«Դա ուղղակի գործողություն է՝ ուղղված այդ խմբակցությունը լքելը կասեցնելուն». Քաղտեխնոլոգ
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու և որպես անկախ պատգամավոր գործունեությունը շարունակելու վերաբերյալ իր կայացրած որոշման մասին հայտնեց նաև Սոֆյա Հովսեփյանը, որը դարձավ թվով 5-րդ պատգամավորը, ով 2020թ. նոյեմբերի 10-ին հրապարակված կապիտուլյացիոն ակտից հետո իշխող խմբակցությունից դուրս գալու որոշում էր կայացրել:
Այս հայտարարությունից հետո ևս իշխող ուժի որոշ ներկայացուցիչներ սկսեցին բացատրություններ պահանջել պատգամավորից, մեղադրանքներ հնչեցնել նրա հասցեին: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, օրինակ, իր էջում հրապարակել էր խմբակցությունը լքած 5 պատգամավորների անունները ու նրանցից «առնվազն» բացատրություն պահանջել, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր:
ՔՊ-ի մամուլի հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ոչ թե մեկ, այլ երկու գրառմամբ էր անդրադարձել Սոֆյա Հովսեփյանին, նրան մեղադրել առնետավազքի մեջ ու համեմատել «Նիկոլի ուսապարկի» հետ:
Այս ամենին զուգահեռ՝ մամուլում շարունակում են շրջանառվել տեղեկություններ այն մասին, որ առաջիկայում կրկին կլինեն պատգամավորներ, որոնք դուրս կգան «Իմ քայլը» խմբակցությունից ու կշարունակեն գործել՝ որպես անկախ պատգամավորներ:
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե պատգամավորների՝ խմբակցությունից դուրս գալը պայմանավորված էր նրանով, որ իշխանությունների սխալի հետևանքով Ղարաբաղյան պատերազմում հայկական բանակը պարտություն կրեց, և կնքվեց կապիտուլյացիոն փաստաթուղթ, և իշխող խմբակցությունից շատերն իրենց խաբված զգացին: Եվ նրանք, ում մեջ քիչ թե շատ մարդկային հատկանիշներ էին մնացել, փաստացի չկարողացան հանդուրժել խաբվածությունն ու պարտությունը:
«Եվ երկրորդ, մի բան պետք է հասկանալ, որ այս իշխանությունը վաղ թե ուշ պատասխան է տալու այդ արարքների համար, լինելու է հետաքննություն և քրեական պատասխանատվություն: Եվ դա կարող է շատ ուշ չլինի, շատ շուտ լինի: Եվ շատ-շատերն ուղղակի չեն ցանկանում մաս կազմել այդ հետագա դատավարությանը, առավել ևս, որ իրենք դրանում մասնակցություն չեն ունեցել»,- նշեց Արմեն Բադալյանը:
Հարցին, թե նման քայլերով, հնարավո՞ր է՝ փորձ է արվում, օրինակ, կանխել խմբակցություններից մյուս պատգամավորների դուրս գալը, ու կարո՞ղ ենք այս հայտարարությունները, բացատրություն պահանջելը կամ մեղադրանքները դիտարկել փորձ՝ խմբակցությունից այլ պատգամավորները դուրս գալը կանխելու համար, Արմեն Բադալյանն արձագանքեց.
«Դա փորձ չի, դա հենց ուղղակի գործողություն է՝ ուղղված այդ խմբակցությունը լքելը կասեցնելուն: Դա գործողություն է, կատարված փաստ: Բայց դա ոչ մի բան չի կանխելու, որովհետև այդ բացատրություն պահանջողներն իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որպեսզի բացատրություն պահանջեն, և նրանք էլ նրանց բացատրություն տան: Որովհետև մնացողներն էլ հասկանում են, որ ինչքան շատ մարդ դուրս գնաց, ու իրենք մնացին, իրենց վրա է գնում պատասխանատվությունը: Այսինքն՝ պատասխանատվություն կրողների թիվը քչանում է, ու կոնկրետ անհատականացվում են դրանք: Դա՝ մեկ:
Եվ երկրորդն էլ՝ հասկանում են, որ, եթե նրանք մնացին, պատասխանատվություն կրեցին, կարող է քրեական պատասխանատվություն չկրեն, բայց որպես քաղաքական գործիչ, եթե հետագայում ուզենան ինչ-որ քաղաքականությամբ կամ հասարակական գործունեությամբ զբաղվել, իրենք արդեն մնալու են քչի մեջ, իրենց միշտ դա հիշեցնելու են, որ՝ «դուք մնացիք այդ քչի մեջ, մինչև վերջ հավատարիմ մնացիք դավաճանին»: Սա իրենց վրա կպնելու է, սա իրենց անվանելու են: Ես չեմ ասում՝ անձամբ ես: Ես չեմ ասում՝ վարչապետը դավաճան է, թե դավաճան չի: Իրենց հասարակությունն է այդպես անվանելու: Եվ դրա համար էլ են իրենք փորձում կանխել, որ թվով շատ լինեն մարդիկ, որպեսզի դավաճանների պիտակը լղոզվի բոլորի վրա:
Բնական է, միշտ էլ, վերջին 20-30 տարվա ընթացքում իշխող քաղաքական ուժերը դեմ են եղել, որ իրենց խմբակցությունից պատգամավորներ դուրս գան, բայց այնուամենայնիվ դա միշտ էլ տեղի է ունեցել, և այդ կանխումն այդքան էլ չի հաջողվել: Եթե պատգամավորը որոշել է, որ դուրս է գալու, ուրեմն ինքը դուրս կգա: Այսինքն՝ կարող ես դու մեկ-երկուսին կանխել, բայց երևույթի դեմն առնել դու չես կարող»: