Մորեխների 3 մեծ «արշավանքներն ու ավերածությունները» 17-18-րդ դարի Երևանում
Թերթելով Երևանի պատմության էջերը, հանդիպում ենք բազմաթիվ հետաքրքիր, ինչպես նաև անտեսված իրադարձությունների, որոնք մեր առաջ բացում են նոր դռներ` հասկանալու համար մեր մայրաքաղաքի պատմության մի շարք այլ էջեր։
17-րդ դարում Երևանը սկսեց հետաքրքրել մի շարք եվրոպացի ճանապարհորդների և գիտնականների, ովքեր գալով Երևան՝ հետագայում իրենց աշխատություններում սկսեցին ներկայացնել մեր քաղաքում բնակվող մարդկանց, նրանց վարք ու բարքերը, տնտեսական և առևտրական կյանքը։
Ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Բատիստ Տավերնիեն 1632-1668 թվականներին 6 անգամ եղել է Երևանում։
1673 թվականին Երևան է այցելում ֆրանսիացի մեկ այլ ճանապարհորդ` Ժան Շարդենը։ Ճանապարհորդներից զատ, 17-րդ դարում Երևան են այցելում նաև կրոնական, քաղաքական ու հասարակական մի շարք եվրոպացի գործիչներ։ Երևան են այցելում կաթոլիկ քարոզիչ Գաբրիել Շինոն, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչներ դե Լալեն և դե լա Բուլլեյ դե Գուզը։ Այս մարդիկ հետագայում պատմում կամ գրում են Երևանի մասին։ Սակայն, այս ամենի հետ մեկտեղ՝ հետաքրքիր է նաև Երևանում ապրած հայ մարդկանց գրվածքները, որոնք իրենց հերթին ներկայացնում են 17-րդ և 18-րդ դարում Երևանում տեղի ունեցած աղետալի իրադարձությունները։
Այդ դարաշրջանում մեր մայրաքաղաքը պայքարում էր նաև մի շարք աղետների դեմ։ Երևանին մեծ վնաս է հասցրել մորեխների արշավանքը։ Միայն 17-րդ և 18-րդ դարում Երևանում մորեխները կարողացել են 3 անգամ արշավներ իրականացնել` 1642, 1692 և 1713 թվականներին։ Այդ դեպքերի մասին մենք մանրամասն տեղեկություններ ենք իմանում Թադևոս Հակոբյանի «Երևանի պատմությունը» աշխատությունից. «Մորեխային այդ արշավանքների մասին համառոտ տեղեկություններ են հաղորդվում ժամանակագրություններում ու հիշատակարաններում։ 1642 թվականի արշավանքի վերաբերյալ Սամվել Անեցու ժամանակագրության շարունակողներից մեկը հետևյալն է հաղորդում. «ՌՂԱ (1642 թ.)։ Մեռաւ Շահսեֆին. և նստաւ որդին երկրորդ Շահաբասն։ Երակ մարախ յերկիրն Երևան»։
Թեպետ այդ հիշատակությունը շատ համառոտ ու անորոշ է, բայց դժվար չէ կռահել, որ 1642 թվականին Երևանի խանությունում հայտնված մորեխը զգալի վնաս չի հասցրել ո՛չ երկրին, և ո՛չ էլ նրա կենտրոն Երևանին։ Ավելի որոշակի է 1692 թվականի մորեխային արշավանքի մասին մեզ հասած գրիչ Տեր-Սիմոնի հակիրճ վկայությունը։ «Ես Տէր Սիմոնս գրեցի. «Թ.ՌՃԽԱ (=1692) որ ժամ եկն մորեխն Երեւանայ երկինքն. Փառք Աստուծոյ վնաս ոչ եղեւ»։ Հիշատակարանից կարելի է ենթադրել, որ Երևան քաղաքն ու Երևանի խանությունն անվնաս են մնացել, որովհետև այստեղ հայտնված մորեխը առանց նստելու շարունակել է իր ճանապարհը դեպի այլ շրջաններ ու երկրներ»։ (Հատվածը վերցված է Թ.Խ. Հակոբյանի «Երևանի պատմությունը» գրքից։ Երևան, 1971 թվական, էջ 273-274):
Սակայն մորեխների ամենաավերիչ արշավանքը տեղի է ունենում 1713 թվականին։ Ավերածությունն այնքան մեծ է լինում, որ Երևանում ապրող բանաստեղծ տաղասացներն իրենց մի շարք գրվածքներում անդրադառնում են այդ իրադարձությանը։ Մասնավորապես, տաղասաց Սարգիս Գեղամեցին չափածո ողբ է գրում այդ արշավանքի մասին.
«Ի թիվ հազար վաթսուն երկոյ աւելի հետ ի նոյն.
Եկաւ մարախ բազում անհուն ի քաղաքն Էրիվանոյն։
Ծածկեալ եղեւ երեսս աւգոյն. էհեղ յերկրից իբրեւ զձիւն։
Թռաւ իջեալ մէջ յարտերոյն. ըսկսան ուտել իբրեւ զշուն……»։ (Նույն տեղում` էջ 274):
Պետք է ընդգծել, որ այս արշավանքից հետո մեծ վնասներ ստացան ու ոչնչացան քաղաքի ցանքատարածությունները, արտերն ու խոտհարքերը։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ քաղաքում սով սկսվեց, և սովին զոհ գնացին մեծ թվով մարդիկ։
Հետաքրքրական է, որ առանձին հիշատակություններ ևս կան Երևանում սկսված սովի ու մահացությունների մասին։ Որոնց հիմքերը, սակայն, դրվեցին մորեխային 3 մեծ արշավանքներով, որոնցից ամենամեծն ու ցավոտը, ինչպես նշեցինք, 1713 թվականի արշավանքն էր։
Զ. Շուշեցի