր պատերազմի բռնկումը: Բլինկենը հավելել է, որ դա ենթադրում է Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ ներգրավվածության ակտիվացումը և լրացուցիչ դիվանագիտական աշխատանք` երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար: Պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ սենատոր Մարքիի հարցին` Պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Բլինկենը վերահաստատել է Բայդենի խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Որպես նախագահի թեկնածու՝ նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Մեր վարչակազմը պարտավորվելու է առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի: Վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կձևավակերպի Սպիտակ տան հայտարարության տեքստը՝ Հիշատակի օրը նշելու համար, և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այս կարևոր հարցի վերաբերյալ»:
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը նշեց, որ պետքարտուղարի պաշտոնում հաստատման դեպքում սա, ամենայն հավանականությամբ, կլինի ԱՄՆ նոր վարչակազմի ղարաբաղյան քաղաքականությունը: Ամերիկացիները, նրա խոսքով, մի քանի սցենար են դիտարկում իրենց ակտիվության համար:
«Նախ՝ ամերիկացիները հույս ունեն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերսկսման դեպքում կքննարկեն Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Կա կարծիք, որ նրանք սկսելու են քննադատել շրջաններն ուժային տարբերակով վերադարձնելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եթե առաջին սցենարը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում կարգավիճակի հարցի քննարկումն է, ինչը լուրջ խնդիր է, քանի որ օրակարգ պետք է ձևավորվի, ընդունելի լինի Ադրբեջանի համար այն դեպքում, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտությունը գրեթե լուծված է և սպառել է իրեն, երկրորդ տարբերակը՝ ուժային է: Երկրորդ սցենարի համաձայն՝ ԱՄՆ-ը չի ընդունելու եռակողմ հայտարարությունների լեգիտիմությունը, թող չընդունեն, և ի՞նչ: Նրանք պատրաստվում են զորքե՞ր ուղարկել տարածաշրջան, կամ ի՞նչ անել հիմա, նրանք արդեն ձախողել են այդ պարտիան: Դա դժվարություններ կստեղծի առաջին հերթին հայերի համար, քանի որ, ի վերջո, հարկավոր է ապաշրջափակել հաղորդակցությունները: ԱՄՆ այդ անտեղի ու ուշացած ջանքերը կսրեն հարաբերությունները Երևանի և Բաքվի միջև: Բնական է, որ այդ դեպքում Ադրբեջանը չի վերադարձնելու այդ տարածքները, իսկ Հայաստանը կզրկվի այն առավելություններից, որոնք կարող էր ստանալ այս ամենի արդյունքում` ապաշրջափակումը»,- ասաց Տարասովը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնի այս ջանքերից էական տարաձայնություններ Մոսկվայի հետ չեն առաջանա, քանի որ մինչ պատերազմը Մինսկի խումբն աշխատել է համաձայնեցված կերպով, և այնպես ստացվեց, որ համաշխարհային դիվանագիտոթյունը պարտվեց, Մինսկի խումբը չկարողացավ կանխարգելել պատերազմը, իսկ այն եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվեց նոյեմբերի 9-ին, առանց Մինսկի խմբի ուղիղ մասնակցության էր:
«Կա երկու ձևաչափ՝ Մինսկի խումբն ու եռակողմ ձևաչափը: Լավրովը հասկացրեց, որ կարգավիճակը կարող է քննարկվել այս ձևաչափերից մեկի շրջանակում, և եթե ոչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ապա կարող է լինել եռակողմ ձևաչափը: Ամերիկացիներն ու Եվրոպան, չաջակցելով Երևանին, երբ դրա կարիքը կար, պարտվեցին Կովկասը: Ամերիկացիները կարող են վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, որ դադարեցնում են գնել նավթ, էմբարգո են հայտարարում, որ պետք է զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքերին, կճանաչեն Արցախի անկախությունը, դա ինչ-որ տեղ գործուն տարբերակ է, մնացածն անկապ խոսակցություններ են: Հայերը կարող են պահանջել վերադարձնել շրջանները, ամերիկացիներն ինչ-որ բաներ կպահանջեն, բայց ի՞նչ է՝ պատերազմելո՞ւ են հայերը, ինչո՞վ: Կրկնեմ, որ Արևմուտքն ուշացել է, պարտվել է պարտիան:
Եթե պատերազմի ընթացքում Ֆրանսիան ու ԱՄՆ-ը ժամանակ տային կողմերին դադարեցնելու համար ռազմական գործողությունները, ապա ճանաչեին ԼՂ անկախությունը, դա այլ իրավիճակ կստեղծեր: Բայց չարեցին տեղին քայլեր: Արևմուտքը հանձնեց հայերին, դա փաստ է»,- ասաց Տարասովը:
Ինչ վերաբերում է Բայդենի աշխատակազմի ռուսական ուղղությանը և կանխատեսումներին, որ այն ընդգծված հակառուսական է լինելու, Տարասովն ասաց, որ Թրամփը ևս հակառուսական քաղաքականություն է վարել: «Մենք սովոր ենք, պատրաստ ենք, նման հակառուսականություն չէր եղել մեր ողջ պատմության ընթացքում, ուստի Բայդենը մեզ համար այնքան էլ վատ ֆիգուր չէ»,- ասաց Տարասովը:
Իր հերթին՝ մեկ այլ ռուս քաղաքագետ՝ Վիկտոր Նադեին-Ռաևսկին ասաց, որ Բլինկենն իր անդրադարձով արտացոլել է նոր վարչակազմի ձգտումները և քաղաքական ծրագրերը Ղարաբաղյան հակամարտության գոտում: Ըստ նրա՝ դրանց հաջողությունը կախված է այն հանգամանքից, թե որքանով կհաջողվի վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, վերականգնելով այդ ձևաչափի հեղինակությունը:
«Ընդհանուր բոլոր միտումները, հայտարարությունները ԵՄ-ից ու ԱՄՆ-ից ցույց են տալիս, որ Մինսկի խմբին ակտիվացնելու են, այդ պատճառով ՌԴ-ն ևս որոշեց չշտապել այս հարցում: Անձնապես չեմ կարծում, որ ամերիկյան քաղաքականությունը հեղափոխություն է ապրելու: Մշտապես եղել է Ղարաբաղյան համանախագությունում մրցակցություն, ոչ սուր տարաձայնություններ, և դա կշարունակվի Ղարաբաղի կարգավիճակի շուրջ, սակայն ներկայումս իրավիճակն էականորեն այլ է, քանի որ ՌԴ-ն ունի հավելյալ ներկայություն տարածաշրջանում և դիվանագիտական գործընթացում: ՄԽ գործունեությունը վերականգնելու համար լուրջ ստեղծարարություն է հարկավոր»,- ասաց Վիկտոր Նադեին-Ռաևսկին: