Գերեվարված շիրակցիների մեկնումը Նիկոլ Փաշինյանի անունից Կարեն Սարուխանյա՞նն է կազմակերպել. ինչո՞ւ չստացվեց նրա հետ մեր զրույցը

Երեկվանից ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են` 3 օր առաջ` դեկտեմբերի 12-ին, ևս 100 հոգու են գերեվարել։ Հետագայում այդ թիվը մեծացավ` հասնելով շուրջ 150-ի:  ՀՀ Պաշտպանության նախարարությունն ըստ էության ասաց, որ պատասխան են սպասում Արցախի Պաշտպանության բանակից, իսկ այնտեղից էլ ասացին, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի ուղղությամբ:

«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար»,- գրված էր ՊԲ պարզաբանման մեջ:

Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ գերիների մեծ մասը Շիրակի մարզից են:

Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, ովքեր տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա էին  իրականացնում: Նրանք ԳԱԼԱ-ինհայտնել էին, որ ադրբեջանցիների տարածած տեսանյութերում տեսել և ճանաչել են իրենց հարազատ երիտասարդներին, ովքեր գերեվարվել են ադրբեջանական ԶՈւ կողմից:

Գերիների հարազատները Ճանապարհներ էին փակել մարզի տարբեր համայնքներում՝ Քեթիում, Ազատանում, Աշոցքում: Բողոքող բնակիչները հայտնել էին, որ գերիներ կան Շիրակի մարզի տարբեր գյուղերից՝ Քեթիից, Ազատանից, Զույգաղբյուրից, Մուսայելյանից, Սալուտից, Վարդաղբյուրից և այլն:

Նշվում է, որ գերեվարված երիտասարդները հիմնականում ՄՈԲ ռեսուրսից են: Հարազատները հայտնել են, որ նրանք հսկել են Լիսագորի, Խծաբերդի, Հին Շենի և այլ գյուղերի պաշտպանական բնագծերը:

3 օր հեռաձայնելուց և տեղեկություն չունենալուց հետո հարազատները տղաներին տեսել են ադրբեջանական տեսանյութերում:

Ըստ տարբեր տեղեկությունների` շիրակցի կամավորականների մեջ, ովքեր գերի են ընկել Խծաբերդի հատվածում, կան ՏԻՄ պաշտոնյաներ։

Այդ պաշտոնյաների թվում են Ամասիա խոշորացված համայնքի Մեղրաշատ բնակավայրի վարչական պատասխանատու Վահրամ Սաղաթելյանը, կան նաև այլ վարչական ղեկավարներ և դպրոցի տնօրեններ։

168.am-ին այս առնչությամբ տեղեկություններ հասան, որ Շիրակի մարզից գերի ընկած տղաների Արցախ մեկնումը կազմակերպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Շիրակի մարզը ներկայացնող Կարեն Սարուխանյանը, ով նրանց հավաքագրել է Նիկոլ Փաշինյանի անունից:

Մեզ ասացին նաև, որ այս պահին գերի ընկածների հարազատները փնտրում են Կարեն Սարուխանյանին` նրանից պահանջելու իրենց տղաներին: Նշեցին նաև, որ տղաները 3 օր առաջ կապ են հաստատել պատգամավորի հետ, ասել, որ զինամթերք չունեն, և, որ շրջափակման մեջ են, բայց վերջինս, փաստորեն, որևէ քայլ չի ձեռնարկել:

168.am-ը կապ հաստատեց պատգամավորի հետ` ցանկանալով ճշտել մեզ հասած տեղեկությունները:

– Լուրեր են պտտվում, որ Դուք եք կազմակերպել գերի ընկած տղաների Արցախ մեկնումը Նիկոլ Փաշինյանի անունից: Իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ:

– Ոչ, չի համապատասխանում:

– Այսինքն` Դուք այդ տղաների` Արցախ մեկնելու հետ կապ չունե՞ք:

– Ես ճանաչում եմ իրենց:

– Ես չեմ հարցնում` Դուք ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ: Ասում եմ` Դուք կապ ունե՞ք նրանց` Արցախ մեկնելու հետ: Կազմակերպե՞լ եք իրենց մեկնումը:

– Ո՞ր տղաների մասին է խոսքը: Դուք հասկանո՞ւմ եք` ի՞նչ եք հարցնում:

– Այո, ես հասկանում եմ` ինչ եմ հարցնում: Հիմա որ գերի են ընկել, Շիրակի մարզից են մեկնել:

– Կոնկրետ որո՞նց մասին է խոսքը:

– Որոնք որ այս պահին Շիրակի մարզից գերի են ընկել:

– Ձեզ ո՞վ ասաց` գերի են ընկած:

– Դուք ունեք տվյալ, որ գերի չե՞ն ընկել:

– Դուք ունե՞ք տվյալ, որ գերի են ընկած, որտեղի՞ց ունեք:

– Ես ունեմ տվյալ, որ Պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը որևէ տվյալ չեն հաղորդում:

– Հայտարարե՞լ են, որ գերի են ընկած: Նման բաներ միք խոսեք, միք զանգեք էլ….

Կարեն Սարուխանյանը, էթիկայի մաստեր-կլաս ցուցաբերելով, անջատեց հեռախոսը, և մենք հնարավորություն չունեցանք նրան ասելու, որ այդ տղաների հարազատները գերի ընկածներին ճանաչել են ադրբեջանական տեսանյութերում, չկարողացանք ճշտել նաև, թե ինչո՞ւ է խուսափում նրանց հարազատների հետ հանդիպումից, և, ի վերջո, ինչո՞ւ այն դեպքում, երբ զրույցի ամենասկզբից ասել էինք, որ խոսքը գերի ընկած շիրակցիների մասին է, նա հանկարծ կեսից հասկացավ` ինչի մասին ենք խոսում, ու խուճապի մատնված` սկսեց խուսափել նաև հարցերին կոնկրետ պատասխանելուց և, ի վերջո, անջատեց հեռախոսը: Բնականաբար, հնարավորություն չունեցանք ճշտելու նաև մյուս տեղեկությունները:

Տեսանյութեր

Լրահոս