
Մի անձի դիկտատուրա է. լավ կադրեր կան, ի՛ր հետ չեն ուզում աշխատել. տնտեսությունը կոլապսի մեջ է, անվտանգություն, կանխատեսելիություն չկա, որևէ լուրջ ներդրում այսօր Հայաստանում լինել չի կարող. Դավիթ Անանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին ղեկավար, տնտեսագետ Դավիթ Անանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Օտարերկրյա որևէ լուրջ ներդրողի համար Հայաստան գալու տնտեսական ու ներդրումային նպատակն անհասկանալի կլինի, որովհետև ներդրումային դաշտը ենթադրում է մակրոտնտեսական դաշտի կանխատեսելիություն և արտաքին անվտանգային միջավայր։ Հետևաբար՝ որևէ լուրջ ներդրում այսօր Հայաստանում լինել չի կարող։ Իրական օտարերկրյա լուրջ ներդրումներ, վերջին մի քանի տարիներին նշածս հանգամանքները հաշվի առնելով՝ մենք չունենք։
- Մակրոտնտեսական կանխատեսելիությանը պետք է գումարել նաև քաղաքական կանխատեսելիությունը։ Եթե դու՝ որպես ղեկավար, ժամանակ առ ժամանակ քո խոսույթում փոխում ես քո արտաքին քաղաքական կողմնորոշումը, միջազգային հանրությունը որևէ կանխատեսելի պատկեր չի տեսնում, չի տեսնում մի երկիր, որի առաջ շարժվելու ուղղությունը հայտնի է։ Օտարերկրյա ներդրողն այս պայմաններում ռիսկի տակ չի դնի իր կապիտալը։
- Ստեպ-ստեպ խոսույթներ փոխելով՝ դեմքը տարբեր դերակատարներին դարձնելը միայն անձնական երաշխավորներ փնտրելուն է ուղղված, պետության հետ կապ չունի։ Մենք՝ որպես երկիր, անկանխատեսելի ենք արտաքին աշխարհի համար։
- Որևէ քաղաքական և տնտեսական ինտեգրացիա դեկլարատիվ բնույթ չի կրում։ Դրան նախորդում է տնային աշխատանք, բանակցություններ, համաձայնությունների ձեռքբերում, ապա՝ իրավակարգավորումների սաղմնային մեկնարկ… Մենք վերջից ենք սկսում։ Իշխանություններն այսօր ասում են՝ գնում ենք Եվրոպա։ Է հետո՞… Մեզ սպասո՞ւմ են Եվրոպայում… Իհարկե, ո՛չ։
- ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը կիսով չափ կրճատվել է։ Ոսկու թեման այլևս չկա։ Բայց անգամ այս պայմաններում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը մեր տնտեսության 36%-ն է կազմում, մինչդեռ Եվրոպայի հետ՝ 10% է:
- Համաձայն եմ, որ կադրային ճգնաժամ կա, բայց իրենց հետ համագործակցողների կադրային ճգնաժամ կա: Եթե մեկ անձ զավթել է իշխանությունը, և մեկ անձի դիկտատուրա է, որևէ մեկը չի կարող այս պայմաններում աշխատել այդ իշխանության հետ։ Մասնագետն ինքը պիտի լինի ասողը, ոչ թե այդ անձը: Եթե իշխանության մեջ պաշտոնյան չունի ավարտական դիպլոմ, ինձ համար ցուցիչ է։ Ու երբ այդ դիպլոմ չունեցող մարդը մի շարք դիպլոմներ ունեցող մասնագետների վերաբերյալ դատողություններ է անում, ծիծաղելի է։ Այդ նույն մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, մի առիթով ասել էր՝ Հայաստանում լուրջ տնտեսագետներ չկան։
Հիշեցնենք, օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է.
«Մարդկային ռեսուրսի ճգնաժամ է… Ով առավոտը քնից վեր է կենում, ասում է` ՀՀ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում… Է հա, քանի որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, ու դա նրանից է, որ բնակավայրերի 70 տոկոսից ավելիում մանկապարտեզ չկա»:
«Դրան ասեք, որ երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ չկա… պարզապես մարդիկ վաղուց արդեն հասկացել են, որ քեզ հետ աշխատելն ու ասոցիացվելը «զապադլո» է: Մարդիկ հասկանում են, որ վաղ թե ուշ այս բարդակն ավարտվելու է և իրենք այդ ժամանակ «իզգոյ» չեն լինի»»,- դրան ի պատասխան՝ Ֆեյսբուքում գրել էր քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:
- Եթե ես աշխատանքից դուրս չգայի 2020թ․ հունիսին, ապա հաստատ դուրս էի գալու 2020թ․ նոյեմբերի 10-ին։ Սա արդեն քաղաքակրթական ընտրություն էր։ Բայց իմ աշխատած ժամանակաշրջանում ես մասնագիտական այդ խնդիրը չեմ ունեցել։ Գոնե էն ժամանակ կար ազատ խոսք, կամք արտահայտելու ու դրա հետևից գնալու պատրաստակամություն։ 2018թ․ կառավարությունն ու հիմիկվանը սարերի ու ձորերի տարբերություն էր։ Մենք չէինք կանգնում ոտքի, երբ կառավարության նիստը սկսվում էր։ Ինչ-որ պահից հետո բոլորը սկսեցին ոտքի կանգնել, երբ այդ անձը մտնում է կառավարության նիստերի դահլիճ։
- Պաշտոնեական փոխհարաբերություններում անձնապաշտությունն անթույլատրելի է։ Ես եղել եմ ֆինանսների փոխնախագահ ՀՀԿ-ի կառավարման օրոք։ Իմ կաբինետում փակցված է եղել նախագահ Սերժ Սարգսյանի նկարը, ինչպես արարողակարգով ընդունված էր, սակայն ես չեմ հանել այն։ Բայց երբ մտել եմ ՊԵԿ նախագահի աշխատասենյակ, իշխանությունն արդեն փոխվել էր, ես հանել եմ 3-րդ նախագահի լուսանկարը, բայց փոխարենը Նիկոլ Փաշինյանինը չեմ կախել։
- Իմփիչմենթի գործընթացն իրագործելի չէ։ Իրագործելի կլինի այն ժամանակ, երբ այսօրվա իշխող խմբակցությունում կլինեն պատգամավորներ, ովքեր կմիանան այդ գործընթացին։ Քանի դեռ նման տվյալներ չկան, մենք չենք կարող ասել, որ դա իրագործելի է։ Հիշե՛ք, որ Բագրատ սրբազանն էլ հայտարարեց իմփիչմենթի գործընթացի մեկնարկի մասին։ Բայց այդ 36 ընդդիմադիր պատգամավորները չկարողացան բավարար ձայներ հավաքել։ Իմ ասած ժամանակի ու հիմիկվա միջև, իհարկե, տարբերություն կա, նաև հասարակության ու քաղաքական ուժերի տրամադրությունների առումով, բայց ես այսօր էլ չեմ տեսնում մարդիկ, ովքեր կմիանան դրան։ Պետք է լինել պրագմատիկ։ ԱԺ-ում 36 ընդդիմադիր պատգամավորների քանակը 57-ից մեծ չէ։
- Էմոցիոնալ առումով իմփիչմենթի գործընթացի մեկնարկը կարող է թրիգեր լինել։ Քանի որ մենք՝ որպես ազգ, իռացիոնալ ենք, ուրիշ ձև ենք մտածում, կյանքի նկատմամբ այլ պատկերացումներ ունենք, ցանկացած գործընթաց, ինչպես, օրինակ, իմփիչմենթը, որն էմոցիալ առումով կարող է բերել հանրային ընդվզման մեկնարկի, կարելի է և պետք է նախաձեռնել։
- Ապրիլի 16-ը՝ Գյումրու քաղաքապետի ընտրության օրը, նույնպես կարող է որոշակի իրադարձությունների զարգացման պարագայում՝ բերել ըմբոստության ալիքի մեկնարկի, արցախցիների իրավունքների պաշտպանության նախաձեռնած գործողությունները՝ նույնպես։ Այնպես որ, իմփիչմենթի գործընթացը չի կարող վնաս բերել։ Եթե վնաս լինի էլ, ապա միայն էմոցիոնալ, եթե չստացվի, բայց ցանկացած օրինական քաղաքական գործընթաց միայն ողջունելի է։
- Մենք այսօր ապրում ենք մի իրականության մեջ, երբ մի ձեռքը չգիտի՝ ինչ է անում մյուսը… այսօր տնտեսական, սոցիալ-տնտեսական մշակութային ցանկացած օրենք հետողորմեա է լինում, երբ լինում է ընդվզում։ Նույնն է շրջհարկի օրենքի պարագայում։ Բյուջեի վրա լրացուցիչ բեռ դնելով, 7.3 միլիարդ տրամադրելով՝ ընդամենը կրակմարիչի՝ огнетушитель-ի ֆունկցիա են կատարում՝ բողոքի, ընդվզման հնարավոր ալիքները կանխելու համար։ Տնտեսությունը կոլապսի մեջ է։ Երբ դու ունես տնտեսության անկում, բայց հարկային մարմինը ցույց է տալիս հարկերի գերակատարում, դա միայն վնասում է քո տնտեսությանը։ Հարկային մարմինն իր գործն է անում, բայց տնտեսությունդ չի աշխատում: Քաղաքական իշխանության նկատմամբ կա տոտալ անվստահություն։
- Իրանի հետ զորավարժությունները ողջունելի են։ Այս առումով ես շնորհակալություն եմ հայտնում Իրանի բարեկամ երկրին, որովհետև իրենք ըստ էության զորավարժություն են հրահրում՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված ճարտարապետությունը քանդելու նպատակով։ Ես հավատում եմ նրան, ինչ տեսնում եմ Իրանի կողմից։ Իրանը տարածաշրջանային մեսիջներ է փոխանցում, ու ես հավատում եմ դրան։
Մանրամասները՝ տեսանյութում։